ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Ընդ եղեգան փող ծուխ ելաներ․ հայերի՝ «եղեգի հասարակություն» լինելու ապացույցները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Հայերի շրջանում հնուց ի վեր երաժշտական գործիքներ և կենցաղային տարբեր իրեր պատրաստելու համար հարգի հումք է համարվել եղեգը։ Ճահճուտներում աճող բարակ տեսակի փոխարեն հայ վարպետներն օգտագործել են ավելի ամուր ցողունով բույսը։ Կոմիտասի սրինգից մինչև սրինգով հրեշտակի պատկերով Մոմիկի մանրանկար․ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մինչև հուլիսի 5-ը կգործի հատուկ ցուցադրություն կգործի այս թեմայով։

100 տարի առաջ Կոմիտասը փողային նվագարանների վերին հատվածը նկարագրելու համար գրի առավ և կիրառեց հայերեն «ձայնոց» բառը՝ «պիպիչ» և օտարահունչ այլ անվանումների փոխարեն։

Հայկական ծիրանափողի՝ դուդուկի կարևոր հատվածը հնուց ի վեր պատրաստվել է եղեգից։ Այդ բույսի տարածման աշխարհագրությունը դիտարկելիս պարզ է դառնում՝ հայերը հանդիսացել են «եղեգը գնահատող հասարակություն»։

«Զրույցներ եղեգի հետ» խորագրով ցուցադրությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կգործի 3 ամիս։ Այստեղ համադրվել են Հայաստանում և Ֆրանսիայում եղեգի հետ կապված մշակութային դրսևորումները, քարտեզագրվել  է Ֆրանսիայի հարավից մինչև պատմական Հայաստան բույսի տարածվածությունը։

Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն առանձնակի կարևորությամբ է ներկայացնում Կոմիտասին պատկանող երաժշտական գործիքը։

-20-րդ դարասկզբի սրինգ է, պատրաստված եղեգից, որը պատկանել է Կոմիտասին։

-Սրինգը ինչպե՞ս է հասել թանգարան։

-Սա Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հավաքածուն է, ըստ էության, արխիվային մասի մեծամասնությունը պահվում է այդ թանգարանում և այնտեղից բերվել է այստեղ։

Քամուց սվսվացող սաղարթով և սնամեջ ցողունով բույսի տարածումը արևելքից՝ Արաքսի ափից ձգվել է մինչև Միջերկրական ծովի ավազան։ Մշակման համար եղեգի ամենահարգի տեսակը ամուր ցողունովն է, լատիներեն անվանումը՝ «Արունդո Դոնաքս»։

Խորհրդային տարիներին երաժշտական գործիքներ պատրաստող հայ վարպետներն օգտագործել են Գանձակից, իսկ մինչև 2020թ.-ի 44-օրյա պատերազմն էլ՝ Ջրականից հավաքած բուսատեսակը։ Այժմ հումք հայթայթելը խնդիր է դարձել։ Հարցի լուծման «տարբերակը» նույնպես դարձել է ցուցադրության առարկա․ այն Արցախից բերված «Արունդո Դոնքս»-ի կոճղարմատն է, որը Հայաստանի տարբեր տեղանքներում փորձում է բազմացնել եղեգից ձայնոց պատրաստելու 15 տարվա փորձ ունեցող Հովհաննես Խուդավերդյանը։

«Սորտի մասին է խոսքը, այդ սորտը այլ կլիմայական պայմաններում իրեն լավ չի զգում, սիրում է տաք տեղ, որ ցուրտ ձմեռ չլինի։ Բույսն ինքն իրենով իսպանական ծագում ունի, «Արունդո Դոնաքս» է կոչվում, պետք է կլիմյական համապատասխան պայմաններ լինեն, որ աճի այն որակով, ինչն անհրաժեշտ է ձայնոց պատրաստելուն»։

Եղեգնագործ վարպետն ընդգծում է՝ դուդուկի ձայնն արտաբերող փոքրիկ մասը պատրաստման լուրջ փուլ է անցնում։ Ձայնոցի հիմնական մասը ստացվում է եղեգից, փչելու հատվածի կարգավորիչը՝ խաղողի վազից, իսկ ձևը կայուն պահելու պատասխանատու «ֆիքսատորը»՝ ուռենու ճյուղից։ Գործում կարևոր է նույնիսկ եղեգը հավաքելու ժամանակը։

«Կարևոր է ճիշտ ժամանակին ընտրել, երբ է պետք իրեն կտրել։ Կտրելուց հետո չորացնում ենք արևի տակ, գույնը պետք է հասունանա։ Կտրելն աշնանն է ճիշտ, որովհետև դա եղեգի «ոսկե միջին» տարիքն է, երբ այն ունի համապատասխան ճկունություն և ամրություն»։

«Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության համադրողը արվեստաբան Նայիրի Խաչատուրեանն է։ Նա Հայաստանի քարտեզին նայելով թվարկում է տեղագրական անուններ, որոնցում կա «եղեգ» արմատը։ Եղեգնաձոր, Եղեգիս և ոչ այլն։

«Մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ եղեգը հնուց ի վեր օգտագործվել և նաև հիշատակվել է հայերի կողմից՝ նախ և առաջ Մովսես Խորենացու «Հայոց  պատմության» մեջ։ «Վահագնի ծնունդը»՝ շատ պարզ ասվում է, որ Վահագնը ծնվել է եղեգից»։

Ցուցադրությունում ներկայացված է նաև Մոմիկի 13-րդ դարի մանրանկարը՝ «Հարության տեսարանը»։ Դրանում հրեշտակը շեփորի փոխարեն պատկերված է եղեգնյա սրինգով։ Միջնադարյան պատկերագրության այդ նմուշի ներքևում եղեգնյա նստարան է դրված։ Նայիրի Խաչատուրեանն ասում է՝ այն պատրաստվել է հենց այն ցողուններից, որոնք ստացվել են Հայաստանում տեղայնացված արցախյան կոճղարմատներից։

Back to top button