Մշակույթ

Լոս Անջելեսում կայացել է արվեստի ամենամյա շոուն

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

Լոս Անջելեսի հեղինակավոր սրահներից մեկում կայացել է ամերիկյան մեգապոլիսի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը` Արվեստի ամենամյա շոուն: Այն կազմակերպվում է մոտ երկու տասնամյակ` ամեն անգամ Լոս Անջելես բերելով աշխարհր լավագույն արվեստագետներին: Արդեն երկրորդ տարին` արվեստի մեծ տոնին մասնակցում են նաև հայ արտիստներ:

Լոս Անջելեսի Convention կենտրոնում կայացած ամենամյա Արվեստի շոուն կրկին մեկտեղել էր աշխարհի լավագույն պատկերասրահները, որոնք ներկայացրին դասական և ժամանակակից արվեստի բացառիկ նմուշներ: Չինաստանից, Կորեայից, եվրոպական երկրներից, Ռուսաստանից ժամանած մասնակիցները 4 օրերի ընթացքում այցելուներին ներկայացրին տարբեր ժամանակաշրջանների և ստեղծագործական տարբեր ուղղությունների աշխատանքներ: Դրանք դիտելու համար Լոս Անջելես էին ժամանել տասնյակ հազարավոր արվեստասերներ` աշխարհի տարբեր երկրներից:
Արվեստի շոուն նրանց ներկայացրեց արվեստի այսօրվա դեմքը և ապագա զարգացման ուղղություններն ու միտումները` մեծահամբավ և սկսնակ արվեստագետների աչքերով: Արդեն 18-րդ անգամ կազմակերպվող` Արվեստի շոուին այս տարի ներկայացան երկու հայ արվեստագետներ` Էմիլ Գազազն ու Յուրոզը:

«Լոս Անջելեսը 21-րդ դարի Փարիզն է, և ճիշտ ինչպես 100 տարի առաջ Փարիզը դարձել էր մշակույթների խաչմերուկ, որտեղ հանդիպում էին տարբեր մարդիկ` նոր գաղափարներով, նույն կերպ այսօր Լոս Անջելեսն է դարձել մշակույթների հատման կետ, որտեղ ձևավորվում է աշխարհի վաղվա կերպարը: Այստեղ ես հայտնաբերեցի հայ մեծ արվեստագետ Գազազին», ասաց Արվեստի շոունի հյուրերից մեկը:

«Շատ հայ ընկերներ ունեմ, նրանց մեջ ընդհանուր մի բան կա. հրաշալի մարդ են ու նվիրված ընկեր, ընտանիքը նրանց համար ամենակարևորն է: Նկատեցի, որ Էմիլ Գազան էլ շրջապատված է այդ սիրով, ինչն արտահայտվում է նրա արվեստի մեջ: Հայ նկարիչները հրաշալի լրացնում են ամերիկյան արվեստի խայտաբղետ ներկապնակը», ասաց շոուի մասնակից արվեստագետներից մեկը:

Էմիլ Գազազի աշխատանքներին ԼԱ արվեստի շոուի մասնակիցները ծանոթ են դեռ նախորդ տարվանից: Այս տարի նա ներկայացավ միանգամից երկու պատկերասրահների կողմից` “ Մեկ մարդու ներկայացում” խորագիրը կրող մեծ տաղավարով, որը Արվեստի շոուի ամենամարդաշատ հատվածը դարձավ: Այստեղ էին նաև Էմիլ Գազազի ընկերները` դերասան Ժան Նշանյանը, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, արձակագիր խորեն Ամատունին:

Գյումեցի քանդակագործ, նկարիչ Էմիլ Գազազի համար տարին հոբելյանական է. նա նշում է ծննդյան 60-րդ հոբելյանը և ստեղծագործական գործունեության 35 ամյակը: Նա խոստովանում է, որ 35 տարիների ընթացքում ստեղծագործական բուռն շրջանները հաջորդել են իրար` առանց ընդմիջման, ու չնայած տարբեր արտահայտչամիջոցներին` փորձել է հարազատ մնալ ինքն իրեն: Այժմ ստեղծածն աշխարհին ներկայացնելու ժամանակն է: Լոս Անջելեսի Արվեստի շոուն` լավագույն վայրը ոչ միայն Էմիլ Գազազ անունը, այլև հայ ժամանակակից արվեստը աշխարհին ներկայացնելու համար:

Թողնել պատասխան

Back to top button