Հասարակություն

Հայաստանը նախագահել է ՄԱԿ եւ մարդու իրավունքների տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության ընդլայնում» թեմայով սեմինարի աշխատանքային քննարկումը

Դեկտեմբերի 13-ին Հայաստանի պատվիրակությունը Ժնեւում ՄԱԿ գրասենյակում `ՄԱԿ եւ մարդու իրավունքների տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության ընդլայնում» թեմայով միջազգային սեմինարի ընթացքում  նախագահել է «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եւ հասարակական կազմակերպությունների դերը կանանց իրավունքների պաշտպանմանն ուղղված համատեղ գործողություններում» քննարկումը:

Սեմինարը կազմակերպվել էր Մարդու իրավունքների խորհրդի հինգ տարածաշրջանային խմբերը ներկայացնող Բելգիայի (արեւմտաեվրոպական խումբ), Հայաստանի (արեւելաեվրոպական խումբ), Թայլանդի (Ասիական խումբ), Մեքսիկայի (Լատինամերիկյան խումբ) եւ Սենեգալի (Աֆրիկայի խումբ) համատեղ համահեղինակած բանաձեւի շրջանակներում:

Իր բացման խոսքում ՀՀ ներակայացուցիչը նշել է, որ կանանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների խորհրդի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական եւ առաջնային նշանակության թեմաներից է` կարեւորելով հասարակական կազմակերպությունների եւ ազգային հաստատությունների դերը կանանց իրավունքերի պաշտպանության հարցում, ինչպես նաեւ ընդգծելով դրանց ու ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

Սեմինարին մասնակցել են ՄԱԿ-ի անդամ պետությունների, տարածաշրջանային կազմակերպությունների, ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի, պայմանագրային մարմինների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ներկայացուցիչներ: Սեմինարի երեք օրերի ընթացքում թեմատիկ քննարկումները նվիրված են եղել ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային մեխանիզմների միջեւ համագործակցության երեք ուղղությունների` տեղեկատվության փոխանակման, համատեղ գործունեության եւ նախկին հանձնառությունների կատարման համար կոնկրետ առաջարկությունների մշակմանը:

Թողնել պատասխան

Back to top button