ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արցախից տեղահանված ուսուցիչները հետաքրքրված են մարզերում աշխատելու առաջարկով. նախարար

Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունում: Խոսքը, մասնավորապես, հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխման մասին է, որով վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից, արդյունքում` ամբողջությամբ վերանավել է տնօրենների նշանակման կարգը։ Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շրջանակում լրավճարներ տրամադրելու նպատակով 2024 թվականին ուսուցիչներին կհատկացվեն միջոցներ:

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների աշխատանքով ապահովելու նպատակով կառավարությունը չզեկուցվող հարցերի թվում որոշեց գումար հատկացնել ՀՀ մարզերի դպրոցներին։  Գործադիրի նախորդ որոշմամբ բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մարզային դպրոցներում՝ առանց մրցույթի ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում։ Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում, բացի 30 տոկոս հավելավճարից, ամսական լրացուցիչ  50 հազար դրամ է նախատեսվում։

Նախագծով անհրաժեշտ միջոցներն ըստ մարզերի կբաշխվեն՝ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Բավական մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից, այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, և դիմումների թիվը գնալով ավելանում է։ Եվ նաև դա է պատճառը, որ զուգահեռ այժմ մեկ այլ նախագիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք։ Այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն դիմելու և այս ընթացակարգով աշխատանքի անցնելու։ Մենք տեսնում ենք, որ այն պահից, երբ մարդիկ ավելի կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, ավելի մեծ պատրաստակամությամբ օգտվում են այս ծրագրից»։

Նախարարը հայտնեց, որ համակարգում արդեն աշխատում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ։ Նրանց մի մասն այս կարգով է աշխատանքի անցել, մյուսներն այն ուսուցիչներն են, որոնք կամ Երևանում դպրոցներում են աշխատանքի անցել, կամ պարզապես մասնակցել են մրցույթների։ Ծանոթանալով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետարքրքվեց նաև բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաների կրթական ճակատագրով։

Նիկոլ Փաշինյան-Մենք հետազոտե՞լ ենք, համոզվա՞ծ ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր դպրոցահասակ երեխաները ներգրավված են հանրակրթության ոլորտում։

Ժաննա Անդրեասյան-Այո, կարող եմ ասել, որ այդպիսի վստահություն ունենք։ Հիմա մենք նաև մարզերից ստացվող հատուկենտ ահազանգերով տեսնում ենք, որ կրթությունից դուրս մնացած կարող են լինել հիմնականում այն երեխաները, որոնց ընտանիքը մի քանի բնակության վայր է փոխել։ Մի քանի այդպիսի դեպքեր ունենում ենք, որ ահազանգում են՝ արդեն հիմա այս բնակավայրում են, և երեխան դպրոց պետք է գնա։ Մարզերի հետ արագ, օպերատիվ աշխատում ենք, և այդ հարցերը լուծում ենք։

Գերատեսչության մյուս զեկույցը տնօրենների նշանակման նոր կարգի մասին էր։ Այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված դարձնելու հնարավորությունը: 

Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի հաստիքին, նախ պետք է հավաստագրման  գործընթաց անցնի, այսինքն՝ թեստավորում, որը հիմնականում օրենսդրության իմացությունն է ստուգում: Այնուհետև հավաստագիր ունեցող անձինք դիմում են տնօրենի թափուր տեղի մրցույթին՝ ներկայացնելով զարգացման ծրագիր, որը ևս փորձաքննության է ենթարկվում։ Հարցազրույցի փուլին են հասնում միայն  դրական շեմը հաղթահարած  հավակնորդները։ Այստեղ նախարարը մտահոգիչ պատկեր է արձանագրում։ 

«Միջինում մոտ 15 տոկոսն է, որ դրական շեմը հաղթահարում է զարգացման ծրագիր ներկայացնելու փուլում, այսինքն՝ շուրջ 85 տոկոսը դրական գնահատական չի ստանում, և այս 15 տոկոսից էլ շուրջ 60 տոկոսն էլ չի հաղթահարում հարցազրույցի փուլը, ինչը նշանակում է՝ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա»:

Որոշման նախագծով առաջարկվող կարևոր փոփոխություններից է նաև կանոնադրության փոփոխություններով ամրագրվող կրթահամալիրների՝ համայնքային կենտրոններ լինելու գաղափարը:  Ըստ այդմ՝ կանոնադրությամբ հաստատության խորհրդին են վերապահվում մի շարք վերահսկողական գործառույթներ, մասնավորապես՝ այն պետք է հաստատի կրթահամալիրի մարզադահլիճի և հանդիսությունների սրահի միջոցառումների և մրցումների տարեկան պլանը: Խորհուրդը պետք է նաև քայլեր ձեռնարկի, որ համայնքային դպրոց-կենտրոնում ապահովվի  ոչ միայն նախադպրոցական և դպրոցական կրթությունը, այլև ոչ ֆորմալ կրթություն ստանալու, մարզաձևերով զբաղվելու հնարավորությունը: Առանձին կհաստատվի նաև հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնների կանոնադրությունը:

Back to top button