ԿարևորՔաղաքական

ԵԽԽՎ. Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի, Ստրասբուրգն ընդդեմ Ադրբեջանի

Ադրբեջանը փորձում է զրկել Հայաստանին ձայնի իրավուքից
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը։ Վեհաժողովի կայքում տեղադրված է Ադրբեջանի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի նախաձեռնած 58 պատգամավորի ստորագրությամբ նախագիծը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել հայկական պատվիրակության դեմ: ԵԽԽՎ- ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ռադիոլուրինե հայտնել է, որ ադրբեջանցիներն ուզում են զրկել մեր պատվիրակությանը ձայնի իրավունքից, սակայն սա առաջին անգամ չէ, որ ,Ադրբեջանն անհեթեթ նախաձեռնություններով է հանդես գալիս տարբեր հարթակներում»։

Հայ պատվիրակը հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական այդ անհեթեթ նախաձեռնությունը լուրջ արձագանք և զարգացում չի ստանա: ,Եվ վստահ եղեք, որ այս նստաշրջանում լուրջ և ծանր օրեր են սպասվում Ադրբեջանին` որպես Եվրախորհրդի նախարարների կոմիտեում նախագահող երկրի»,- «Ռադիոլուրին» ասել է հայկական պատվիրակության անդամը։

Ադրբեջանի նախաձեռնությունը կքննարկվի ուրբաթ օրը
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորն այսօր Ստրասբուրգում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ադրբեջանի՝ հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու նախաձեռնությունը կքննարկվի ԵԽԽՎ բյուրոյում ուրբաթ օրը, հայտնում է panorama- ի թղթակիցը։ Անն Բրասյորը նշել է, որ Ադրբեջանն այս նախագիծը ներկայացրել է որոշակի ընթացակարգային խախտումներով և մինչև քվեարկության իրավունքի կասեցումը պետք է նախապես բողոքարկել պատվիրակության արդեն վավերացված մանդատները:

ԵԽԽՎ պատվիրակներն անընդունելի են համարում Բաքվի պահվածքը
ԵԽԽՎ- ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն «Արմենպրեսին» հայտնել է, որ Ադրբեջանն այսօր հայտնվել է եվրոպական երկրների պատվիրակների քննադատության թիրախում՝ ԵԽԽՎ ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ռենե Ռուքեի մուտքը Բաքու արգելելու պատճառով։ «Եվրոպական պատվիրակներն անընդունելի համարեցին նման պահվածքը, եւ շեշտվեց` երբեւիցե նման բան չի եղել, որ նախագահող երկիրը թույլ տա նման դիսկրիմինացիոն պահվածք»,- ասել է Հ. Նաղդալյանը:

 

Ստրասբուրգն արգելել է Ադրբեջանի դրոշն ու զինանշանը
Ավանդաբար, երբ որեւէ երկիր ստանձնում է ԵԽ նախագահությունը, այդ երկրի զինանշանով ու դրոշով տարբեր գովազդային պաստառներ են փակցվում Ստրասբուրգում։ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ ֆրանսիական Ստրասբուրգի քաղաքապետարանը, ի նշան բողոքի Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական վիճակի, հրաժարվել է այդ երկրի զինանշանով որևէ գովազդային վահանակ օգտագործել, «այդ թվում և ԵԽԽՎ տրամվայը, որի վրա ավանդաբար փակցվում է նախագահող երկրի զինանշանը, Ադրբեջանի զինանշանով չի աշխատի առաջիկա կես տարին»։

Back to top button