ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Թափառող շներ շուտով չեն լինի. «երևանաբնակները» կացարան կունենան

Հայաստանի կենդանասեր ակտիվիստների ջանքերով թափառող շները ոչ թե ոչնչացվում, այլ ստերջացվում են և շարունակում են ապրել մեր կողքին՝ բակերում, փողոցներում։ Բնակավայրերում թափառող շների առկայությունը, սակայն,  խիստ վնասակար է մի քանի առումներով։ Այն վտանգում է մարդկանց հանգիստը, առողջությունը և նույնիսկ կյանքը։ Պաշտոնական տվյալներով՝ 2023 թ.-ի հունվար-հոկտեմբերի ամիսներին հանրապետությունում թափառող կենդանիներից տուժելու 6919 դեպք է արձանագրվել: Մինչ բնակիչները ահազանգում են թափառող շներից եկող վտանգների մասին, կենդանասերները բարձրաձայնում են  ոլորտը համակարգող օրենքի բացակայության մասին։

Թափառող շների խնդիրը կրկին արդիական է։ Թեև վերջին օրերին ակտիվ շրջանառվող լուրը, որ Երևանում երիտասարդ աղջիկը կատաղությամբ հիվանդ շան հարձակման է ենթարկվել, հերքվեց, այնուամենայնիվ տարբեր բնակավայրերից մարդիկ ահազանգում են՝ թափառող շներն ավելացել են ու ակտիվացել։ Հաճախ ենք լսում այս կենդանիների ագրեսիվ վարքի և որոշ դեպքերում նաև մարդկանց վրա հարձակվելու մասին։ Իսկ հարձակումներից տուժողներն ասում են, որ նույնիսկ ժամանակ անց իրենց վախը չի անցնում։

Երեխաները վախենում են տանից մենակ դուրս գալ, ծնողներն էլ անհանգիստ են՝ հանկարծ դեպքը նորից չկրկնվի։ Վերջին դեպքը Արարատի մարզում, որ ողբերգական ավարտ ունեցավ, կրկին թարմացրեց այս մտահոգությունները, քննարկումները։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ասում են, որ մտահոգ են այդ խնդրով։ Խոստանում են, որ այս անգամ վճռական են լինելու։ Վնասազերծման  միջոցառումներ են իրականացվելու բոլոր մարզերում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

«Շուրջ 25 համայնքում  այս տարվա սեպտեմբերի դրությամբ իրականացվել է թափառող կենդանիների վնասազերծում։  Բոլոր համայնքներում է պետք կիրառել մեթոդը, որպեսզի արդյունք լինի։ 2024 թվականին նույնպես մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու ու քայլեր ձեռնարկելու»։

Հսկողության առումով՝ մայրաքաղաքում պատկերը համեմատաբար հուսադրող է: Եթե մարզերում դեռ նոր են սկսում, Երևանում արդեն արդյունքներ կան։ Երևանի քաղաքապետարանի  «Կենդանիների խնամքի կենտրոնի» տնօրեն Հարություն Առաքելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունն այժմ զբաղվում է թափառող կենդանիների գլխաքանակի կարգավորմամբ։ Նա նաև հայտնեց, որ հաջորդ տարվանից փողոցում ավելի քիչ կտեսնենք թափառող շների։

«Համայնքային կացարաններ են կառուցվելու։ Ստերջացված ու պատվաստված կենդանիների մի մասը այլևս փողոց չի վերադառնալու, ապրելու է կացարաններում։ Ծրագիրը թափառող շների կանոնակարգման փուլերից մեկն է»։

Թափառող կենդանիների ամենաշատը կարելի է տեսնել Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ և Նոր-Նորք վարչական շրջաններում։ Համայնքային կացարաններում առաջնային կհայտնվեն դպրոցների, մանկապարտեզների, բուժհաստատությունների, խաղահրապարակների հարակից տարածքներում թափառող շները։ Մինչ պատկան մարմինները հավաստիացնում են, որ այդ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է, կենդանասերներն արձանագրում են՝ քանի դեռ չկա ոլորտը համակարգող օրենք, խնդիրը չի լուծվի։ «Դինգո» թիմի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյան․

«Գոյություն ունեն փորձված մեթոդներ, որոնցով աշխարհի տարբեր երկրներհաջողությունների են հասել և այսօր արդեն թափառող կենդանի ընդհանրապես չունեն։ Այդ լուծումը համալիր գործողություններ է պահանջում։ Առաջին հերթին օրենք է պետք, որը մենք չունենք։  Կենդանիներին փողոցում լքելը վերահսկող և բազմացումը կանխող օրենք է պետք։ Թափառող կենդանիների մեծամասնությւոնն առաջանում է տնային ծների սերունդներից։ Մարդիկ ստերջացնելու պատասխանատվություն չունեն, արկղներով դնում են դրսում՝ ավելացնելով թափառող կենդանիների գլխաքանակը»։

Քանի դեռ չկա մեկ ընդհանուր գերատեսչություն, միայն համայնքների պատասխանատվությամբ թափառող կենդանիների խնդիրը չի լուծվելու, համոզված է Օվսաննա Հովսեփյանը։

«Աբովյանի շունը չգիտի, որ մի փողոց այս կողմ Երևան է։ Բոլոր մարզերում համալիր նույն վերահսկողությունն է պետք։ Տարեկան առնվազն 80 տոկոս ստերջացում է պետք ապահովել բոլոր համայնքներում»։

Ստերջացումն, իհարկե, հարձակման ռիսկը չի բացառում, բայց ստերջացված շները, որպես կանոն, ոհմակներ չեն կազմում և դա արդեն իսկ նվազագույնի է հասցնում հարձակման ռիսկը, ասում են մասնագետները։ Պաշտոնական տվյալներով՝ 2023 թ.-ի հունվար-հոկտեմբերի ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է թափառող կենդանիներից տուժելու 6919 դեպք:

Ուշագրավ մի փաստ. թափառող շների մեծ մասը տնային կենդանիների սերունդ են, այսինքն՝ նաև մարդու անպատասխանատվության հետևանքով է այդ կենդանիների թիվն ավելանում փողոցներում:

Back to top button