ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

1976թ քարտեզով Բաքուն պետք է վերադարձնի Հայաստանից գրաված տարածքները․ քարտեզագիր

1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնա վրա սահմանազատումն իրականացվում է 1976թ-ի քարտեզներով, պնդում են Հայաստանի իշխանությունները։ Քարտեզագիրը պարզաբանում է՝ թեև այդ քարտեզները գաղտնի են, այդ թվականների՝ իր ունեցած քարտեզներով Ադրբեջանի զինված ուժերը պետք է հեռանան Ջերմուկից, «Սև լճերից» և բոլոր այն տարածքներից, որտեղ տեղակայվել են 2021 և 2022 թվականներին։

Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժած ադրբեջանական զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի տարածքից, եթե սահմանազատումն իրականացվում է 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ 1976 թվականի ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի գաղտնի քարտեզներով, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը․

«Ես այսօր կարող եմ պատկերացնել, թե ինչ քարտեզներ են, քանի որ դրանց տարբերակը ձեռք եմ բերել ինտերնետից։ Ինչ-որ մեկը դրանք բոլորը դրել էր ինտերնետ, այդ գաղտնի քարտեզները գիտեմ՝ մոտավոր ինչ են։ Եթե մենք գնանք 1991 թ Խորհրդային Միության քարտեզներին, որն Ալիևը ընդունել է, ինքը պետք է հեռանա այն բարձունքներից, որ 2021թ մայիսին ներխուժել է Հայաստանի տարածք և գրավել։ Օրինակ՝ պետք է հեռանա Վերին Շորժայից, Ջերմուկի այն շրջանից, որ գրավել է, «Սև լիճը» պետք է վերադարձնի Հայաստանին, Նոր Հանդի տարածքը պետք է վերադարձնի, որ գրավել է, Տող գյուղի տարածքը պետք է վերադարձնի, որ գրավել էր, Կապանի մոտ տարածք կա, որ գրավել է, դա նույնպես, դրանք բոլորը Ադրբեջանը պետք է վերադարձնի, եթե այդ սահմանների վրա հիմնվենք, և եթե Ադրբեջանը կատարի իր հանձնառությունը»։

Նախօրեին ՀՀ վարչապետը խորհրդարանում ցույց տվեց այն քարտեզը, որով իրականացվում է սահմանազատումը և վստահեցրեց, որ մանրազնին աշխատանք է կատարվել, և այդ քարտեզների 19 էջերով վերարտադրվել է Հայաստանի սահմանի ամբողջ պարագիծը.

«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ ՀՀ կառավարությունում ԱԽ–ի և ավելի ընդարձակ ձևաչափով տեղի են ունեցել բառի բուն իմաստով տասնյակ քննարկումներ։ Ըստ էության, մեր այդ որոշումները, մոտեցումները անցել են իրավական փորձաքննություն, թե ինչքանով են մեր արձանագրած կամ նշմարվող որոշումները դե յուրե հիմնավորված։ Ես որևէ կասկած չունեմ այդ որոշումների իրավական հիմնավորված լինելու մեջ։ Հիմա կարող եմ ավելի բաց ասել, որ մենք, շատ մանրազնին աշխատանք կատարելով, ահա այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք քարտեզների վրա ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։ Ընդ որում` դե յուրե հիմնավորված թղթերով, սա շատ կարևոր է»։ Այս քարտեզը դե յուրե իրավական ուժ ունեցող քարտեզ է վստահեցնում է վարչապետը։

1976 թվականի ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ  քարտեզները, որոնցով1991թ ընդունվեց Ալմա-Աթայի հռչակագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո, խիստ գաղտնի են, և ամեն մարդ չի կարող տեսնել դրանք, ասում է քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։ Նրան ևս իրավունք չի վերապահվել տեսնելու, թեև քարտեզագիրը դրանք տեսել է համացանցում, երբ կարճ ժամանակով տեղադրվել են, հետո հեռացվել․

«Այդ քարտեզները բավականին մեծ թվով քարտեզներ են և մանրակրկիտ ցույց  են տալիս, թե սահմանը ո՞ր տեղով է անցնում։ Դրանք 1969-70–ական թվականներին ստորագրվել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից և վավերացվել ու կնքնվել, դրա համար է 1976 թ նշվում, քանի որ մինչ այդ աշխատանքները կատարվել էին։ Դրանք ԽՄ ԳՇ քարտեզներն են, որոնք 1975-1976 մինչև 1982 թ․ հրատարակվում էին, բայց  դրանք բոլորը գաղտնի քարտեզներ են, հասանելի չեն ժողովրդին, միայն մասնագետներն ու դրանով զբաղվողներն են դրանք տեսնում։ Ես քարտեզների մասնագետ լինելով, հրավիրվել էի կադաստր, որպես խորհրդատու, բայց այդ քարտեզները ինձ ցույց չտվեցին, ասացին՝ դուք գաղտնիության վավերացում չունեք, ես էլ դուրս եկա այնտեղից»։

Սահմանազատումն իրականացվում է 1991թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բազմիցս հայտարարել են Հայաստանի իշխանությունները, բայց նաև նշում են, որ Ալմա-Աթայի հռչակագիրը դեռևս չի հաջողվում ներառել խաղաղության համաձայնագրում, քանի որ Բաքուն դեմ է դրան։

ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ դեռևս չի հաջողվում առաջընթաց գրանցել այդ ուղղությամբ, սակայն աշխատանքները շարունակվում են։

«ՀՀ կողմից պատրաստակամություն կա հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և կյանքի կոչելու, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Ադրբեջանի կողմից այն հարցերի շուրջ, որոնց մասին մենք նախկինում խոսել էինք և ասել, որ դեռևս գրավոր համաձայնություն այս հարցերի շուրջ ձեռք բերված չէ, շարունակում են տարբերություններ լինել դիրքորոշումներում։ Աշխատանքները շարունակվում են և լիահույս ենք, որ կհաջողվի հասնել միասնական տեքստի»։

Փոխարտգործնախարարը ևս մեկ անգամ հստակեցնում է, որ սահմանազատման գործընթացի սկզբունքն այն է, որ վերականգնվի 1991թ. սահմանագծի առկա իրավական, իրավաբանական ուժը։ Իսկ դրա համար պետք է կիրառվեն ամենաթարմ քարտեզները, որոնք գոյություն ունեին 1991թ, այն է՝ 1976թ. Գլխավոր շտաբի քարտեզը։

Նրա խոսքով՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հայտարությունում ամրագրված է, որ սահմանազատումը պետք է իրականացվի հենց Ալմա–Աթայի հռչակագրի հիման վրա։

Քարտեզագիր Ռուբեն Գալչյանն էլ վստահեցնում է, որ ըստ 1976թ քարտեզների, Հայաստանի արևելյան սահմաններում Տավուշից մինչև Իրանի սահման Հայաստանին պատկանող 210 ք/կմ իշխող բարձունքներ Ադրբեջանը պետք է վերադարձնի։ Կլինի այդպես, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, ասում է քարտեզագիրը, միաժամանակ կասկած հայտնելով, որ Բաքուն կհեռանա հայկական տարածքներից։

Back to top button