
Ուսումնասիրողները Սուլթան Մահմուդի գահակալության շրջանն անվանել են «Տատյան դար»։ Տատյանները եղել են արքունի վառոդապետներ, ղեկավարել են Թուրքիայի զինագործարանները, նյութական միջոցներ են տրամադրել Վենետիկի Մխիթարյաններին, մեծ դեր են ունեցել Կոստանդնուպոլսի հայ համայնքի կրոնական ու մշակութային կյանքում, նրանց ամառանոցում է 1878 թվականին ստորագրվել Սան-Ստեֆանոյի ռուս-թուրքական պայմանագիրը։
1770-ական թվականներին Ակն գավառի Ապուչեխ գյուղից Մահտեսի Առաքել Տատյանը գաղթում է Կոստանդնուպոլիս։ Նա արհեստավոր էր և իր արհեստավորական բարձր հմտության շնորհիվ 1795 թվականին ստացել է ամիրայի կոչում և նշանակվել սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ։ Ահա և այս Մահտեսի Առաքել Տատյանն էր մեր հիշատակած նշանավոր Տատյանների նախահայրը։
Շուրջ 75 տարի Տատյանների շառավիղները ղեկավարել են Թուրքիայի զինագործարանները, թղթի արտադրությունը, բանակի հանդերձավորումը։



1826 թվականին արքունի վառոդապետ է նշանակվել Սիմեոն Տատյանը, որն ամիրա էր և նույն թվականին իր նյութական միջոցներով կառուցել է տվել Այաստեֆանոյի հայոց եկեղեցին, իսկ հետո՝ դարձյալ արքունի վառոդապետ կարգված, Պողոս Բեյ Տատյանը նյութապես աջակցում էր շատ մտավորականների՝ ինչպես օրինակ Հարություն Սվաճյանին ու Հակոբ Պարոնյանին։
Չմոռանանք, որ այդ տարիներին Հարություն Սվաճյանը Պոլսում հրատարակում էր «Մեղուն» և այն հալածանքների էր ենթարկվում թուրք պաշտոնյաների և ազգադավ հայ գործիչների կողմից։ Սվաճյանից հետո «Մեղուն» շարունակեց հրատարակել Հակոբ Պարոնյանը։ Ահա այսպիսի մթնոլորտում Պողոս բեյ Տատյանը նյութապես աջակցում էր հանդեսին, քանի որ այն մեծ դեր ուներ հայ աշխարհիկ գրականության ստեղծման, գիտության, լուսավորության և կրթության տարածման գործում։

Կարևոր է հիշատակել Հովհաննես Բեյ Տատյանին, որը 1842 թվականին ստանձնել է արքունի վառոդապետի պաշտոնը, եղել է գյուտարար, կառուցել է Մաքրի գյուղի հայկական եկեղեցին ։
Առաջնակարգ ճարտարապետ է եղել Ներսես բեյ Տատյանը։ Նա Պալյանների հետ Պոլսում կառուցել է բազմաթիվ շինություններ։
Բազմակողմանի զարգացած մտավորական է եղել Մկրտիչ բեյ Տատյանը, տիրապետել է մի քանի լեզուների, թղթակցել ֆրանսիական կենտրոնական թերթերին, թարգմանել հայ մշակույթի գործիչների ստեղծագործությունները, հոդվածները, գիտական աշխատանքները, իսկ Հարություն փաշա և Տիրան բեյ Տատյաններն էական ազդեցություն են ունեցել թուրքական արքունիքում։ Նրանց առաջարկներով ու ղեկավարությամբ բացվել են մի շարք ձեռնարկություններ, նշանակվել ղեկավար պաշտոններ։

Հարություն Տատյանը հեղինակավոր դիվանագետ էր, որը վեզիրի աստիճան ուներ։ Երբ Փարիզի վարչատնտեսական բաժանման օրինակով Կոստանդնուպոլիսն էլ բաժանվեց թաղամասերի, իր կարևորությամբ առաջինը հանդիսացող Բեյօղլու-Ղալաթիա թաղամասի նախագահությունը 1872 թվականին ստանձնեց Տատյան Արթին փաշան։ Նա ունենում էր պետական նշանակության հանդիպումներ ու բանակցություններ, Սուլթանի մոտ անընդմեջ այցելություններ։ Նկատենք նաև, որ Տատյանների ներդրումn Օսմանյան կայսրության ռազմական կյանքում մեծ էր ու արդյունավետ, և դրա լավագույն ապացույցներից մեկն այն էր, որ Ղրիմի պատերազմի ընթացքում թուրքական վառոդը չէր զիջում եվրոպականին։




