ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Քարոզչակա՞ն, ռազմավարակա՞ն, թե՞ հոգեբանական․ ինչ խնդիր լուծեց Իրանը՝ հարվածելով Իսրայելին

Մինչ Իրանը հայտարարում է, որ «հաջողությամբ ավարտել է իր գործողությունն Իսրայելի դեմ և մտադիր չէ շարունակել այն», իսկ Իսրայելը ձախողված է համարում Իրանի հարձակումը, միջազգային գլխավոր դերակատարները շարունակում են մտահոգվել  Մերձավոր Արևելքում լարվածության մեծացմամբ։ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքն անդունդի եզրին է և պետք է անհապաղ մեղմել Իսրայելի և Իրանի միջև առաջացած ճգնաժամը: Նման զգուշավորություն ունեն գրեթե բոլոր միջազգային դերակատարները։ Փորձագետները, այս ֆոնին լայնամասշտաբ հարձակումները հավանական չհամարելով, փորձում են հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ և ինչու։

Իրանի՝  հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածներն Իսրայելին հարցեր լուծեցին մի քանի հարթությունում՝ համոզված է արաբագետ Արմեն Պետրոսյանը։ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական հարձակումից հետո Թեհրանը զգուշացրել էր, որ պատասխան հարվածը չի ուշանա՝ հոգեբանական հարթությունում լարվածության մեջ պահելով իսրայելցիներին, ինչը փորձագետը հոգեբանական ահաբեկչություն է որակում իսրայելցիների դեմ։ Թեհրանի հարձակումը նաև քարոզչական ու ռազմավարական դաշտում հարցեր լուծեց՝ կարծում է փորձագետը։

«Պետք է այդ գործողությունն ունենար մաքսիմալ միջազգային լեգիտիմություն, ինչը ևս ապահովվեց, քանի որ դրան նախորդած օրերի ընթացքում իրանական կողմը դիվանագիտական ակտիվ ջանքներ էր գործադրում միջազգային հանրությանն իր գործողության իրավացիությունը ներկայացնելու համար։ Գործողությունը պետք է ունենար ակտիվ քարոզչական ֆոն, որ Իրանը տարածաշրջանի երկրներին և դաշնակից պրոքսի խմբավորումներին ու սեփական հանրությանը ցույց տար, որ համաչափ պատասխան է տալու Իսրայելին, և այդ պատասխանը հստակ նախազգուշացում է լինելու Իսրայելին ու նրա դաշնակիցներին, որ Իրանի նկատմամբ այլևս նման կոպտագույն սխալներ թույլ չտան»։

Իրանն այսպիսով, ըստ արաբագետի, նաև ցույց տվեց, որ թեև ընդհանուր սահման չունի Իսրայելի հետ, բայց ունակ է հեռու տարածությունից՝ երկու երկրի տարածքով, իր օդային ուժերով հարվածներ ուղղել Իսրայելի ուղղությամբ։ Նշանակություն չունի, որ 300-ից ավելի միավորից  ընդամենը 1 տասնյակն է հասել Իսրայելի տարածք՝ ասում է արաբագետը։

«Այստեղ այնքան էլ էական չէ հաշվել կամ հիմք ընդունել այդ գործողության ազդեցությունը կամ նշանակությունը, չափելու համար հիմք ընդունել դրա մարդկային, նյութական, առարկայական վնասները։ Դա չէր կարևորը։ Ավելի կարևոր էր դրա քաղաքական բաղադրիչը, ռազմավարական ու քարոզչական բաղադրիչը, ինչպես նաև հոգեբանական կողմը»։

Եթե Իսրայելի դաշնակիցները չպահեին Իսրայելի օդային տարածքը, Թել-ավիվը դժվար թե կարողանար միայնակ դիմագրավել այդ հարվածներին՝ համոզված է զրուցակիցս։

Իսրայելը խոստացել էր պատասխան հարված հասցնել Թեհրանին, սակայն ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո  չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարձակման մտադրությունը։

The New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Բայդենի վարչակազմը Իսրայելին խորհուրդ է տվել զգույշ լինել և խուսափել Մերձավոր Արևելքում հետագա էսկալացիայից՝ Իրանի օդային հարվածներից հաջողությամբ պաշտպանվելուց հետո։

Իրանագետ Գարիկ Միսակյանն էլ նշում է, որ միջազգային խաղացողները չեն ցանկանում, որ էսկալացիան շարունակություն ունենա՝

«Դատելով պաշտոնական հայտարարություններից ու ԱԽ նիստից՝ եթե իսրայելական կողմից չլինի հարված իրանական տարածքի ուղղությամբ, ապա չեմ կարծում, որ որևէ շարունակություն ունենա այս լարվածությունը։ Իսկ պրոքսի պատերազմը Իրանի ու Իսրայելի միջև շարունակվելու է ինչպես միշտ։ Նաև մյուս դերակատարները՝ սկսած ԱՄՆ-ից մինչև տարածարջանային պետություններ, ոչ մեկին այս փուլում պատերազմ պետք չէ։ Նույնիսկ այն պարագայում, որ Իրանի հարձակման ժամանակ ԱՄՆ–ն լրջորեն օգնեց Իսրայելին պաշտպանվել, սակայն պահանջում է Իսրայելից, որ ավելի չսրի իրավիճակը»։

Փորձագետների համար հասկանալի են նաև Իսրայելի դաշնակիցների հայտարարությունները, ըստ որոնց՝ իրանական կողմը կատարյալ ձախողում գրանցեց։

Արաբագետի ու իրանագետի համոզմամբ՝ Միացյալ նահանգներն  այս պահին ցանկանում է Մերձավոր Արևելքում իրավիճակը կառավարելի պահել, որպեսզի կարողանա ուժերը կենտրոնացնել ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Իրանագետ Գարիկ Միսակյան՝

«Իսրայելական ՀՕՊ հաջողությամբ կարողացավ հետ մղել իրանական հարձակումները և հետ մղել իրանական գրոհը, բայց դա մեծ մասամբ հաջողվեց քանի որ ԱՄՆ և որոշ չափով Մեծ Բրիտանիան փակել էին մինչև Իսրայել հասնող օդային տարածքը և Իրաքի երկնքում և Հորդանանի երկնքում։ Այս դեպքում ստացվում է, որ Իսրայելը սեփական երկիրը պաշտպանելու գործում ավելի մեծ կախվածության մեջ ընկավ ԱՄՆ-ից և պետք է միանշանակ հաշվի առնի ԱՄՆ կարծիքը այս հարցում»։

Փորձագետները դժվարանում են ասել, ինչ որոշում կկայացնի Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, քանի որ վերջինն անկանխատեսելի է իր գործողություններում,  և Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը միայն Իսրայելի որոշումն էր՝ առանց դաշնակիցների հետ համաձայնեցման։

Back to top button