ՀասարակությունՄշակույթ

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում ներկա են գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողությանը:

***

Վեհափա՛ռ Տեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք գտնվում ենք մի շատ նվիրական տեղում: Այստեղ հանգչում են մեր ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: Այդ սրբազան անունների մեջ սակայն կա մեկը, որ բացառիկ է ամեն ինչով: Խոսքս Կոմիտաս վարդապետի մասին է: Նա գրեթե ամեն ինչ էր` երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար, մանկավարժ: Նրա անհատականությունը շատերի հետ են համեմատել, և նրա կատարած վիթխարի գործը համեմատվել է շատ մեծ գործերի հետ: Բոլոր համեմատություններն էլ իհարկե կաղում են, բայց կա մի համեմատություն, որ ամենամոտն է ճշմարտությանը: Նա հայ երգ ու երաժշտության Մաշտոցն է: Այս զուգահեռի օգտին խոսող ամենահամոզիչ փաստարկը հենց Կոմիտասի բառերն են. «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կը ծնի ու կը ծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»:

Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն ազգակերտող առաքելություն. այսինքն` նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության և ինքնության պարտադիր բաղադրիչ: Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Մաշտոցի կամ Կոմիտասի: Սա արդեն փաստ է:

Կոմիտասը թողել է հսկայական ժառանգություն, որի պատառիկ-մասունքները դեռ շարունակում են հայտնաբերվել աշխարհի տարբեր անկյուններում: Բայց իհարկե ավելի կարևոր է ոչ թե քանակը, այլ այդ ժառանգության որակն ու բնույթը: Հասկանալով այս ամենը` մենք օրինաչափ ենք համարում, որ Հայաստանում ստեղծվի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ: Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր այդ հաստատության գոյությունը համարում են անհրաժեշտություն և ժամանակի հրամայական:

Ենթադրում եմ և շատ կուզեի հավատալ, որ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը պիտի դառնա լրջագույն կենտրոն թե՛ հայ, թե՛ օտար ուսումնասիրողների համար: Կոմիտասը վեր է հանել ոչ թե պարզապես երգեր, այլ մի ամբողջ քաղաքակրթական շերտ, որ պետք է խոստովանենք, մենք դեռ ամբողջովին չենք մարսել, չենք դարձրել հայ և համաշխարհային երաժշտասեր հասարակայնության լիարժեք սեփականությունը: Կոմիտասը չպետք է լինի կուռք, որին պաշտում են, բայց չեն ճանաչում: Կոմիտասը պետք է լինի մեր մշակութային կյանքի ակտիվ մասնակիցը, մեր ինքնության կատարելագործման կարևորագույն գործոններից մեկը, պիտի շարունակի մեզ ուղղորդել արդեն 21-րդ դարի բարդ քառուղիներում:

Կոմիտասը ֆիզիկապես չմեռավ 1915 թվականին, բայց մեր գիտակցության մեջ նա Մեծ Եղեռնի նահատակներից մեկն է, որովհետև նրան հայ ժողովուրդը և աշխարհը կորցրեց իբրև բացառիկ գործչի հենց այդ ժամանակ: Կարծում եմ, որ Կոմիտասի և մեր բոլոր նահատակների հիշատակը հավերժացնելու ճանապարհներից մեկը կարող է լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց Եկեղեցի կառուցելը: Նման եկեղեցի կառուցելու փափագը արտահայտել են բազմաթիվ աշխարհիկ և հոգևոր գործիչներ: Այդ մասին ես էլ մեկ անգամ արդեն խոսել եմ:

Եվ օգտվելով այս առիթից` կոչ եմ ուղղում Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր բարերարներին ու բոլոր ցանկացողներին մասնակից լինել այս նվիրական ձեռնարկին: Սրբոց Նահատակաց Եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button