ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ է․ ԵԽԽՎ պատվիարակները՝ եվրոպական արժեքների կարևորության մասին

Ապրիլի 15-19 Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայ պատվիարակները ներկայացրել են Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպման մանրամասները, խոսել ժողովրդավարության առջև այսօր ծառացած մարտահրավերների մասին և կարևորել ժողովրդավարությունը որպես բարձրագույն արժեք պահելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանական պատվիարակությունը մեկ տարով զրկված է նիստերին մասնակցելու հնարավորությունից՝ Լաչինի միջանցքը փակելու և ԼՂ բռնի տեղահանություն իրականացնելու և ԵԽ առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, սակայն Բաքվում ժողովրդավարության անմխիթար վիճակին նույնպես Ստրասբուրգում անդրադարձ է եղել։ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ նախկին զեկուցողը լրատվամիջոցներին հայտնել է, որ այդ երկրում անօրինական ձերբակալությունների մասին բազմաթիվ զգուշացումներ են հնչել, սակայն դրանք մնացել են անտեսված։

Ժողովրդավարությունը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների, հատկապես այսօրվա ագրեսիայի, պատերազմների, ճգնաժամերի պայմաններում, սակայն ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է ժողովրդավարական հասարակություն կառուցելու և պահպանելու համար, ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Եվրոպայի խորհրդի անդամ երկիր լինելու արտոնությունը ժողովրդավարության բարձր որակի, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության նկատմամբ լիարժեք հարգանքի վկայությունն է: Միևնույն ժամանակ, այդ արտոնությունը երկնքից իջած բարիք չէ, և կազմակերպության յուրաքանչյուր անդամ երկիր պետք է ամենօրյա ջանք գործադրի՝ պահպանելու մեր հիմնարար արժեքներին համապատասխանող ժողովրդավարության մակարդակը: Ժողովրդավարությունը մի երևույթ է, որը մշտապես բախվել և բախվում է մարտահրավերների, հատկապես այսօր, երբ մենք ականատես ենք լինում ագրեսիայի, պատերազմների, խժդժությունների, ճգնաժամերի և անկայունության ամենաահասարսուռ դրսևորումների, ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Այստեղ՝ Եվրոպայի խորհրդում, մենք պետք է գործենք այն գիտակցմամբ, որ ժողովրդավարական խաղաղությունը պարտադիր պայման է իրավունքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական հասարակություն կառուցելու և պահպանելու համար»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոսել է նաև տեխնոլոգիական առաջխաղացման դարաշրջանում ընձեռվող նոր հեռանկարների ու հնարավորությունների մասին, ընդգծել, որ անհրաժեշտ է տեխնոլոգիական զարգացումները ծառայեցնել ժողովրդավարության առաջընթացին։

Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է, որ վերջին 75 տարում մշակվել են ժողովրդավարության տարբեր հաջողված մոդելներ, սակայն կան պետություններ, որտեղ ժողովրդավարությունը նահանջ է ապրում․ «Ժողովրդավարությունից նահանջը մտահոգիչ հիմնախնդիր է մեր կազմակերպության համար, և մենք չպետք է թերագնահատենք մեզ բոլորիս վրա վերջինիս ունեցած ազդեցությունը:

Մենք պետք է ակտիվորեն դիմակայենք դրան և ժողովրդավարությունից նահանջի նկատմամբ կիրառենք արժեքների, այլ ոչ թե իրական քաղաքականության վրա հիմնված մոտեցում՝ հավասար վերաբերմունք դրսևորելով ժողովրդավարությունից նահանջող բոլոր երկրների նկատմամբ»։

Նա շեշտել է, որ կազմակերպության նպատակն է նպաստել իրական ժողովրդավարության կառուցմանը, ոչ թե արհեստական, կեղծ, որը շղարշ է ծառայում` ավտոկրատ ռեժիմները և նրանց իրավախախտումները քողարկելու համար:

Ժողովրդավարական արժեքները անտեսելու, լրագրողներին իրենց պարտականությունները կատարելու, քաղաքական գործիչներին իրենց դիրքորոշումն արտահայտելու համար ձերբակալելու Բաքվի գործելաոճը անընդունելի է համարել Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ նախկին զեկուցող, զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով զեկուցող Ստեֆան Շենակը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում։ Նա շեշտել է, որ եթե Բաքվում կարծում են, թե նավթ ու խավիար վաճառելով կարող են իրենց ամեն բան անելու իրավունք վերապահել, ապա սխալվում են։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը ուշագրավ է թերևս ադրբեջանական պատվիարակների բացակայությամբ։ Նրանք հեռացվել են ԵԽԽՎ նիստերից առնվազն մեկ տարով և կարող են վերադառնալ կառույցի առջև ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում միայն։ Ադրբեջանցի պատգամավորներին վեհաժողովից հեռացնելու առաջարկի հեղինակ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն ժամանակին բացահայտել էր ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» աղմկահարույց փաստերը, ըստ որոնց՝ Ալիևը միլիարդավոր դոլարներ է ծախսել ԵԽԽՎ որոշ պատգամավորների կաշառելու համար, որ նրանք կառույցում պաշտպանեն Բաքվի շահերը։ Իբրև ադրբեջանական պատվիարակներին ԵԽԽՎ-ից հեռացնելու հիմնավորում, նա նշել էր Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը ու ևս մի շարք հիմնավորումներ։

Փորձագետները չեն բացառում, որ Բաքվի լոբբիստան աշխատանքի արյունքում Թուրքիայի, Սերբիայի, Հունգարիայի պատվիարակները ներկայանան ԵԽԽՎ Ադրբեջանի ձայնի իրավունքը վերադարձնելու առաջարկով։ Առայժմ այդ մասին տեղեկություններ չկան։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման առանձին քննարկման նյութ չէ վեհաժողովի գարնանային նստաշրջանում, թեև հայ պատվիարակները ներկայացրել են Բրյուսելում կայացած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպման մանրամասները։

Աշխարհի ուշադրության առանցքում այս օրերին իրանա-իսրայելական սրված հարաբերությունների հարցն է ու ռուս-ուկրաինական պատերազմը։

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի հարցուպատասխանի ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է՝ «Մերձավոր Արևելքի՝ առանց այդ էլ բավականին անհանգիստ ջրերում ևս մեկ պատերազմը չափազանց մեծ կլինի համաշխարհային անվտանգության և այնտեղ ապրող մարդկանց համար»։

Նա դատապարտել է Իրանի հարձակումը Իսրայելի վրա․

«Բացի երկխոսության, խաղաղության ուղղությամբ աշխատելուց, ավելին Եվրոպայի Խորհուրդը չեմ կարծում, թե կարող է այլ բան անել։ Իհարկե, սարսափելի է այն, ինչ կատարվում է այնտեղ։ Իրանի հետ պատերազմը ընդլայնվելու դեպքում կհանգեցնի համընդհանուր պատերազմի։ Հուսով եմ իրավիճակը կհանդարտվի ու կողմերը կերկխոսեն։ Սարսափելի իրավիճակների ականատես եղանք նաև ուկրաինական պատերազմում»։

Back to top button