Հասարակություն

Ներառական կրթություն ասելով՝ պաշտոնյաները հասկանում են դպրոցի մուտքի թեքահարթակը

sonahakobyan

Մինչև հիմա պետական կառույցներից միայն Երևանի քաղաքապետարանն է, որ ոչ միայն խուսում, այլև իրականացնում է ներառական կրթությանը միտված ծրագրեր, ասում է «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը՝ անդրադառնալով ներառական քաղաքականությանը։ Նա նշում է, որ ավելի լավ կլիներ ունենայինք ավելի քիչ, բայց իրականում ներառական կրթություն իրականացնող դպրոցներ, իսկ այն ինչ այժմ ունենք, եզրեր անգամ չունի ներառական կրթության հետ: Արմեն Ալավերդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշել է, որ մեր  կրթության ոլորտի պատասխանատուները սխալ պատկերացում ունեն ներառականության գաղափարի մասին, որովհետեւ ներառական կրթություն ասելով, նրանք հասկանում են միայն կրթական հաստատության մուտքի մոտ դրված թեքահարթակը:

 

Լավ կլիներ, եթե երկիրը ներառական դարձնելու ճանապարհին ձևական բնույթի ծրագրերի փոխարեն գերակշռեին գործնական քայլերը:

«Ունիսոն» հ/կ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը նկատում է, որ վերջին մի քանի տարիներին Երեւանում բավականին  դրական փոփոխություններ են կատարվել, սկսել են թեքահարթակներ կառուցել, որոշ չափով հեշտացել է տեղաշարժը: Աստիճանաբար կարծես լուծվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը:

Հաշմանդամություն ունեցող անձանց  ամենակարևոր խնդիրը, սակայն, շարունակում է մնալ ներառական կրթությունը: Ինչ զբաղվածության մասին կարող է լինել խոսքը, եթե անգամ համապատասխան կրթությունն է ոչ մատչելի: Իհարկե՝ Արմեն Ալավերդյանը գնահատում է հասարակության մտածելակերպի զգալի տաղաշարժը, ողջունում է նաև ներառական դպրողների թվի աճը, բայց ում են պետք այդ դպրոցները, եթե դրանք սահմանափակվում են թեքահարթակներով: Հայաստանում 100-ից ավելի դպրոցներ կան, որոնք ունեն ընդամենը թեքահարթակ, մինչդեռ անմատչելի են դասասեղանները, սանհանգույցը, դպրոցի տնօրինությունն էլ պատրաստված չէ:

Հաշվի առնելով այդ ամենը՝ Արմեն Ալավերդյանը կարծում է, որ մեր  կրթության ոլորտի պատասխանատուները սխալ պատկերացում ունեն ներառականության գաղափարի մասին: Ներառական կրթություն ասելով, նրանք հասկանում են միայն կրթական հաստատության մուտքի մոտ դրված թեքահարթակը: Իսկ քանի դեռ ներառական կրթությունը Հայաստանում թերի է, բնականաբար նման պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը չունի նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն: Իսկ առանց բարձրագույն կրթության, չունի նաև աշխատանքի իրավունք, նկատում է Արմեն Ալավերդյանը:

Back to top button