Հասարակություն

4 եւ ավելի երեխաններ ունեցող ընտանիքներին հատուկ կարգավիճակ կտրվի


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Բազմազավակ ընտանիքի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով հատուկ կարգավիճակ կտրվի 4 եւ ավելի երեխաններ ունեցող ընտանիքներին: Կարգավիճակին զուգահեռ նաեւ կհստակեցվեն պետության կողմից հատկացվող արտոնությունները՝ ըստ ոլորտների:

Ի դեպ, խորհրդային կարգերի փլուզումից հետո բազմազավակ ընտանիքները զրկվեցին հատուկ կարգավիճակից, եւ այսօր ոչ միայն փորձ է արվում վերականգնել այն, այլեւ մինչ օրս հատկացվող նպաստներին զուգահեռ ապահովել ընտանիքի անդամների զբաղվածությունը: Օրենքի նախագիծն արդեն հանրային քննարկումների փուլում է:

Այսօր մեր երկրում բնակվում է 7400 բազմազավակ ընտանիք՝ 4 եւ ավելի երեխաներով, որոնցից 6400 նպաստառու են եւ ստանում են ամսական շուրջ 7 հազար 400-ից մինչեւ 6 հազար 400 դրամ: Ըստ գրված եւ չգրված կանոնների, բազմազավակ ընտանիքները հիմնականում անապահով են լինում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը կարծում է, որ «Բազմազավակ ընտանիքների կարգավիճակի մասին» օրինագծով փորձ է արվելու նպաստից անցում կատարել ընտանեկան զբաղվածության ապահովմանը: Այսինքն՝ պետության աջակցությամբ տրամադրվելու են  տարբեր նպատակների համար նախատեսված վարկեր՝ ինքնազբաղության, սեփական կարիքները հոգալու, ինչպես նաեւ հիփոթեք մասին:

«Մարդն ապահով է, մարդն աղքատ է, մենք առաջարկում ենք որոշակի տեսակներ, կամ նպաստից դեպի զբաղվածություն: Զբաղվածության ինչպես ինքնազբաղվածության, քաղաքային այնպես էլ գյուղական բանակավայրերում առաջարկվում է աջակցության որոշակի տեսակներ ընտանեկան բիզնեսի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի, անասունների ձեռքբերման նպատակով արտոնյալ վարկերի տրամադրում:  Եթե ասում ենք արտոնյալ, ուրեմն այն հիփոթեկը, որն առաջարկվելու է արմատապես լինելու է այլ բան»:

Այսպիսով` ինքնազբաղվածության եւ կացարանի բարելավման պայմանների համար առաջարկվում են արտոնյալ վարկեր։ Մեկ այլ վիճակագրությամբ՝ 7400 բազամազավակ ընտանիքից 7000-ը բնակվում են գերբեռնված կացարաններում։ Եթե հաշվի առնենք մեր երկրի սոցիալ- տնտեսական վիճակը ու շատ եւ շատ ընտանիքների՝ վարկային բեռով, արդյո՞ք արտոնյալ այս վարկերը բազմազավակ ընտանիքներին եւս չի դնի վարկային ծանր բեռի տակ։

«Օրենքի շրջանակներում ընտանիքի այդ խումբը կգտնվի որոշակի աջակցության եւ երաշխիքի շրջանակում: Եթե ասում ենք նպաստից անցում զբաղվածություն՝ նշանակում է՝ նպաստ կարող ենք տալ անվերջ։ Որքան նպաստ տալ, որ ընտանիքը դառնա ինքնաբավ: Միջին բազմազավակ ընտանիքը մոտավորապես ստանում է ամսական 40 -50 հազար: 200 հազարը կարող է խնդիր լուծել, բայց այն բավականին մեծ գումար է: Այս օրենքով չի նշանակում, որ նման ընտանիքները զրկվում են նպաստից, դա իրենց իրավունքն է: Իսկ եթե դառնում է ընտանիքը զբաղված, բնականաբար չի ստանա»:

Նախագծով նախատեսվում է նաեւ բազմազավակ ընտանիքների անդամների համար սահմանել անվճար, արտոնյալ առողջապահական եւ կրթական աջակցություն:  Առողջապահական ծառայությունների ուղղությունները դեռ անորոշ են, իսկ կրթականի պարագայում նախադպրոցական տարիքի երեխաների պարագայում կսահմանվի նախակրթարանի մինչեւ 50 տոկոսի վարձի զեղչման հնարավորություն, առանց հերթի ընդունում: Պետք է հաշվի առնել պետության հնարավորությունները եւ ընտանիքների կարիքները՝ հավելում է Վանիկ Բաբաջանյանը։

Back to top button