ԿարևորՀասարակություն

Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի.վարչապետ

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա նիստն էլ նախորդի նման սկսվել է սննդի անվտանգության խնդիրներին անդրադարձ կատարվելով: Հիշեցնենք, որ գործադիր մարմնի նախորդ նիստի սկզբում սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հայտարարել էր , որ պանրի արտադրությամբ զբաղվող 18 ընկերության արտադրած Չանախ արտադրատեսակի մեջ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել: Դրան հաջորդեց պանիր արտադրող միության նախագահ Արմեն Գիգոյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը թերահավատորեն է մոտենում ուսումնասիրության արդյունքներին և որ աղիքային ցուպիկը այնքան էլ վտանգավոր չէ: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է . «Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի, մենք խստացրել ենք վերահսկողությունը և նահանջ այս դաշտում չի լինելու ոչ մի պատճառաբանույուններով, մենք թույլ չենք տալու, որ առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի մեր ընտանիքներում : Սա մեզ համար անթույլատրելի է և որևիցե ճնշում այդ առումով մեր վրա չի ազդելու, հակառակը խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգույան նկատմամ»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը` Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ու Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել են իրենց ղեկավարած գերատեսչությունների հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի վերաբերյալ հաշվետվություններ:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը հրապարակեց պանրի շուկայում կատարված ուսւոմնասիրությունների արդյունքները: 59 ընկերություններից 18-ի արտադրած Չանախ արտադրատեսակի պանրի մեջ աղիքայի ցուպիկ էր հայտանբերվել: այդ օրվանից քննարկումների առանցքում հայտնվեց վերը նշված թեման՝ տարբեր շահարկումներով, հայտարարություններով ու գնահատականներով: Մասնավորապես Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը տարբեր հայտարարություններ հնչեցրեց , նախ ասաց, որ ոլորտը բազմաթիվ խնդիրներ ունի, հատկապես վերջին երկու-երեք տարիներին կառավարությունը փորձում է ձեռք մեկնել ոլորտին, սակայն, արդյունքներից այնքան էլ գոհ չեն:
«Երկու ձեռքով ես կողմ կլինեի, որպեսզի տեսչությունը կամ պետությունն իր դերը լիարժեք կատարեր, այսինքն վերահսկողությունը իսկապես կատարեր: Բայց փաստ մնում է փաստ, փորձից ելնելով մենք գիտենք, որ դա այդպես չի կարող լինել, ոստիկանական կամ տեսչական ճանապարհով հատկապես Հայաստանում դու որևէ արդյունքի չես հասնի»:

Գիգոյանը նաև հայտարարեց, որ ինքն աղիքային ցուպիկի վտանագավորության աստիճանների հետ ծանոթացել է Սննդի անվտանգության ծառայության հայտարարություններից հետո: Ծանոթացել է ու պարզել, որ աղիքային ցուպիկն այնքան էլ վտանգավոր չէ: Ավելին, Արմեն Գիգոյանը սննդի անվտանգության ծառայության ուսումնաիսրություններն ու դրանք հրապարակային դարձնելուն նախընտրական երանգ տվեց: Սպառողներին անվտանգ սնունդ մատակարարելը կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում է, ավելին, մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի,- այսօր էլ անդրադառնալով խնդրին, հայտարարեց հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը.«Մեր սեղաններին վտանգավոր սննդամթերք չպետք է լինի։ Մենք խստացրել ենք վերահսկողությունը. նահանջ այս դաշտում չի լինելու` ոչ մի պատճառաբանությամբ։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի առողջության համար վտանգավոր պանիր հայտնվի հայկական ընտանիքների սեղաններին։ Սա մեզ համար անթույլատրելի է, և որևիցե ճնշում այդ առումով մեզ վրա չի ազդելու։ Հակառակը` մենք խստացնելու ենք հսկողությունը սննդի անվտանգության նկատմամբ։ Եվ իմ գործընկերներին խնդրում եմ այսօր հանդիպել ԶԼՄ-ների հետ և մանրակրկիտ պարզաբանումներ տալ, մանավանդ այն տեղեկությունների առումով, որոնք փորձում են խեղաթյուրել իրավիճակը։ Մենք էլ չենք նահանջելու, խստացնելու ենք վերահսկողությունը»։

Նշենք, որ կառավարությանն են դիմել են ստանդարտներին համապատասխան պանրի արտադրությամբ զբաղվող պանրագործներ ու իրենց դժգոհությունն են հայտնել պատասխանատվությունից խուսափել ցանկացող իրենց գործընկերներից: 18 ընկերություններից 17-ի արգելանք արդեն հանված է,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սննդի անվտանգության ծառայության Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարատյանը՝ վստահեցնելով, որ ընկերություններին իրենք աջակցել են բոլոր հարցերում: Բանախոսն այսօր էլ ասաց, որ խախտումներ գրանցվել են փոքր ու միջին ձեռնարկությունների արտադրանքում, շատերի մոտ երկար ժամանակ ստուգումներ չեն իրականացվել, իսկ ստուգայցերը անկանխատեսելի են եղել նրանց համար:

Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը նաև անդրադարձել էր Հայկական պանիր ընկերությանը, ասել, որ այն այժմ չի գործում: Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանն էլ հակադարձելով այսօր ասաց, որ «Հայկական պանիր» ընկերության հիմնումը պետություն-մասնավոր հատված համագործակցության առաջին քայլերից մեկն էր, պետությունը աջակցեց ընկերություններին իրենց արտադրանքը միջազգային շուկա, մասնավորապես ՌԴ արտահանելու հարցում: ԶՀԳ-ն ընդհանուր առմամբ երեք միլիոն դրամի ներդրում է կատարել: «Իրականացրել ենք երկու խմբաքանակի արտահանում»,- ասաց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը

Սննդի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը շարունակական են լինելու,- խոստանում են մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք նաև վստահեցնում են, որ հանրապետության ամբողջ կարգավորող օրենսդրությունը վերանայվելու է, մոտավորապես կեսը կրճատվելու և պարզեցվելու է, դյուրինացվելու է քաղաքացիների ու ձեռնարկատերերի՝ պետության հետ ունեցած շփումները: Իսկ ամենակարևորը գալու է մի օր, երբ այդ շփումներից ոչ միայն քաղաքացիներն իրենց ժամանակն են խնայելու, այլ նաև նյարդերը: Խոստացվածը կյանքի կոչելու համար մեր երկրում արդեն գործում է Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն գործակալություն ՊՈԱԿ-ը, որի ներկայացրած առաջարկները կառավարությունն այսօր հաստատեց: Մի շարք օրենքներում առաջարկվող փոփխությունները կբարելավվեն ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պայմանները, արտոնագրի տրամադրման համար պահանջվող փաստաթղթերը, որոշում կայացնելու ժամկետը։

Թողնել պատասխան

Back to top button