ԿարևորՔաղաքական

ԳՄ բոլոր անդամները համաձայն են վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդի նիստում  ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՀ Սահմանադրության համաձայն, իշխող քաղաքական ուժը պետք է ներկայացնի ՀՀ խորհրդարանական համակարգում վարչապետի անունը։ Այսօր վերջապես ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Կարծում եմ՝ պարզ է, թե ով է լինելու, քանի որ այլ անուն չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել։ Մենք բոլորս վստահում ենք ՀՀԿ նախագահին, և Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է հավանություն»,- ասաց նա:

Deputy Speaker of the RA National Assembly Eduard Sharmazanov gave a press conference at the RA Central Electoral Committee

Այսպիսով, ըստ նրա, վարչապետի թեկնածուի անունը պաշտոնապես կհայտարարվի  ՀՀԿ խորհրդի նիստում:

ԱԺ փոխնախագահը նաև հայտնեց, որ չեն քննարկել առաջին փոխվարչապետի, փոխվարչապետերի թեկնածության հարցերը:

Էդուարդ Շարմազանովը նշեց նաև, որ ԳՄ նիստի ընթացքում ամփոփվել է նախագահ Սերժ Սարգսյանի 10 տարվա կառավարման գործունեությունը:

«Այդ 10 տարիները մարտահրավերներով լի են եղել, բայց միևնույն ժամանակ պետականաշինության, անվտանգության ամրապնդման տարիներ են եղել: Դժվար է գնահատել նրա ներդրումները ՀՀ անվտանգության ամրապնադման գործում»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ, բնականաբար, եղել են նաև թերություններ,բաց թողումներ, բայց  ակնհայտ է, որ 2008-ի և 2018 թթ-ի Հայաստանը տարբեր է թե ժողովրդավարության զարգացման առումով, թե անվտանգության ամրապնդման,  մարդու իրավունքների պաշտպանության, արտաքին քաղաքականության, թե արցախյան հարցի ինքնորոշման իրավունքի ամրապնդման առումով:

Back to top button