Հայրիկյանը փորձել է դիմադրություն ցույց տալ


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ով առավոտյան Պարույր Հայրիկյանին հիվանդանոցում հանդիպելուց անմիջապես հետո հանդիպեց նաև լրագրողների հետ, զերծ մնաց կատարվածի հետ կապված ինչ- որ տեսակետ հնչեցնել: Քանի որ այժմ հետաքննություն է կատարվում, Արամ Հարությունյանը ճիշտ չի համարում նաև այլ վարկածները հերքելը կամ հաստատելը:
Ի դեպ՝ եթե նախագահի այս թեկնածուն մինչև հիմա գտնում էր, որ պետք է լինեն նոր ընտրություններ, ապա գիշերվա դեպքից հետո Արամ Հարությունյանը առավել քան վստահ է դրանում, առավել ևս, երբ ֆորմալ առումով արդեն խոչընդոտներ կան նախագահի թեկնածուի համար։
«Ժամանակը ցույց կտա։ Ես իմ տեսակետը ունեմ։ Ի վերջո՝ ունեմ նաև քաղաքական գործչի հոտառություն: Սպասենք, ժամանակը ցույց կտա, բայց որ քաղաքականության մեջ մի քայլանոց օպերացիաներ չեն լինում, սա հստակ է և դա ցույց է տալիս 87 թվից մինչև հիմա իմ ունեցած փորձը»,- ասաց նա։
Հայրիկյանի հետ հանդիպելիս Արամ Հարությունյանը շատ մանրամասն չի խոսել կատարվածի մասին, քանի որ իրեն այդ պահին շատ ավելի Հայրիկյանի ինքնազգացողությունն է հուզել: Բայց ,այնուամենայնիվ, պարզել է, որ ԱԻՄ առաջնորդը փորձել է դիմադրություն ցույց տալ, թեև, ինչպես նշեց, մահափորձ կատարողի դեմքը չի տեսել:
Ամեն դեպքում՝ այս ամենը Արամ Հարությունյանի համար կասկածելի է նաև այնքանով, որ, ի վերջո, Հայրիկյանը չի ամենաընդդիմադիր թեկնածուն:
«Վստահ եմ, որ սա լավ պլանավորված սցենար է։ Թե ում կողմից՝ ժամանակը ցույց կտա, հետաքննությունը ցույց կտա: Այս մահափորձը փոխեց իրավիճակ, և եթե նայում ենք, շատ դժվար է այն թեկնածուների համար, որոնք ծրագիր էին ներկայացնում, որոնք ինչ- որ մտքեր էին հայտնում»:
Ինչևէ՝ Արամ Հարությունյանը չի փոխում իր մարտավարությունը անգամ դեպքերի նման զարգացման պարագայում: Հանելու է իր թեկնածությունը իր ասած օրը և կոչ է անում մյուսներին էլ հետևել իր օրինակին: