ԿարևորՔաղաքական

ԼՂ-ից հեռացող խաղաղապահների հարցով պարզաբանումների փոխարեն Մոսկվան պատասխաններ է սպասում Երևանից

Դեռ ամիսներ առաջ Ռուսաստանն առաջարկում էր Ադրբեջանին ԼՂ-ում թողնել խաղաղապահ զորամիավորումը ևս 5 տարի ժամկետով, իսկ օրեր առաջ կողմերը խոսում էին, որ ռուս խաղաղապահները ակտիվորեն կմասնակցեն, օրինակ, ականազերծման աշխատանքներին։ Իրական պատկերը, սակայն, փոքր-ինչ այլ ստացվեց․ երկրորդ օրն է, ինչ կադրեր են հրապարակվում, թե ինչպես են ռուս խաղաղապահները վաղաժամ հեռանում Լեռնային Ղարաբաղից։

Պաշտոնական Մոսկվան՝ արտգործնախարարության մակարդակով նախընտրում է առայժմ չմեկնաբանել հարցը, փոխարենը քննարկման  նոր խնդրահարույց թեմա է առաջարկում՝ արձանագրելով, որ այդ հարցով  սպասում է  պաշտոնական Երևանի արձագանքին։    

Նման դանդաղ ընթացքով ռուսական խաղաղապահ զորամիավորումները հեռանում են Լեռնային Ղարաբաղից․ 1 տարի և 8 ամիս ավելի շուտ, քան նախատեսվում էր ավելի վաղ ձեռք բերված համաձայնությամբ։

ՌԴ արտգործնախարարությունը չի մեկնաբանում Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրս բերման որոշումը։ Արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հարցը հասցեագրում է պաշտպանության նախարարությանը։

Փոխարենը՝ Զախարովան հանգամանորեն արձագանքում  է ապրիլի 5-ի բրյուսելյան եռակողմ՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ-Եվրամիություն հանդիպման արդյունքներին։ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը խոսում է  բանակցությունների արտահոսքի ու դրանց միջոցով ստացված տեղեկությունների մասին  և ըստ դրանց բրյուսելյան պայմանավորվածությունները երրորդ երկրի դեմ ուղղված համարում։

Այժմ Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքն այն տեղեկություններին, թե Երևանի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված են Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրերը:

Ուշագրավն այն է, որ այսպես կոչված «արտահոսքի» սկզբնաղբյուրն այդպես էլ չի վկայակոչվում։ Պարզապես օգտագործվում է «մի շարք լրատվամիջոցներ» ձևակերպումը։

Մինչդեռ նախորդ շաբաթ, բրյուսելյան հանդիպումից օրեր անց, Աժ-ում Նիկոլ Փաշինյանը հստակ ներկայացնում էր Հայաստանի համագործակցության ծրագրերը Ռուսաստանի հետ։ Կտրուկ քայլերի գնալու ազդակներ վարչապետի խոսքում չեն եղել։

«ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել ՌԴ-ի հետ։ Ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլև այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ։ 2018 թվականի մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը՝ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա։ Եվ ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության»։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը հակառակ՝ Հայաստանում քաղաքական-վերլուծական դաշտին հետաքրքրում է բոլորովին այլ հարց՝ ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում Լեռնային Ղարաբաղից։ Դրան զուգահեռ փակվում է 2021 թվականի հունվարին Աղդամում բացված Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։ Հայկական քաղաքագիտական դաշտում աստիճանաբար տարածում է գտնում կարծիքը, որ սա հնարավոր պայմանավորվածության արդյունք է, բայց ինֆորմացիայի սղությունը թույլ չի տալիս ավելի ստույգ պատկերացումներ ունենալ, թե որ ուղղությամբ։

Քաղաքագետ Արմեն Վարդանյան․ «Առավել քան վստահ եմ, որ այստեղ տեղի է ունեցել գործարք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ մասին նաև ադրբեջանական որոշ փորձագետներն են արդեն խոսում։ Թե ինչ տեսքով է եղել կամ ինչի շուրջ է եղել այդ գործարքը դեռևս չենք կարող ասել, բայց ապագայում դա, կարծում եմ, կբացահայտվի։ Մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունը այս տարածաշրջանում ավելի է թուլանալու։ Ես գիշերը կարդացի նաև Սատանովսկու գրառումը, որ 300-350 տարվա ներկայությունից հետո Ռուսաստանը, կարծես թե, կորցնում է Հարավային Կովկասը։ Նույնիսկ ռուսներն են արդեն սկսել գիտակցել դա»։

Քաղաքագետը հիշեցնում է՝ Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց։

«Խորհրդային միության փլուզումից հետո չորրորդ դեպքն էր, երբ Ռուսաստանը խաղաղապահներ էր տեղակայել իր տարածքից դուրս և առաջին անգամ է, որ ինքնակամ են դուրս գալիս, այսպես ասեմ։ Նախորդ երեք անգամները վերաբերում են Աբխազիային, Հարավային Օսիային և Մերձդնեստրին, որտեղ մինչև այժմ էլ տեղակայված են։ Ինչքան էլ Վրաստանի ու Մոլդովայի իշխանությունները կոչ են անում դուրս հանել այդ խաղաղապահներին, նրանք չեն հանում»։

Պաշտոնական Վաշինգտոնը նույնպես արդեն արձագանքել է Արցախից ռուս խաղաղապահ զորախմբի վաղաժամ հեռացմանը։ Ընդ որում` պետքարտուղարությունում փոխխոսնակ Վեդանտ Պատելին ուղղված հարցը ձևակերպվել է այնպես, որ ռուսները սկսել են իրենց ուժերը դուրս հանել և տեղակայել Ուկրաինայում։ Թե ինչ հետևանքներ դա կունենա Հարավային Կովկասում, Պատելը պատասխանել է․

«Մենք բանակցված եռակողմ պայմանավորվածության կողմ չենք, որը 2020 թվականին վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում պատերազմին, և այդ տարածաշրջանում ռուսական զորքեր տեղակայվեցին։ Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, թե Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանին։ Անցած աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները դա են ցույց տալիս, դա ևս մեկ կարևոր օրինակ է, թե ինչպես Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ»։

Նույն մեղադրանքները Ռուսաստանը հնչեցնում է հավաքական Արևմուտքի հասցեին։ Մինչ Մոսկվան պնդում է, թե ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու դեպքում այդ տեղը զբաղեցնելու են ՆԱՏՕ-ական զորքերը, քաղաքագետ Արմեն Վարդանյանը վկայակոչում է Գրանադայի քառակողմ հանդիպմանը ստորագրված փաստաթուղթը, որի կետերից մեկով հստակ նշվում է, որ Արցախի հայությունը միջազգային մոնիտորինգի ներքո պետք է վերադառնա իր պատմական բնօրրանը։ Քաղաքագետը ենթադրում է, որ նաև այս կետի շուրջ անհամաձայնության պատճառով Ալիևը չմեկնեց Գրանադա, բայց չի էլ բացառում, որ այս պահին էլ Ադրբեջանի վրա տարբեր կողմերից ճնշումները շարունակվում են։

Back to top button