ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Որ Արցախի ոչ նյութական ժառանգությունը փրկվի․ հեռուստամարաթոն ապագայի համար

Արցախից հայերի  բռնի տեղահանության վերջին ժամերն էին, երբ մշակույթի մի քանի նվիրյալներ որոշեցին զինվորական «ԿամԱԶ»-ով Երևան տեղափոխել Արցախում մշակույթ ստեղծած երաժշտական գործիքները, գեղանկարները, պարահագուստները։ Մշակութային որոշ միավորներ միանգամից վերակենդանացան Հայաստանում։ Արցախի պետական ջազ նվագախումբն, օրինակ, Ուլիխանյան ակումբի աջակցությամբ  հոկտեմբերի 5-ին արդեն բեմին էր։ Չնայած հոգեբանորեն ծանր էր, բայց նվագախումբը հավաքվեց, համալրվեց նոր երաժիշտներով ու ոտքի կանգնեց՝ պատմում է Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը։

«Մետաղը, որ ժանգոտում ա, դրա նման ա, խումբը ժանգոտել էր արդեն, բայց միանգամից անցանք գործի։ Սկսեցինք մեր գործունեությունն ու այդ օրվանից չենք կանգնել, փորձում ենք մեր գլխի ճարը տեսնել, ինքնակազմակերպվում ենք, ունենք շատ լավ ծրագիր։ Ի միջի այլոց՝  մեկ օր առաջ  ենք վերադարձել Կապանից․ ապրիլի 7-ի կապակցությամբ մեծ համերգ էր կազմակերպվել մշակույթի պալատում, շատ լավ արձագանքներ ունենք, մեծ թափ ենք հավաքում»։ 

Տիգրան Սուչյանը

Արցախում նվագախմբի մշտական անդամները 15-ն էին, երբեմն համերգների ժամանակ կարիք էր լինում Հայաստանից երաժիշտներ հրավիրելու, հիմա ունեն 18-20 անդամ, ինչը, մի կողմից, ոգևորող է,  մյուս կողմից՝ ֆինանսական, տեղափոխության ու այլ խնդիրներ է առաջացնում։ Դրանք լուծելու համար նվագախումբը համագործակցում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» -ի հետ։ Այն միավորում է Արցախում գործած պետական համույթները, երգչախմբերը, թատրոնի ու կինոյի խմբակները։ Դրանց պահպանման և վերագործարկման նպատակով կազմակերպությունը փետրվարի 20-ից նախաձեռնել է հեռուստամարաթոն։ ՀԿ-ի ծրագրերի վերահսկողության և հանրային կապերի բաժնի ղեկավար Լուսիա Գասպարյան․

«Գիտակցում ենք, որ մեծ թվով համույթների համար ֆինանսական միջոցներ ձեռք բերելը բարդ գործընթաց է, բայց մենք տարբեր հարթակներում դրամահավաքը շարունակելու ենք, այս պահին ունենք մի շարք պայմանավորվածություններ, այլընտրանքային ծրագրեր, համագործակցություններ։ Շատ կարևոր է մեկնարկային փուլը, որովհետև համույթներից շատերի համար մեկ տարվա ֆինանսական աջակցությունից հետո մեծ երաշխիքներ կան,  որ իրենք կարող են անցնել ինքնաֆինանսավորման»։

Համահայկական հեռուստամարաթոնի խորագիրն է «Փրկենք՝ վաղվա համար»։ Կազմակերպիչները նկատում են՝ այս գործը կարևոր է ոչ միայն Արցախի մշակութային ժառանգության պահպանելու, այլև Հայաստանում մշակույթին նոր շունչ տալու համար։ Արցախի պետական ջազ նվագախմբի ղեկավար Տիգրան Սուչյանը մանրամասնում է՝ նվագախումբն այս փուլում ոչ միայն ելույթներ է ունենում մարզերում, այլև այդ շրջաններից ներգրավում է նոր երաժշտասեր երիտասարդների։

«Հայաստանում շատ կարևոր է, որ շրջաններում զարգանա այլընտրանքային երաժշտությունը։ Ես, լինելով երաժիշտ, նկատում եմ, որ Հայաստանում տարատեսակ, անհայտ ծագման երաժշտությունը,  ոճերը շատ են զարգացել, և մարդիկ մի քիչ հեռվացել են իրական արվեստից, որը թելադրում է որակ և ճաշակ ։ Փորձում ենք մի քիչ մեր մատը խառնել այս ամենին, և ամենակարևորը՝ փորձում ենք այնպես անել, որ երիտասարդների շրջանում սերը զարգանա, որովհետև մարզերում  չկան մշակութային օջախներ, և երիտասարդները չեն շարունակում, որովհետև ապագա չեն տեսնում։ Փորձում ենք ավելի ներգրավել, ու շատ լավ ստացվում է»։

Արցախի ազգային նվագարաններ պետական նվագախումբը

Արցախի ազգային նվագարաններ պետական նվագախումբն, ի տարբերություն Ջազ նվագախմբի, պասիվ փուլում է։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար Լևոն Սարդարյանն ասում է՝ բռնի տեղահանումից հետո երկու համերգ են ունեցել՝ հասարակական հիմունքներով։ Չնայած երաժիշտները աշխատավարձ չեն ստացել ու ծանր հոգեբանական վիճակում են եղել, 1 ու կես ամիս փորձեր են արել, բեմ բարձրացել․

«Իսկապես չեք պատկերացնում․ էդ փորձի ժամանակ կույր աչքը կարող էր տեսնել, որ հոգեբանորեն ջարդված, կոտրված վիճակում են, բայց հաղթահարելով այդ խնդիրները՝ մարդիկ գալիս էին փորձի, համերգի»։

Չկա Արցախ պետությունը, չկան նաև պետական ֆինանսավորմամբ գործող մշակութային խմբերը։ Նրանց լինել-չլինելն այս պահին կախված է դրամահավաքի ու այլ նախաձեռնությունների նվիրատվություններից։ Լուսիա Գասպարյանն ասում է՝ խոսքը 500-ից ավելի մշակութային գործիչների մասին է։ Բացի գլխավոր նպատակից՝ համույթների պահպանումից, ՀԿ-ն նաև կրթամշակութային ընթացիկ ծրագրեր է իրականացնում, կապում Արցախի մշակույթի ներկայացուցիչներին Հայաստանի ու Սփյուռքի հետ։ Հեռուստամարաթոնի արդյունքները կամփոփվեն ապրիլի 20-ին, մինչև այդ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել դրամահավաքին՝ reArmenia հարթակի, Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում նշված հաշվեհամարների միջոցով։

Գլխավոր լուսանկարում՝ Արցախի պետական ջազ նվագախումբը

Back to top button