Հասարակություն

Սամվել Բաբայանը միջնորդել է հարցաքննել «Իգլա»-ն Վրաստանից Հայաստան տեղափողողին

ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի բողոքի քննությունը։ «Իգլայի» և «փողերի լվացման» համար անցած տարվա նոյեմբերի 28- ին 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ պաշտպանության  բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Արտաշես Քալաշյանը պնդել  է, որ  Բաբայանի՝ «Իգլա»-ի հետ միակ առնչությունն այն է, որ զենքի մասին կարծիք է հայտնել։ 

Նրա  համոզմամբ՝ Բաբայանի հեռախոսազանգերի գաղտնալսումները ևս  չեն հիմնավորել  նրա մեղքը: Սամվել Բաբայանն էլ միջնորդել է դատարանում հարցաքննել Ռոբերտ Աղվանյանին, որը ձեռնարկել էր «Իգլա»-ի տեղափոխումը Վրաստանից:

 

6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը հայտարարեց՝ որևէ հանցագործություն չի կատարել և վերաքննիչ դատարան չի եկել՝ պաշտպանվելու համար:  Պարզապես այդ ժամանակ քաղաքական ջերմաստիճանը բարձ է եղել, որոշել են իրեն մեղադրել։ Դատարանը քննում է Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում է բեկանել իր հանդեպ վերոնշյալ դատավճիռը:

«Ես չեմ եկել այստեղ պաշտպանվելու, պաշտպանվելու կարիք չկա, որովհետև ես հանցագործություն չեմ կատարել` դա առաջին: Իսկ  հետո փորձեմ դա փաստերով ապացուցել, որ դա իրոք ես չեմ արել և որևէ կապ չունեմ նրա հետ, ինչ ասում են առաջին ատյանը և պետական մեղադրողը: Եվ ասեմ, որ ես իմ ձայնագրություններից չեմ հրաժարվել, ոչ մի ստորակետից»

Սամվել Բաբայանը բողոքի քննող երեք դատավորներից պահանջեց, որ դատարան բերվի և հարցաքննվի Ռոբերտ Աղվանյանը, որը, ըստ գործում առկա նյութերի, ձեռնարկել է «Իգլայի» տեղափոխումը Վրաստանից Հայաստան:

Բաբայանը կրկին պնդեց, որ «Իգլան» իրականում եղել է Հայաստանում, և նախաքննական մարմինը պետք է պարզի՝ իրականում ումի՞ց և ինչպե՞ս է «դուրս եկել» այդ զենքը:  Այնուհետ Բաբայանը հիշատակեց գործով վկա Հրաչյա Մայիլյանին. «Նա ավելի ծանր մեղադրանքով ազատության մեջ է, իսկ ես՝ նստած»,- ասաց։

Նշենք, որ Հրաչյա Մայիլյանն է ԱԱԾ-ին  հանձնել զենքը և պատմել, թե ինչպես է այն ձեռք բերել: Մյուս ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Կիրակոսյանն էլ հայտարարեց, թե առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատաիրավական խախտումներ, ինչի արդյունքում էլ արդարացի վճիռ չի կայացել:

Ամբաստանյալ Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, թե իր նպատակը եղել է բանակին օգնելը, բայց հետո հասկացել է, որ «ներքին օրգանների հետ կարող է խնդիր ունենալ եւ հրաժարվել է», Դատավոր Մխիթար Պապոյանը հարցրեց Արմեն Պողոսյանին, թե ինչու էր ստանձնել պաշտպանություն նախարարության գործառույթը,  եթե հրաժարվել էր այդ գաղափարից՝ ի՞նչու էր  ՕՐՕ դաշինքի բուկլետը  դրել «Իգլայի» վրա, լուսանկարել, պատճառը ո՞րն է եղել:

Ի պատասխան՝ Պողոսյանն ասաց, որ Սանասար Գաբրիելյանը հանկարծ չմտածի համացանցից քաշած նկար է:

Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել եւ պահել, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հաջորդ դատական նիստում վերաքննիչ բողոքներին կպատասխանի արդեն դատախազ Արամ Արամյանը:

Back to top button