ԿարևորՀասարակություն

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի Անտառային հարցերով ֆորումի 19-րդ նստաշրջանին

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը ՄԱԿ-ի քարտուղարության հրավերով աշխատանքային այցով գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անտառային հարցերով ֆորումի 19-րդ նստաշրջանին։

Էկոպաեկային ծառայության պետն իր ելույթում խոսել է անտառային ոլորտի խնդիրների լուծմաննն ուղղված քայլերից և միջոցառումներից․

«Ամեն տարի անտառային տարածքներում ավիացիոն միջոցառումներ են իրականացվում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի համար, իսկ 2023 թվականին՝ Հայաստանում առաջին անգամ, քիմիական հսկողության փոխարեն հսկողություն իրականացվեց կենսաբանական պատրաստուկների միջոցով, որն ավելի անվտանգ է շրջակա միջավայրի համար և, ըստ նախնական ուսումնասիրությունների, առավել արդյունավետ:

Անտառների պահպանությունն ուժեղացնելու նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ ստեղծվել է Էկոպարեկային ծառայությունը, որը պետական ​​անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է շուրջօրյա հսկողություն՝ խախտումները կանխելու համար։

Վերջին հինգ տարիների ընթացքում պետական ​​բյուջեի ֆինանսավորմամբ, ինչպես նաև՝ տեղական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, պետական ​​անտառային հողերի վրա իրականացվել են շուրջ 5700 հա անտառպատման, անտառվերականգնման աշխատանքներ։

Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) միջոցով ստեղծվել են ջերմոցային համալիրներ՝ փակ արմատային համակարգով բարձրորակ տնկանյութ աճեցնելու համար, և առաջիկա 7 տարում նախատեսվում է իրականացնել 5700 հեկտար անտառտնկման աշխատանքներ պետական ​​անտառային հողերում և համայնքային տարածքներում, ինչպես նաև զարգացնել տնկարանային ու սերմնաբուծությունը»,-նշել է Վլադիմիր Կիրակոսյանը։

Էկոպարեկային ծառայության պետը ընդգծել է, որ բնապահպանական խնդիրների լուծումը և, մասնավորապես, անտառների պահպանումն ու վերականգնումը ՀՀ Կառավարության գերակայություններից է և վերջինս ձեռնարկում է մի շարք գործնական քայլեր՝ դրսևորելով քաղաքական կամքը՝ Հայաստանում անտառների պաշտպանության, վերականգնման և անտառային տարածքների ընդլայնման ուղղությամբ։ Մասնավորապես, հավակնոտ նպատակ է դրվել մինչև 2030 թվականն անտառածածկ տարածքը հասցնել 12,9 տոկոսի և մինչև 2050 թվականը՝ 20,1 տոկոսի:

Back to top button