Հասարակություն

Արմեն Բիլյանը դադարեցրել է հացադուլը

«ՊՊԾ գունդը» գրաված Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և  իր դիմումի համաձայն դադարեցրել հացադուլը: Արմեն Բիլյանից  բացի, 20 օրից ավելի է, ինչ հացադուլի մեջ է Սմբատ Բարսեղյանը։ Նրանք պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Ասում են՝ « Նուբարշեն» ՔԿՀ-ում իրենց կյանքին ու առողջությանը վտանգ է  սպառնում:

Սակայն  ՔԿՀ տարածած հաղորդագրությունում նշված է, որ Ա. Բիլյանի մոտ չեն ախտորոշել այնպիսի առողջական խնդիրներ, որոնք համատեղելի չեն «Նուբարաշեն» ՔԿՀ խցային պայմաններում վերջինիս պահելու հետ։

Հացադուլի ողջ ընթացքում նա մշտապես գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ բուժանձնակազմի հսկողության տակ: Ընդ որում, ծառայության կողմից բազմիցս հայտարարվել է նաև, որ առողջական խնդիրներով պայմանավորված` կալանավորված անձի տեղափոխությունը մեկ հիմնարկից մյուսը հիմնավորված չէ. երկու հիմնարկների` բժշկական օգնություն ցուցաբերելու պայմանները նույնական են, իսկ այն առողջական խնդիրները, որոնք լուծելի չեն քրեակատարողական հիմնարկների բուժմասերում, կարող են լուծվել միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կամ քաղաքացիական բուժհաստատություններում՝ ասված է ՔԿՀ հաղորդագրության մեջ։

Դեռ կեսօրին Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանն ասում էր, որ մինչև պաշտպանյալի պահանջները չբավարարվեն, նա հացադուլը չի դադարեցնի:

Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի  իրավապաշտպան  Նինա  Կարապետյանցը նշում է, որ ի սկզբանե իրենց չի թույլատրվել մուտք գործել ՔԿՀ, մասնավորապես՝ հանդիպել խմբի անդամների հետ, հետևաբար՝ շատ անձիք այսօր տարածում են ապատեղեկատվություն։ Մասնավորապես՝ ՔԿՀ հաղորդագրությունը՝ կապված  Նուրաբաշենի  ՔԿՀ  պայմանների հետ՝  նա  ցինիզմ որակեց:

Ասոցիցացիայում պնդում են, որ Բիլյանը  ու Սմբատ Բասեղյանը  սկսել են հացադուլը  հենց այն պահից, երբ զգացել են, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում, ու նրանց չեն տեղափոխում Արմավիր ՔԿՀ-ը, քանի որ կա քաղաքական որոշում Սերժ Սարգսյանի կողմից։

Նշենք, որ  Արմեն Բիլյանը  ու  Սմբատ Բարսեղյանը մեղադրվում են նաև ոստիկանների սպանության մեջ:

Իսկ ահա  ՊՊԾ խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն այսօր բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ ՀՀ գլխավոր դատախազի անգործության դեմ: Պաշտպանյալը նշել է, որ դեռ  դեկտեմբերի 11-ին ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Հովհաննես Հարությունյանի նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի և նրա կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հետ, սակայն մինչ օրս Գլխավոր դատախազությունից որևէ արձագանք, որևէ պատասխան չի ստացել:

Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ պաշտպանի ներկայացրած դիմում- բողոքներին պատշաճ ժամանակահատվածում  պատասխան է  տրվել ու անհասկանալի է դառնում, թե ինչու է Հայարփի Սարգսյանը մեղադրում դատախազությանը անգործության մեջ:

Back to top button