ԿարևորՏնտեսական

Քաղաքաշինության ոլորտում խախտումները համատարած բնույթ են կրում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Նոր խախտումների բացահայտումներ քաղաքաշինության ոլորտում. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը պետական միջոցներով դպրոցների եւ մշակութային օջախների հիմնանորոգման 16 ծրագրերում խախտումներ է արձանագրել բոլոր 16-ում:
Մայրաքաղաքի և մարզերի 13 դպրոցում և մշակութային 3 օջախում ստուգումները պարզել են, որ պետության կողմից հիմնանորոգման համար տրամադրված 2,4 մլրդ դրամի շուրջ 25 տոկոսը` 670 մլն-ը, փոշիացվել է, ծախսվել ոչ նպատակային, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողական տեսչության պետ Սոնա Ղարիբյանը` ամփոփելով տեսչության բացահայտումները:
Մասնավորապես՝ միայն 109 մլն դրամի խախտումներ են արձանագրվել նախագծային-նախահաշվարկային փաստաթղթերի ուսումնասիրություններով։ 68 մլն դրամի չափով կապալառուն գումարը ստացել է, սակայն աշխատանք չի կատարել, մնացած 470 մլն դրամը ծախսվել է ոչ նպատակային կամ անորակ աշխատանք է կատարվե, ասաց Սոնա Ղարիբյանը։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ եղել են նաեւ սահմանված ժամկետերի խախտումներ, հիմնանորոգման աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպում: Որոշ տեղերում աշխատանքները սկսվել են առանց շենքերի սեյսմիկ վիճակը ստուգելու, պետք է կատարվեին ամրացման աշխատանքներ, հետո նոր միայն հիմնանորոգման աշխատանքներ: Դրա հետեւանքով տեղի է ունեցել պետական միջոցների փոշիացում, նույնիսկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում վերանորոգված դպրոցն է փլվել։ Այս երևույթը քաղաքաշինության ոլորտում համատարած բնույթ է կրում, չկա ընտրված որևիցե մի օբյեկտ, որտեղ խախտումներ չլինեին, հայտարարեց  Սոնա Ղարիբյանը:

Ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը: Սոնա Ղարիբյանն ընդգծում է, որ ամեն դեպքում պատասխանատվությունը կրում են կապալառու շինարարական ընկերությունները: Նրանք պարտավորվում են ամբողջությամբ վերականգնել փոշիացված միջոցները:
Արդյո՞ք այդ ամենն ի սկզբանե աշխատանքների ոչ ճիշտ կատարման հետեւանք չէ: Ինչո՞ւ նախապես չի հստակեցվում, թե ում է վստահվում նման կարեւոր աշխատանքների կատարումը եւ ինչո՞ւ ընթացքում ստուգումներ չեն իրականացվում՝ կանխելու հնարավոր ռիսկերը: Սոնա Ղարիբյանը որպես հարցի մասնակի հասցատեր մատնանշում է քաղաքաշինության նախարարությանը. այնտեղ են մրցույթներ հայտարարում, այնտեղ էլ զբաղվում ծրագրերի իրականացմամբ։
Արձանագրված խախտումների արդյունքում սահմանվել են առավել քան 23 մլն դրամի տույժեր: Ղարիբյանը հիշեցնում է, որ անցյալ տարի իրենց ստուգումներն առողջապահության, տրանսպորտի ու սոցիալական ապահովության ոլորտներում էին: Այս պահին ստուգւմներն ընթացքի մեջ են Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում: Դրանց արդյունքների մասին խոսելը ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետը վաղ է համարում, միայն նշում, որ «Նաիրիտ»-ը եւս ստուգումների շրջանակներում է: Այստեղ պարտքերի ճշգրտումներ են կատարվում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button