ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Որքանո՞վ է վտանգավոր Հայաստանի արտաքին պարտքի շեմը

ՀՀ արտաքին պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը։ ՀՀ կառավարությունը հաստատել է պարտքի կառավարման ռազմավարությունը, որը ներկայացնում է ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման և պարտքի վերաֆինանսավորման համար անհրա­ժեշտ փոխառու միջոցների ներգրավման, ինչպես նաև ՀՀ կառավարության պարտքի պորտֆելի ծախսերի և ռիսկերի կառավարման ռազմավարությունը: Այն եռամյա ծրագիր է, որը վերանայվում և հրապարակվում է տարեկան պարբերականությամբ, նպաստելով կառավարության պարտքի կանխատեսելի և թափանցիկ կառավարման ապահովմանը:

Վտանգավո՞ր է արդյոք Հայաստանի պարտքի շեմը, որը վաղուց հատել է 11 մլրդ դոլարի շեմը։ Պարտքի կառուցվածքում ավելացել է դրամայինը`  2023–ին կազմելով՝ 45․9 տոկոս՝ 2022–ի 37․9 տոկոսի փոխարեն։ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը դրամային պարտքի ավելացումը դրական է գնահատում։

«Սեփական ազգաբնակչութունից պարտք վերցնելու հետ եմ կապում, ինչը որևէ պայման չի ենթադրում։ Իսկ արտաքին պարտքը, որպես կանոն, որոշակի նպատակներով է տրվում։ Եթե դրանից շեղվում են, ապա կարող են նաև վերանայումներ, պատժամիջոցներ լինել, անգամ՝ կրճատումներ»։

Արտաքին պարտքի մի մասը ՀՀ–ին թույլ չի տվել զարգացնել իրական հատվածի՝ արդյունաբերության այն ճյուղերը, որոնք կարող էին առաջընթաց ապահովել։ Տնտեսագետն այստեղ միտում տեսնում է, բայց նաև նշում է՝ Հայաստանն այս հարցում բացառություն չէ։

Վիճակագրության համաձայն, 2023–ին Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 11 մլրդ 845 մլն դոլար կամ 4 տրիլիոն 795 մլրդ դրամ։ «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը ընդգծում է՝ պարտքի մասին խոսելիս բացարձայկ ցուցանիշով իրական պատկերը հնարավոր չէ հասկանալ, ուստի անհրաժեշտ է ուշադրությւոն դարձնել պետական պարտք– ՀՆԱ հարաբերակցությանը

«Դիտարկվող ժամանակահատվածում դրամային արտահայտությամբ կազմել է 50․5 տոկոս, ինչը մի փոքր ավելի է 2022–ի՝ 49․3 տոկոսի համեմատ։ Այն թույլատրելի մակարդակում է, քանի որ ըստ ՀՀ պետական պարտքի մասին օրենքի, վերջինս չի գերազանցել ՀՆԱ—ի 60 տոկոսը»

Բայց ընդհանուր պետական պարտք– ՀՆԱ հարաբերակցությունը 60 տոկոսի շեմը հատել է՝ խախտելով հարկաբյուջետային ոսկե կանոնը։ Կառավարության պարտքը մինչդեռ կազմում է 48․1 տոկոս , ուստի այն վտանգավոր շեմում չէ։ Պարտքի ավելացումը 2020–ի ծանր իրավիճակով էր պայմանավորված՝ հիշեցնում է տնտեսագետը։ 2024–ի կանխատեսումներն էլ ավելացում են ենթադրում։  

ԿԲ նախագահ Մարտին Գալստյան․ «2024–ին կառավարության պարտք հնա հարաբերակցությունը նախորդ տարվա զգալի նվազումից հետո կավելանա 1․4 տոկոսային կետով, կազմելով 48․4 տոկոս, միաժամանակ պահպանելով 50 տոկոսից ցածր մակարդակը»։

Սովորաբար բյուջեի ծասերը գերազանցում են եկամուտները, ուստի փորձագիտական դաշտում բացատրում են՝ պարտք վերացնելը անխուսափելի է։

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյան․ «Պետական պարտքի ներգրավումը իրականացվում է հիմնականում պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը ապահովելու համար։ Տնտեսության համար պետական պարտք ունենալը բացասական երևույթ չէ։ Աշխարհի որոշ երկրներ՝ ԱՄՆ, Ճապոնիա, ունեն երկրի ՀՆԱ–ին մոտ կամ նույնիսկ գերազանցող պետական պարտք»։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես ընդգծում է՝ այնքան մտահոգիչ չէ պարտքի բացարձակ մեծությունը, որքան դրա թափանցիկության աստիճանն ու օգտագործման արդյունավետությունը։

«Շատ կարևոր է, որ հատկապես արտաքին պետական պարտքը ուղղենք այն ոլորտներ, որոնք արդյունք կստեղծեն, և որից ստեղծված շահույթը կուղղվի պարտքի սպասարկմանը։ Մենք հիմնականում պարտքը սպասարկել ենք պետական բյուջեից և ոչ անհրաժեշտաբար այն գումարներից, որոնք ստացել են արտաքին պարտքի շահավետ օգտագործումից»։

Անցյալ տարի կառավարությունը հաստատեց պարտքի կառավարման 2024–2026 թվականների ռազմավարությունը։2024 թվականին և միջնաժամկետում հարկաբյուջետային քաղաքականությունը ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրին համահունչ ուղղված կլինի թիրախավորված 7% տնտեսական աճի ապահովմանը։ Ըստ այդմ՝ պետական ներդրումների մասնաբաժինը էապես կավելանա, ծախսերի իրականացման արդյունավետությունը կբարձրանա։ Ըստ ռազմավարության՝ միաժամանակ միջնաժամկետ հորիզոնում կապահովվի հարկաբյուջետային կայունությունը՝  կառավարության պարտքը պահպանելով ՀՆԱ 50%-ից ցածր մակարդակում։

2024-2026 թվականներին հարկաբյուջետային քաղաքականության՝ բարձր տնտեսական աճին նպաստելու և ծախսերի կառուցվածքի բարելավման նպատակադրումների ներքո նախատեսվում է էականորեն մեծացնել կապիտալ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում՝ 2026 թվականին հասցնելով 6.6%-ի, իսկ ընթացիկ ծախսերը՝ հասցնելով 22.3%-ի: Արդյունքում միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականությունը ամբողջական պահանջարկի վրա կունենա չեզոք ազդեցություն, միևնույն ժամանակ խթանելով տնտեսության ներուժը։

Back to top button