ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ձայնագրությունների «փոխհրաձգություն» քաղաքապետարանում. ավագանու նիստում կրկին կրքեր են բորբոքվել

«Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը Երևան համայնքին նվիրաբերել է 5105 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք։ Նվիրատվության ենթակա «գույքն» օգտագործվելու է միայն կանաչապատման, բարեկարգման նպատակով։ Կարևորելով այս նախաձեռնությունը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ «Կասկադը» Երևանի տուրիստական կենտրոններից ու ամենասիրելի վայրերից մեկն է, ուստի այս որոշմամբ բարեկարգվելու ու վերջնական տեսքի է բերվելու համալիրը։

«Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը Երևանի քաղաքապետարանին կնվիրի սեփականության իրավունքով իրեն պատկանող ընդհանուր 5105 քառակուսի մետր մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները՝ պայմանով, որ նշված տարածքում կառուցապատման աշխատանքներ չեն կատարվելու, այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով: Որոշման նախագիծը Երևանի ավագանու նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը: Նաև հիշեցրեց, որ ավելի վաղ «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի կողմից Երևան համայնքին է նվիրաբերվել «Կասկադ» համալիրի հարակից տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և Երևան համայնքը պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնելու «Կասկադ» համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքի կապը 50-ամյակի հուշարձանի հետ:

«Այս նախագծի ընդունումից հետո նախատեսվում է քաղաքի գործող հատակագծում համապատասխան նշումներ կատարել՝ տարածքը կանաչապատ պահելու մասով։ Մնացած սահմանափակումները կներառվեն պայմանագրով»։

«Հանրապետություն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կարգավորվում է հարցը, որ անկախ հանգամանքից, թե ով կլինի քաղաքային իշխանությունը, հետագայում այս տարածքը այլ նպատակով չի օգտագործվի։

«Ունենք արդյո՞ք ռեգիստր` որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ, այսպիսի հողատարածքների համար։ Ինչու, որովհետև այս պարտավորությունը ստանձնվում է հավերժի համար։ Ինչպես ես հասկացա պայմանագրից, դա անժամկետ է։ Երևանը անկախ նրա ղեկավարությունից և ավագանու անդամներից, երբեք չի կարող այդտեղ որևէ այլ բան անել և չունի դրա վրա վարչական իշխանություն։ Գուցե մենք առաջարկենք այդ պայմանագրի մեջ որոշակի ժամկետ նշել, թեկուզ 99 տարի, բայց ոչ հավերժի համար։  

Նորմատիվային բազայով ենթադրվում է, որ կառուցապատման սահմանափակումն առկա է՝ անկախ նրանից՝ մենք այս պայմանագրով ֆիքսո՞ւմ ենք դա, թե՞ ոչ, պարզաբանեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Եթե «Կասկադ» համալիրը 50 կամ 100 տարի հետո չի քանդվելու և մեկ այլ բան կառուցվելու, այն տարածքները, որոնք այսօր մենք նվիրաբերությամբ ընդունում ենք, վստահաբար այդտեղ որևէ կառուցապատման աշխատանք՝ ո’չ նորմատվային տեսանկյունից, ո’չ ճարտարապետական տեսանկյունից, չեն կարող նախատեսվել: Եվ այդտեղ կան սահմանափակումներ»։

Ըստ Ավինյանի՝ «Կասկադը» երևանցիների ամենասիրելի վայրերից մեկն է, ուստի համալիրի վերնամասի, հարակից հողամասերի հարցը, որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն, կանաչապատվեն, հանրային տարածքներ դառնան, կարևոր է երևանցիների համար։

Հարցի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պեդրո Զարոկյանը  նկատեց՝  Գաֆեսճյանն ազնիվ բարերար էր, և թերևս դեմ կլիներ Երևանում ընթացող ակտիվ ծառահատումներին։

Անձամբ ինքը կասկածներ ունի կանաչապատման ՀՈԱԿ-ի գնումների առնչությամբ, կարծում է, որ քաղաքապետարանը պետք է տեղական տնկարաններն օգտագործի, մինչդեռ դրանցից ոչ մեկը չի մասնակցում մրցույթներին։

«Այդ նույն տնկիները, որ բերում են՝ երեք մետրանոց, ճշտել եմ Իտալիայում, մեծածախի գինը 30-40 հազար դրամ է։ ՀՈԱԿ-ի ներկայացուցիչներն ամեն տարի գնում են Իտալիա, էդ նույն ապրանքը տեսնում են, հետ են գալիս, Իջևանի «Բերրի վորլդ»-ն այդ ապրանքը երկու անգամ թանկ գնում, տալիս է ՀՈԱԿ-ին։ Ասում եք՝ կոռուպցիա չէ։ Եթե կոռուպցիա չէ, ուրեմն ապաշնորհ ղեկավարություն եք»։

Մայրաքաղաքի ծառերի փոխարինմանն անդրադարձավ նաև
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը՝ կոչ անելով դադարեցնել զանգվածային ծառահատումները։ Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը Վարդանյանին հիշեցրեց ավագանու անդամի՝ 4 տարի առաջ ունեցած ելույթը։

«Ուղիղ 4 տարի առաջ, տիկին Վարդանյան, դուք շատ հստակ, աներկբա ասել եք, որ Երևան քաղաքում բոլոր թեղիները պետք է փոխարինվեն։  Եվ եթե չլիներ 4 տարի առաջվա ձեր ելույթը, ապշեցուցիչ է, թե որքան է հնարավոր ձեր ասածը 180 աստիճան մյուս կողմից ներկայացնել։  Ամենայն հարգանքով, տիկին Վարդանյան, բայց ձեր անկեղծությանը ես չեմ հավատում»։ 

Երևանի ավագանու նիստում կրքերը բորբոքվեցին։ Նախ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Սամվել Մելիքյանը միացրեց ձայնագրություն, որտեղ ՔՊ-ական Արթուր Մանուկյանն ասում էր, թե նույնիսկ 7000 տարվա ծառը չի կարող համարվել հին և հատվել, ապա ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ձայնագրություն միացրեց, որտեղ «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը հայտարարում է, թե քաղաքի թեղիները պետք է հատվեն։

Ձայնագրությունների «փոխհրաձգությունից» հետո քաղաքապետը հիշեցրեց, որ քննարկում են Կասկադի բարեկարգման հարցը՝ առաջարկելով  չմոռանալ, թե  ինչի համար են հավաքվել։

Back to top button