ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Արտահերթ ընտրություններ․ ովքե՞ր են Իրանի նախագահի թեկնածուները

Իրանի դիտորդական խորհուրդը նախագահի թեկնածուներին ընտրել է առաջադրված 80 գործիչներից։ Թեկնածուներից մեկը Մահմուդ Ահմադինեժադի նախագահության տարիներին ներքին գործերի նախարար Մոսթաֆա Փուր Մոհամադին է։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ահմադինեժադը և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին չեն հաղթահարել խորհրդի բարձրագույն պալատի սահմանած չափորոշիչները. նրանց անունները չեն լինի հունիսի 28-ի կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների քվեաթերթիկում։ Խորհրդի սահմանած չափորոշիչները չի հաղթահարել նաև միակ կին թեկնածուն։   

Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների անունները։ 80 գրանցվածներից ընդամենը 6-ն են հնարավորություն ստացել մասնակցելու ԻԻՀ արտահերթ նախագահական ընտրություններին։ Սաիդ Ջալիլի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Մասուդ Պեզեշկիան, Մոսթաֆա Փուր Մոհամադի, Ամիրհոսեյն Ղազիզադե և Ալիռեզա Զաքանի, այս 6 թեկնածուների անունները հրապարակել է նաև Mehr գործակալությունը։

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց.  «Իրականում մեր հանրությանը, երևի թե, քիչ թե շատ, ավելի հայտնի են այս 6-ից երկուսի անունները՝ Սաիդ Ջալիլիի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի անունները։ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը ԻԻՀ Խորհրդարանի ներկայիս նախագահն է, իսկ Սաիդ Ջալիլին եղել է հիմնական բանակցողը ԻԻՀ-ի միջուկային ծրագրերի հետ կապված։ Մնացած թեկնածուները, քիչ թե շատ, մասնագիտական ոլորտում են ավելի հայտնի, սակայն, լայն հանրությանը նրանք այնքան էլ հայտնի չեն»։

Ըստ իրանագետի՝ հենց հայտնի երկու թեկնածուներն ավելի մեծ հնարավորություններ ունեն հաղթելու։ Սաիդ Ջալիլին 2007-2013 թթ. զբաղեցրել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Իրանագետը նկատում է, որ այս պաշտոնում նշանակվում են հոգևոր առաջնորդի կողմից: Ներկայումս Ջալիլին Նպատակահարմարության խորհրդի անդամ է, որին կրկին նշանակում է հոգևոր առաջնորդը: Նախկինում Ջալիլին եղել է Եվրոպայի և Ամերիկայի հարցերով փոխարտգործնախարարը։ 2013 թվականի նախագահական ընտրություններում Ջալիլին զբաղեցրել է երրորդ տեղը՝ հիշեցնում է Գոհար Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Մոհամմեղ Բաղեր Ղալիբաին, ապա նա ԻՀՊԿ սպա է: 2005-2017 թվականներին եղել է Թեհրանի քաղաքապետը: 2000-2005 թ․ Իրանի ոստիկանապետն էր, 1997-2000 թ․ Հեղափոխության պահապանների ռազմաօդային ուժերի հրամանատարը: 2022թ․ Ղալիբաֆը հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, կարևորել Հյուսիս-Հարավ ծրագրում Հայաստանի դերը։

Գոհար Իսկանդարյանը նաև նշեց, որ, բոլոր դեպքերում, թեկնածուների մեծ մասը պահպանողական թևի ներկայացուցիչներ են և վայելում են հոգևոր առաջնորդի վստահությունը։

«Իրանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը մշակվում է Իրանի հոգևոր առաջնորդի կողմից։ Նախագահը դրա իրականացնողն է։ Այսինքն, անկախ նրանից, թե այս 6 թեկնածուներից ով կընտրվի, նրանք իրականացնելու են այն քաղաքականությունը, որն արդեն մշակված է և իրականացվելու է»։

Այդ առումով, Գոհար Իսկանդարյանը կարծում է, որ մի արձանագրում կարևոր է կատարել։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Իրանում էր՝ մասնակցելու նախագահ Ռայիսիի թաղման արարողությանը, հանդիպեց նաև հոգևոր առաջնորդին, որի ժամանակ վերջինս  հայ-իրանական հարաբերություններին վերաբերող կարևոր վերահաստատում արեց։

«Հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ Հայաստան-Իրան սահմանը խիստ կարևոր է եղել լուսահոգի Ռայիսիի համար և իրենք հանձնառու են այդ քաղաքականությունը շարունակել և ով էլ, որ ընտրվի հաջորդ նախագահ, նրանք անպայմանորեն պահպանելու են այս գիծը։ Այսինքն՝ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են հոգևոր առաջնորդի ուշադրության կենտրոնում և հայ-իրանական սահմանը իրենց համար կարմիր գիծ է։ Սա բազմիցս հայտարարվել է»։

Թեկնածուներից ո՞ւմ կողմում կլինի իրանահայ համայնքի համակրանքը՝ իրանագետը վաղ է համարում այս մասին խոսելը, քանի որ երեկ միայն հայտարարվեց թեկնածուների անունները։ Ըստ նրա՝ առաջիկա օրերին թեկնածուներն իրենց ելույթներում անպայմանորեն կանդրադառնան Իրանի կրոնական փոքրամասնություններին, որոնցից են նաև հայերը։

«Դրանից հետո արդեն պարզ կդառնա արդեն հայ համայնքի կողմնորոշիչները, որովհետև նրանք ևս պետք է տեսնեն, թե թեկնածուներից ո՞ր մեկը ինչպիսի, այսպես ասած, խոստումներ կամ առաջարկներ է անում կրոնական փոքրամասնություններին։ Դրանից հետո միայն պարզ կդառնա, թե համայնքը ո՞ր կողմն է նախընտրում համագործակցելու, ո՞ր թեկնածուի հետ է ցանկանում համագործակցել»։

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին՝ կապված մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա շրջապատի զոհվելու հետ։

Back to top button