ԿարևորՏնտեսական

Դեկտեմբերի 10-ին «Արմթեք»-ը Սիլիկոնային հովտում կհավաքի բարձր տեխնոլոգիաների մասնագետներին

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»
ԱՄՆ

Հայաստանի վարչապետի հովանու ներքո, հաջորդ ամիս Սիլիկոնային հովտում կկայանա բարձր տեխնոլոգիաների ոլորտի հինգերորդ ամենամյա ԱրմԹեք համաժողովը: Արմթեք-12-ը երրորդ համաժողովն է, որն անցկացվում է Սիլիկոնյան հովտում: Այն նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Համաժողովը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի վարկանիշն` իբրև բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտ ունեցող երկիր:

Դեկտեմբերի 10-ին Արմթեք համաժողովը Սիլիկոնային հովտում կհավաքի բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայ և օտար մասնագետներին: Հերթական` հինգերորդ համաժողովը կկայանա Սթենֆորդի համալսարանում: Այստեղ կհանդիպեն բարձր տեխնոլոգիաների ոլորտին առնչվող երեք խմբի մասնագետներ` ակադեմիական, կառավարական և գործարար շրջանակներից: Նրանք Սիլիկոնային հովիտ կժամանեն ՀԱյաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Միջին արևելքի երկրներից, Ռուսաստանից: Կմասնակցեն նաև Ամերիկյան խոշոր և սկսնակ ըկերությունների ղեկավարներ և տարբեր համալսարանների շրջանավարտներ, հայտնեց «Վիասֆեր» տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը:

Սիլիկոնային հովտում Արմթեք համաժողովը կազմակերպվել է Հայաստանի կառավարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ընկերությունների ջանքերով: Համաժողովին մասնակցելու է Հայաստանի վարչապետը: Նա կներկայացնի երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների հնարավորությունները, գործարար միջավայրն ու թե որքան է այն կանխատեսելի` շահավետ բիզնես ծավալելու տեսանկյունից: Ըստ մասնագետների, ներդրողներն այսօր փնտրում են նոր տեխնոլոգիաներ, նոր շուկա և ճիշտ վայր: Հայաստանն ըստ Թոնի Մորոյանի, այդ առումով, նախընտրելի է` բարձր տեխնոլոգիաների ընկերությունների հաջողությամբ և որակյալ մասնագետներով:

Նախորդ 4 համաժողովներից հետո, ըստ Մորոյանի, Հայաստան են եկել և այսօր հաջողությամբ մի շարք ընկերություններ: Հերթական համաժողովից ակնկալում են, որ այդ շարքն առաջիկայում կընդլայնվի:

Թողնել պատասխան

Back to top button