Հասարակություն

Նար- Դոսի անվան դպրոցում խորացված արաբերեն կդասավանդեն

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում այսօր հանդիսավորապես բացվեց Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ վերազինված համակարգչային դասարանը: Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Այս ուսումնական հաստատությունում սովորում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված շուրջ 100 սիրիահայ աշակերտ։

Աղ ու հացով, երգով ու ասմունքով ընդունեցին բարձրաստիճան հյուրերին Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցի աշակերտները և մանկվավարժները: «Աջակցություն Հայաստանում բնակվող սիրիահայերի կրթական հիմնախնդիրների լուծմանը» ծրագրի շրջանակներում և Քուվեյթի Պետության ֆինանսական աջակցությամբ այստեղ բացվեց վերազինված համակարգչային դասարանը: Երկու տարի առաջ այս ուսումնական հաստատությունում գործում էր Կիլիական վարժարանը, որտեղ ուսում էին ստանում մոտ 320 սիրիահայ աշակերտների: Այսօր այստեղ սովորում են շուրջ 100 սիրիահայ երեխաներ:

Մեր երկրում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին օգտվելով առիթից անձամբ շփվեց դպրոցի արաբախոս մի քանի աշակերտների հետ: Ինչպես նշեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, այս դպրոցում կիրականացվի արաբերենի խորացված ուսուցում։

Նորոգված և վերազինված դասարանի բացումը ուսումնական նոր տարվա առաջին օրերին կարևորեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալություն հայտնելով դեսպանին աջակցության համար՝ տիկին նախարարը նշեց, որ Քուվեյթը առաջին պետություններից է, որն օգնության ձեռք մեկնեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով արտագաղթաց հազարավոր մարդկանց, այդ թվում և Հայաստանում:

Մեր երկրում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ Քաբանդին նշեց, որ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերին օգնության ձեռք մեկնելու նախաձեռնությունը անձամբ Քուվեյթի էմիրինն է, ով առանձնում է իր մարդասիրական առաքելություններով։

Դիվանագետը հայտնեց իր երկրի պատրաստակամությունը աջակցել սիրիահայ գաղթանականներին Աշտարակում Նոր Հալեպ թաղամասի կառուցման գործում։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ Իրաքում և Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով մեր երկիր սկսել են ժամանել հայեր:

5

Back to top button