ԿարևորՏնտեսական

Եկամտահարկի գումարի վերադարձի էլեկտրոնային հարթակ է գործարկվել

2022 թվականից Պետական եկամուտների կոմիտեն գործարկում է հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով  եկամտային հարկի գումարների վերադարձման էլեկտրոնային հարթակ։ Վարկառուն պետք է նախապես գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում։

«Ռադիոլուր»-ի զրուցակցի՝  ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանի խոսքով՝ էլեկտրոնային հարթակում վարկառուն դիմումը կլրացնի կարճ ժամանակում, դիմումի հիմնական մասը կլրացվի ինքնաշխատ համակարգի կողմից։

ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյան

Բացառություն կլինեն միայն հաշվետու ժամանակաշրջանը, վարկառուի կոնտակտային տվյալները և նրան պատկանող բանկային հաշվեհամարը: Այս տվյալները նա անձամբ կլրացնի դիմումը ներկայացնելու ժամանակ։

Հաշվեհամարի վավերականությունը ստուգվելու է Կենտրոնական բանկի կողմից՝ վարկառուի համաձայնությամբ։ Դիմումն առցանց ներկայացնելու համար վարկառուն պետք է նախապես գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում։

Վարկառուները համակարգում կարող են մի քանի եղանակով գրանցվել։ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանի պարզաբանմամբ, եթե վարկառուն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող է մուտք գործել ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» ենթաբաժին և լրացնել  այն։

Իսկ էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում վարկառուն կարող է  ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման համապատասխան բաժինների էլեկտրոնային հասցեներին ուղարկել դիմում՝ կցելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության  վերաբերյալ: Անհրաժեշտ է լրացնել  նաև էլեկտրոնային փոստի հասցեն, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար՝ օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։

Վարկառուն կարող է նաև անձամբ ներկայանալ ցանկացած սպասարկման բաժին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության  վերաբերյալ և էլեկտրոնային փոստի հասցե, որին էլ կուղարկվի հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով։

Հիփոթեքային վարկի պայմանագրում ներգրավված յուրաքանչյուր վարկառու, որն օգտվում է եկամտային հարկի վերադարձից, ևս պետք է գրանցվի «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում և մուտք գործի օգտվողի իր անունով և գաղտնաբառով:

Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակում, հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն մեկ անգամ՝ առձեռն կամ փոստով, եթե ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ չկատարվեն։ 

Այնուհետև, ՊԵԿ-ի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, վարկառուն «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» կգրանցվի և էլեկտրոնային դիմումը կուղարկի ընդհանուր սահմանված կարգով: Բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի լինի։ Էլեկտրոնային հարթակի միջոցով եկամտային հարկի վերադարձի գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Back to top button