Հասարակություն

Գինու փառատոն՝ Արցախում. ներկայացվում է նաեւ գինու արտադրության պատմությունը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում կազմակերպվել է Գինու թվով երրորդ փառատոնը: Նախաձեռնությունը ԼՂՀ էկոնոմիկայի նախարարությանն է, որը դրանով հնարավորություն է ստեղծում ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ արտադրողների համար հանրությանը ներկայացնել ինչպես գինին, այնպես էլ գյուղացիական այլ արտադրանք,  արտադրողի եւ սպառողի հանդիպման համար յուրօրինակ հարթակ հանդիսանալով:

 

 

Գինու փառատոնն արդեն ավանդաբար անցկացվում է Տողի Մելիք Եգանյանների պեղված ու վերականգնված ապրանքի բակում: Ընդարձակ ու գյուղական բարիքներով լեցուն տաղավարները, հյուրասիրությունն ու ազգագրական երգ –երաժշտությունն ամեն անգամ յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում:

hadrut-gini

ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանի խոսքով` այս  փառատոն -համտեսի առանձնահատկություններից մեկն այն է, որ որոշել են ներկայացնել նաեւ Արցախում գինու արտադրության պատմությունը:

Խորհրդային տարիներին արտադրված գինիների պիտակները հուշում են Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղում հայերի  դուրսմղման քաղաքականության մասին, եթե մինչեւ  60 -ական թվականները պիտակները հայատառ էին, ապա 80-ականներին արտադրված գինիների վրա խմիչքի եւ արտադրողի անունը միայն ռուսերեն ու ադրբեջաներեն էր. հայկական խաղողի գինին սպառողին էր հասնում, որպես ադրբեջանական գինի:

ginwu-paraton

Խորհրդային վերջին տարիները Արցախի գինեգործների համար դաժան տարիներ էին.  արմատախիլ արվեցին խաղողի այգիները, արգելվեց  թթի օղու արտադրությունը. այսօր հետզհետե արտադրությունները  վերականգնվում են, տնայնագործական արտադրանքը ազատված է ակցիզային հարկից: Ամեն  տարի գինու փառատոնը վեր է ածվում վայրի, որտեղ մարդիկ հանդիպում եւ փոխանակում են գիտելիքն ու արտադրանքը, ինչքան գինի է խմվում այդ օրվա ընթացքում , կազմակերպիչները չեն  չափում:

gini1

Այսօր կազմակերպված գինու փառատոնի մասնակիցների շարքում նաեւ երկ Շուշիում տեղի ունեցած «Արցախ էթնոֆեստ. Երկրի համը» փառատոնի մասնակիցներն են,  ովքեր եկել են Ֆրանսիայից, Ռումինիայից, Հարավային Կորեայից, Վրաստանից, Հայաստանից: Երեկ նրանք իրենց երկրների խոհանոցն են ներկայացրել: «Արցախ Էթնոֆեստ»-ը ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նոր միջազգային նախագիծն է:

Ինչպես Գինու փառատոնը, այնպես էլ «Արցախ էթնոֆեստը»  ամենամյա կլինի:  Ամեն տարի այն կնվիրվի ազգային մշակույթի մեկ ուղղության:

Back to top button