Քաղաքական

Ինչ հնարավոր թերություններ կարելի է բացառել առաջիկա նախագահական ընտրություններում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ինչ անճշտություններ են եղել այս տարվա մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ ինչ հնարավոր թերություններ կարելի է բացառել առաջիկա նախագահական ընտրություններին: Իրենց դիտարկումներով եւ առաջարկներով այսօր լրագրողներին են հանդիպել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Նույն հանդիպմանը ներկա ԿԸՀ ներկայացուցիչը, սակայն, հակադարձել է այս կառույցի թե դիտարկումներին եւ թե առաջարկներին` ընդգծելով, որ նրանց կիրառած մեթոդաբանությունն անհասկանալի է: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության հիմնադրամի հետ համատեղ մոնիթորինգի է ենթարկել այս տարվա մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Մշտադիտարկման արդյունքները դեռ նոր են ներկայացվում, սակայն հետազոտության հեղինակները կարծում են, որ իրենց դիտարկումները կարող են օգտակար լինել առաջիկա նախագահական ընտրություններն առավել թափանցիկ կազմակերպելու եւ ընտրական օրենսգիրքը բարելավելու գործում:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյան: Վարուժան Հոկտանյանը առանձնացրեց իրենց դիտարկումներից մի քանիսը` որոշ ընտրատեղամասերում քվեարկությունը տեղի է ունեցել չափազանց արագ, ինչը կասկածներ առաջացրել:

Ցուցակներում հնարավոր անճշտություններն էլ դիտարկումից դուրս չի մնացել: Հարյուրը գերազանցող բնակավայրերում ընտրացուցակներն առաջին հայացքից անհասկանալիորեն մեծ են եղել. այդ վայրերում ընտրել են ավելի շատ մարդիկ, քան բնակվում են: Գուցե դա այդ վայրերում նաեւ զինվորականության քվեարկության հետեւանքով է. չի բացառում բանախոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, ընթացքում միանալով հանդիպմանը, միանգամից ԿԸՀ-ի անունից սկսեց իրենց հակափաստարկներից խոսել:

Ընդգծեց, որ ինքը վերապահումով է մոտենում թե Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մոնիթորինգի արդյունքներին, եւ թե ընտրած մեթոդաբանությանը: Հայաստանում կան գյուղեր, որտեղ քվեարկող զինվորականների թիվը մի քանի անգամ գերազանցում է տվյալ գյուղի բնակիչենրի թիվը. ասաց Սմբատյանը:

ԿԸՀ-ն ավելի շատ փորձելու է սեփական դիտարկումների հիման վրա բացառել հետագա թերությունները, քան նկատի առնել այս նկատառումները: «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիրն էլ իր հերթին կրկին ընդգծեց` իրենց դիտարկումները կարող են օգտակար լինել ընտրական գործընթացներում հնարավոր անճշտությունների վերացման համար, միայն թե քաղաքական կամք լինի:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button