ԿարևորՏնտեսական

Չտարվել կրեդիտոմանիայիով, խորհուրդ է տալիս Բանկերի միության նախագահը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան բանկային համակարգը 2013 թվականը ետեւում է թողնում` զարգացումներ արձանագրելով բոլոր ուղղություններով` թե ավանդների, թե վարկերի, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նրա վստահեցմամբ`  անցյալ տարի 2011-ի համեմատ 0.4 տոկոսով նվազել է վարկերի չվերադարձելիության մակարդակը: Վատ» վարկերը կազմել են ընդհանուրի ընդամենը 3.6 տոկոսը։ Որպես համեմատություն` Օսիպյանն ընդգծեց, որ «Հայաստանն այս առումով շահեկանորեն տարբեր դիրքերում է. Ռուսաստանում, օրինակ, վարկերի չվերադարձելիության մակարդակը 8 տոկոս է, Վրաստանում` 12 տոկոս»։

Օսիպյանը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե չվերադարձվող գյուղվարկերի առումով խիստ մտահոգիչ պատկեր է արձանագրվում: Փոխարենը նա գերադասում է կոչ անել  չտարվել կրեդիտոմանիայիով: Միաժամանակ` Օսիպյանն ընդգծեց, որ անցյալ տարի կառավարության կողմից գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը դրական արդյունքներ է գրանցել:
Հայաստանի բանկերի միության նախագահի տեղեկացմամբ` այս տարի սպասվում է նոր ծրագիր. Գերմանական KFW բանկը պատրաստվում է գյուղվարկավորման ծրագիր իրականացնել: Նրա սպասելիքներն այս առումով լավատեսական են։
2012-ին Հայաստանում տրամադրվող վարկերի տոկոսադրույքները նվազման միտում են ցուցաբերել` միջինում 1 տոկոսով։
Ավանդների տոկոսադրույքը դրա հաշվին, սակայն, չի նվազել` մնալով նախորդ տարիների ցուցանիշից համեմատաբար բարձր: Փոխարենը՝ նշվածի հետեւանքով որոշակիորեն նվազել է բանկերի եկամտաբերությունը:
Այս ամենով հանդերձ, սակայն, Օսիպյանի փոխանցմամբ, հայաստանյան բոլոր 21 բանկերն էլ անցյալ տարի աշխատել են շահույթով: Դրանց ընդհանուր շահույթը 2011- ի համեմատ աճել է 15 տոկոսով` կազմելով 42 մլրդ դրամ, իսկ 100 ամենախոշոր հարկատուների թվում ընդգրկված է 11 բանկ։
Ինչ վերաբերում է ՊԵԿ-ի հայտարարությանը` այս տարվա ընթացքում մի քանի խոշոր բանկերում ստվերային ռիսկերի ստուգումներ անցկացնելու մասին, ապա, Աշոտ Օսիպյանի համոզմամբ, դինելու են ընթացիկ ստուգումներ: «Հայաստանի բանկերում ռիսկայնություն չկա»,- հայտարարեց Օսիպյանը:
2012 թվականին Հայաստանում դոլարիզացիայի բարձրացման մտահոգիչ ցուցանիշեր չեն արձանագրվել: ՀԲՄ նախագահի գնահատմամբ` դոլարի փոխարժեքը հիմնականում կայուն է եղել:
«Այս տարվա համար մեր կանխատեսումները եւս կայունության օգտին են: Մենք անգամ փոխարժեքի աճի դեպքում կողմ ենք սահուն փոփոխությունների»,- ընդգծեց Օսիպյանը:
Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված ARCA քարտային համակարգում նոր քարտեր չտրամադրելը եւ հները նորերով չփոխարիները, Աշոտ Օսիպյանը տեղեկացրեց, որ ժամանակավոր դժվարությունները պայմանավորված են համակարգում նորամուծությունների ներդրմամբ, «ինչը մեր բանկային համակարգին նոր որակ կհաղորդի, իսկ հաճախորդներին առավելություններ կտա»։

Թողնել պատասխան

Back to top button