ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է խոստանում մայիսի 24-ին

Վերջին զանգն այս տարի մայիսի 24-ին է։ Հանրակրթական դպրոցներն այս տարի կունենան շուրջ 60.000 շրջանավարտ: Տավուշի 9-րդ և 12-րդ դասարանների շրջանավարտներն առաջինն են, որոնք դպրոցը կավարտեն հանրակրթության նոր չափորշիչով։ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝  ոստիկանությունը մայրաքաղաքում և մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացնելու է։ Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկաններ: Մարզերի դպրոցներում ու հարակից տարածքներում հասարակական կարգը կապահովեն պարեկները:

Վերջին դասին հաշված ժամեր են մնացել։ Հանրապետության ավելի քան 1500 դպրոցներում մայիսի 24-ին կհնչի վերջին զանգը։ Վերջին դասին կմասնակցի 20․554 շրջանավարտ, ևս 39․406 շրջանավարտ էլ հրաժեշտ կտա հիմնական դպրոցին։ Վերջին դասը յուրաքանչյուր դպրոց յուրովի է կազմակերպելու:

Դպրոցներում ավարտական միջոցառման վերջին փորձերն են, իսկ անելիքներ դեռ շատ կան: Տոնական միջոցառումները նաև ոստիկանության ուշադրության կենտրոնում են: Ոստիկանական ստորաբաժանումները տոնական տրամադրությունն ու մասնակիցների անվտանգությունն ապահոփվելու համար կանցնեն ուժեղացված ծառայության։ Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյան․

«Կարևոր է, որ նախ ծնողները գիտակցեն, որ դեռևս երեխաների հետ գործ ունեն, և չի կարելի տրանսպորտային միջոցը տրամադրել երեխային, կամ թույլ տան, որ անչափասհասը ալկոհոլ օգտագործի, կամ չարաշահի, կոնֆլիկտներ առաջանան»։

Աշակերտների՝ մեքենա վարելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, վիճաբանությունների մեջ ներգրավվելու և հակահասարակական այլ երևույթների դեպքում պատասխանատվությունը կիսելու են նաև ծնողները։ Ոստիկանները ծառայություն են իրականացնելու ոչ միայն ավարտական միջոցառումների ժամանակ, այլև երեկոյան՝ տոնական խնջույքների վայրերի մոտակայքում, ընդ որում՝ ոչ միայն մայիսի 24-ին, այլև մայիսի 25-ին, 26-ին և 27-ին։ Էդգար Պետրոսյանն ասում է, որ ոստիկանության գործողությունները մանկավարժական կոլեկտիվների հետ նախապես համաձայնեցվել են։

«Մանկավարժական կոլեկտիվների և երեխաների հետ առանձին աշխատանքներ ենք տանում։ Մեր գործողությունները համաձայնեցնում ենք մանկավարժական կոլեկտիվի հետ։ Եթե անհրաժեշտություն առաջացավ ոստիկանների միջամտության, հասարակական կարգի պահպանության, օգնում ենք կապ հաստատել և համագործակցել։ Ոստիկանության կողմից ներկայացվում են այն կարևորագույն պայմանների պահպանումը, որպեսզի երեխաները չտուժեն»։

Ոստիկան–դպրոց համագործակությունը կարևորում են նաև դպրոցները։ Երևանի համար 185 հիմնական դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյանը չի հիշում մի դեպք, երբ ոստիկանության միջամտության կարիքը առաջանար։

«Պաշտոնավարման չորս տարիների ընթացքում երբևէ չեմ կարող մտաբերել, որ ինչ–որ միջադեպ, խնդիր ենք ունեցել վերջին զանգի կամ ավարտական երեկույթի հետ կապված»։

«Վերջին զանգի» միջոցառումների ընթացքում իրավապահների խնդիրն է մանկավարժների և ծնողների հետ համագործակցված ապահովել աշակերտների անվտանգությունը, որ չխաթարվի տոնական տրամադրությունը: Շնորհավորելով բոլոր շրջանավարտներին, ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հիշեցնում է՝ առջևում ավարտական, միասնական քննություններն են: Ընդ որում՝ Տավուշի մարզի 9-րդ և 12-րդ դասարանցիները հանրապետությունում առաջինն կավարտեն Հանրակրթության պետական չափորոշչով ուսանելուց հետո։

«9-րդ դասարանում քննությունների ձևաչափը փոխվել է։ Մասնավորապես, գրականություն և պատմություն առարկաների համադրված «էսսե» աշխատանք գրելու հնարավորությունն է ներառվել։ Նաև բնագիտամաթեմատիկական առարկաները ստուգվելու են ոչ միայն թեստային աշխատանքների միջոցով, այլև սովորողի ընտրությամբ, կարող են նախագծային աշխատանքների միջոցով ևս իրականացվել։ Նույն մոտեցումը նաև 12-րդ դասարանի ավարտական քննություններում է ներդրվել»։

Տավուշի մարզի 12-րդ դասարանցիները հնարավորություն են ունեցել մասնակցելու  հունվարի քննություններին։ Նրանք կմասնակցեն նաև հունիսին և հուլիսին կազմակերպվելիք՝ արդեն նոր ձևաչափով քննությանը։ Բուհ ընդունվելիս հաշվի կառնվի ամենաբարձր արդյունքը։ Հիմնական փուլի միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 11-ից։

Back to top button