Մշակույթ

Հարութ Փամբուկչյանը՝ ժամանակակից Երեւանի, ժամանակակից երաժշտության եւ ապագայի մասին

Հարութ Փամբուկչյանին կամ նույն  Ձախ Հարութին մենք հանդիպեցինք երեկոյան Երևանի փողոցներից մեկում զբոսնելիս: Ու, ինչպես լինում է նման դեպքերում, մոտեցանք ու սկսեցինք զրուցել նրա հետ։ Այդ կարճ ժամանակահատվածում  հասցրեցինք ասել, որ նա եղել է մեզանից ավագների ժամանակաշրջանի երգիչը, հետո արդեն՝ մերը: Նոր սերունդն էլ այսօր շարունակում է  լսել նրան։ Հետո զրույցն այնքան ջերմ ստացվեց, որ նրան հրավիրեցինք Հանրային ռադիո։ Չմերժեց։ Արդեն ռադիոյում պատմեց, որ տարիներ առաջ  մեր եթերում իր երգերը չէին հնչում, ասում էին՝ ցածրաճաշակ են.

Սակայն տարիներ հետո արգելքը վերացավ, ու իր երգերը ապրում են մինչ օրս: Խոստովանում է, որ իր համար էլ զարմանալի է, երբ փողոցում իրեն մոտենում է 16- 17 տարեկան աղջնակները:

Երգչի հետ մեր զրույցը սկսում ենք  հենց այդ նոտայից, թե ինչպես է  հաջողվել դառնալ մի քանի սերունդների երգիչ.  ժպտում է, հավելում, որ ամեն անգամ, երբ իրեն մոտենում են փողոցում, մշակութային որևէ օջախում, արդեն  կանխազգում է, թե ինչ պետք է ասեն։ Այն, որ  մենք սիրահարվել ենք ձեր երգերի ներքո, կամ մեր սիրո պատմությունը սկսվեց ձեր երգերից  և այլն: Ասում է, որ իր երգերը պարզ են ու անկեղծ, դրա համար էլ այսքան երկար կյանք ունեն: Հարութն ասում է, որ այսօր երգում են ամեն ինչի մասին, երգեր կան, որոնց մեջ բացասականը շատ  է, որը միայն ազդում է մարդկանց նյարդերի վրա։

Ինչպիսին է այսօրվա Երեւանը՝ հարցնում ենք։ Իր մանկության Երևանը այսօր շատ է փոխվել, որոշ ճարտարապետական շինություններ անգամ նյարդայնացնում են, քաղաքի կենտրոնում կարող են հայտնվել շենքեր, որոնք բոլորովին կապ չունեն այդ տարածքի ու ճարտարապետության հետ: Օրինակ նույն ԱՄՆ-ն, որ համարվում է շատ ազատ երկիր, պարզապես իրավունք չունես ինչ շինություն ցանկանաս կառուցես, անպայման պետք է համապատասխանի կողքի կառույցների հետ՝ ասում է։

Բայց ամենաշատը նրա վրա ազդում է մարդկանց սոցիալական վիճակը, միեւնույն ժամանակ հավատով է նայում ապագային, հայ ժողովուրդը այս փուլն էլ կհաղթահարի՝ շեշտում է։

Back to top button