ԿարևորՀասարակություն

Ինժեներ, որը փոխեց աշխարհը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Երեւանում է Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը: Աշխարհում առաջին սենսորային պլանշետների եւ առաջին միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը Հայաստան է ժամանել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2012թ. մրցանակը ստանալու համար:
Մինչ ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը` ԵՊՃՀ այցի ժամանակ նրան շնորհվեց համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

«Ես չէի կարող պատկերացնելթե ինչ փոփոխություններ են առաջացնելու երեւան հանված նորարարությունները, եւ որ ավելի կարեւոր է` ես չէի կարող պատկերացնել դրանց սոցիալական ազդեցության մասին: Նորարարությունները ցույց տվեցին, որ ինժեներները կարող են ստեղծել նոր հարմարանքներ, բայց նրանք չեն էլ կարող պատկերացնել` ինչ է նշանակում ապրել այդ հարմարանքներով, որոնք իրենք են ստեղծել: Այդպես էր նաեւ իմ դեպքում»։

Ֆեդերիկո Ֆաջին

Հիշեցնեմ` ՀՀ նախագահի` Համաշխարհային ՏՏ մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանն ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում զարգացող կենտրոն լինելու իր հավակնությունը:

Դոկտոր Ֆաջինը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Նախորդ  դափնեկիրները` «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը և «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, Սերժ Սարգսյանի կողմից մրցանակով են պարգևատրվել համապատասխանաբար 2010 և 2011 թթ.-ին: Տ

Ֆեդերիկո Ֆաջինը ծնվել է 1941թ.-ին Իտալիայի Վիչենցա քաղաքում: Ընդամենը տասնինը տարեկանում նախագծել և կառուցել է փոքր փորձառական էլեկտրոնային համակարգիչ: Մի քանի տարի անց որպես առաջինն աշխարհում մշակել է առաջին ինտեգրալ սխեմաները:
Intel կորպորացիայում միկրոպրոցեսորների առաջին ստեղծողն է: Zilog ընկերությունում Ֆաջինը մշակել եւ նախագծել է Z80 միկրոպրոցեսորը: Այն երբևէ արտադրված ամենահաջող միկրոպրոցեսորն է, որն առկա է լայնածավալ արտադրության մեջ մինչեւ այսօր:
1982 թ.-ին Ֆաջինը մշակել է առաջին անհատական ինտեգրացված ձայնային և ոչ ձայնային տվյալների հաղորդակցման արտադրանքը: 1986թ.-ին համահիմնադրել է Synaptics ընկերությունը, որը մշակել է առաջին սենսորային պլանշետները, որոնք այժմ համատարած կիրառվում են նոթբուքերում և բջջային հեռախոսներում:
2003-2008թթ.-ին Ֆաջինը եղել է Foveon ընկերության տնօրեն, նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն: Դա այն ընկերությունն է, որը մշակել է բեկումնային տեխնոլոգիա լուսազգայուն մատրիցի համար:
2008թ.-ին Sigma Corporation-ը ձեռք է բերում Foveon ընկերությունը: Ներկայումս Ֆաջինը գիտակցության ուսումնասիրությամբ զբաղվող «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» շահույթ չհետապնդող հիմնադրամի նախագահն է։

Թողնել պատասխան

Back to top button