Հասարակություն

Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի առեղծվածը


Մինչ Երևան քաղաքում շատանում են երթևեկությունը կարգավորող նշաններն ու խախտումները նկարահանող տեսախցիկները, որոշ խաչմերուկներում երթևեկության կանոնները ոչ միայն ոտնահարվում են ամեն րոպե, այլև անգամ տվյալ հատվածում տեսախցիկ տեղադրելու քաղաքացիների խնդրանքն է անտեսվում:

Տարիներ շարունակ Երեւանի կենտրոնում՝ Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկը, կարծես, անուշադրության է մատնված պատկան մարմինների կողմից: Անգամ ՃՈ տեսուչներն այդ հատվածով շատ արագ են անցնում, որ չնկատեն խախտումները: Եթե այդ հատվածում նշմարվում է կարգը  պահպանող ՃՈ տեսուչ, ուրեմն ընդամենը հերթական վթարն է տեղի ունեցել:

Իսկ թե որն է այդ վթարների հիմնական պատճառը, ՃՈ տեսուչները կամ իսկապես չեն տեսնում, կամ էլ պարզապես չեն ցանկանում ավելորդ գլխացավանքի տակ ընկնել: 

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը քաղաքացիների ահազանգի հիման վրա հոկտեմբերի 31-ին դիմել է ՃՈ պետ Էգոր Կարապետյանին: Ավագանու անդամը  ՃՈ ուշադրությունն է հրավիրել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ գտնվող Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի վրա, որտեղ, չնայած երթևեկության բոլոր նշանների առկայությանը, դրանք կոպտորեն ոտնահարվում են:

Արգելված հատվածներում կայանված մեքենաների ու դրա հետևանքով  տեսադաշտի բացակայության պատճառով վթարային իրավիճակ է ստեղծվում: Անգամ կանգառն է զբաղեցված մեքենաներով, ինչն արգելում է հասարակական տրանսպորտի մուտքը: Ի դեպ՝ երթևեկության կանոնները կոպտորեն ոտնահարվում են ոչ ավելի, ոչ պակաս հենց ոստիկանության մեքենաների կողմից:

Անահիտ Բախշյանը ՃՈ պետին խնդրել է լուծում գտնել՝ այդ իրավիճակից դուրս գալու համար։ Անհրաժեշտության դեպքում՝ կարգ ու կանոն հաստատելու նպատակով առաջարկել է տեսախցիկ տեղադրել այդ հատվածում: Կից ներկայացրել է նաև մտահոգությունը փաստող լուսանկարներ:

Հենց նույն խաչմերուկի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել նաև «Ռադիոլուրը»: Փաստն արձանագրելու նպատակով մենք էլ ուղևորվեցինք քաղաքի այդ հատվածը: Եվ իսկապես՝ կայանումն արգելող նշաններից և ոչ մեկը չէր պահպանվում: Մեքենաները շարքով կայանած էին ինչպես  ստորգետնյա անցուղում, այնպես էլ  դրա վրա՝ մայթեզրին: Ավելին՝ խաչմերուկում մեքենաների վարորդները չէին սահմանափակվել մեկ շարքով, տեղ տեղ նկատելի էին անգամ 2 և նույնիսկ 3 շարքով կայանած մեքենաներ:

Ու սա այն դեպքում, երբ անգամ կայանած մեկ մեքենան է փակում տեսադաշտն ու վթարային իրավիճակ ստեղծում:

«Ռադիոլուրը» տեսածի մասին ահազանգեց ՃՈ թեժ գծին: Մեկ ժամ անց սակայն նույն իրավիճակն էր և ոչ մի ՃՈ մեքենա:

Մեր հաջորդ ահազանգին ՃՈ օպերատորը պատասխանեց, որ կարգախումբն արդեն մեկնել է, և շուտով կարգ ու կանոն կհաստատվի: Իհարկե, այդպես էլ նշված հատվածում հաջորդող ևս 2 ժամերի ընթացքում ոչ ՃՈ մեքենա, ոչ էլ տեսուչ  չհայտնվեց:

Ավելի ուշ «Ռադիոլուրը» հենց ՃՈ պետ Եգոր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված նման անտարբերությունը նշված խաչմերուկի հանդեպ:

Ժամկետների մասին, իհարկե, ՃՈ պետն այդպես էլ չխոսեց, հայտնեց, որ միայն տվյալ հատվածից օրական 2-3 մեքենա տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք:

Back to top button