ԿարևորՀասարակություն

Հայտնաբերվել է սիբիրախտի տարածման աղբյուրը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում սիբիրախտով մարդկանց վարակման դեպքերը լուրջ մտահոգությունների տեղի տվեցին: Ահազանգը ստացվել էր Վարդենիսից, որտեղից սիբիրյան խոց ախտորոշմամբ հոսպիտալացվել է15 հիվանդ: Թեեւ այս հիվանդությունը վաղուց արդեն դասվում է բուժվող հիվանդությունների շարքին եւ այն շատ հեշտությամբ կարելի է կանխարգելել, սակայն դրա առկայությունը մեր երկրում տարատեսակ ընկալումներ  եւ նույնիսկ խուճապ առաջացրեց:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը այսօր հայտարարեց, որ հայտնաբերվել է հիվանդության տարածման աղբյուրը, այն է` Վարդենիսի մերձակա Ծովակ գյուղի բակերից մեկը, որտեղ անասուն է մորթվել: Հիվանդ կենդանու մսից վարակվել է մորթողը:
Հատկանշական է, որ դեպքը հայտնաբերելու աշխատանքներին՝ մսեղիքի որոնմանը, խոչընդոտել են հենց գյուղացիները:  Հովհաննես Մկրտչյանն այսօր, սակայն, վստահեցրեց` գյուղում առկա մսեղիքը հայտնաբերվել է, այրվել, իսկ այրված վայրը` ախտահարվել:
Այս պահին Ծովակում եւ հարակից համայնքներում վարակված կենդանիներ չկան, իրականացվել են պատվաստման աշխատանքներ: Որ համաճարակային իրավիճակն այս առումով վերահսկելի է, հաստատում է նաեւ առողջապահության նախարարությունը: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել, բոլոր հիվանդների վիճակը բավարար  է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ: Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն ընդգծում է, որ հիվանդության տարածումը հնարավոր է կանխարգելել հենց մորթվող կենդանու արտաքին հատկանիշերին ուշադիր լինելով:
Սիբիրախտը սպառնալիք էր 21-րդ դարերում: Դրա ռիսկն այսօր հասցված է նվազագույնի: Այն ունի 3 տեսակ, որոնցից Հայաստանում գրանցվում է միայն մաշկային տեսակը, այսպես կոչված սիբիրյան խոցը, որն արտահայտվում է վերքային գոյացությամբ, ուղեկցվում գլխացավերով, ջերմով: Տարածաշրջանի երկրները եւս զերծ չեն այս հիվանդությունից: Այն կա եւ Վրաստանում, եւ Ռուսաստանում, եւ Թուրքիայում: Միայն Ադրբեջանն է, որ համառորեն հրաժարվում է իրազեկել այդ հիվանդության առկայության մասին:
Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանն այն համոզմանն է, որ հիվանդությունը երկիր է ներթափանցել կենդանիների միջոցով հարեւան երկրներից. կենդանիները սահմանն անցնելիս ոչ անցագիր են ներկայացնում, ոչ էլ բուժզննում անցնում: Իսկ խուճապն առավելապես այս հիվանդության մասին թերի իրազեկման հետեւանք է:

Թողնել պատասխան

Back to top button