ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղաքապետարանն ակտիվիստների խոստացած գիտական հիմնավորումը չի ստացել․ թեղիները 10-20 տարվա ընթացքում կհեռացվեն

Քաղաքապետարանը մինչև այժմ էկոակտիվիստների խոստացած գիտական հիմնավորումը չի ստացել։ Մի քանի օր առաջ քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիները, որ բողոքում էին ծառերի փոխարինման գործընթացի դեմ, խոստացան քաղաքային իշխանությանը ներկայացնել գիտական ու փորձագիտական  հիմնավորումներ։ Հենց այդ ժամանակ Ավինյանը հայտարարեց, որ Մելիք-Ադամյան փողոցի թեղիներին առայժմ ձեռք չեն տա։

«Ակնկալում ենք, որ որոշակի գիտական շրջանակներից պետք է ստանանք հիմնավոր որևէ մի փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը և գոնե որոշակի դեբատ կլիներ»,-ասում է Ավինյանը։

Ոլորտի պատասխանատու կառույցի՝ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն է արձագանքում` որևէ նորություն չկա, գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևէ փաստաթուղթ չի ներկայացվել։ Բեգոյանն ասում է՝ օրերս քննարկում են կազմակերպել նաև Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ բոլորը համակարծիք են եղել՝ թեղիներն իրենց կյանքն արդեն ապրել են, պետք է հեռացվեն։

«Կար դժգոհություն կենսաբազմազանության և էկոնոսֆերայի ինստիտուտի կողմից, իրենց ցանկանում էին, որ ներգրավված լինեին, ես խոստացել են որ գիտատեխնիկական խորհուրդ կհրավիրվեն նաև այդ կառույցներից մեկական ներկայացուցիչներ։ Բայց ամեն դեպքում քննարկման հիմնական մեխն այն էր, որ թեղիներն այս սպառել են իրենց, թեղիները երևանի կլիմային այնքան էլ հարմար ծառատեսակներ չեն, որ դրանք բերվել են Երևան, քաղաքը արագ կանաչապատելու համար և որ դրանք պետք է ամբողջովին փոխարինվեն, բայց ցանկանում են ընդգծել, որ այդ փոխարինումը կտևի 10-20 տարի»,– պարզաբանում է Բեգոյանը։

Քաղաքային իշխանությունը նախորդ տարի գարնանը մեկնարկեց նախորդ դարի կեսերին Երևանում տնկված թեղիների փոխարինման գործընթացը։ Մինչև այժմ մայրաքաղաքում արդեն 1000–ից ավելի թեղի է իր տեղը զիջել ավելի երիտասարդ ծառատեսակների։ Այս տարի ծառեր են փոխարինվել արդեն Թումանյան, Սայաթ Նովա, Ալեք Մանուկյան, Բագրատունյան և Ուլնեցի փողոցներում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցնում է՝ ժամանակին հենց 2 տասնյակից ավելի գիտնականներ են ուսումնասիրել ու փաստաթղթի տեսքով ներկայացրել իրենց կարծիքը, ինչի հիման վրա էլ քաղաքապետարանը սկսել է այս գործընթացը։

«Մասնավորապես կցիտեմ այդ փաստաթղթից մի հատված․ Երևան քաղաքի կանաչ տնկարկները լիարժեք չեն կատարում քաղաքային միջավայրին անհրաժեշը էկոհամակարգային ծառայությունները։ մասնավորապես արձանագրվում է որ երևանի կանաչ տարածքներում առկա են դեֆորմացված ու կենսունակության ավարտին գտնվող տեսակներ՝ թեղի մանրատերև, հացենի սովորական և այլն։ Դրանք կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը, աղտոտված օդային ավազանի մաքրման, փոշու կլանման, աղմուկի խլացման գեղագիտական տեսքի և այլ նպատակային նշանակության առումներով։ Այսինքն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները շատ դեպքերում ապահովում են ընդամենը քանակային ներկայություն»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյան

Մայրաքաղաքում արդեն մեկնարկել են նաև ծառերի՝ գիշերային լապտերները, ճանապարհային նշանները փակող ճյուղերի հեռացման աշխատանքները։ «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է՝ պարբերաբար քննարկումներ են ունենում նաև տրանսպորտի վարչության հետ առավել խնդրահարույց հատվածները բացահայտելու համար։

Առաջիկայում գեղարվեստական նոր լուսավորոթյուն կունենան Օպերայի շենքն ու Մայր Հայաստանի արձանը։ Այժմ համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկումներ են ընթանում։ Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասում է՝ առաջիկայում նաև համապատասխան աշխատանքներն իրկակացնելու համար մրցույթ կհայտարարվի։

«Մենք ունենք էսքիզային տարբերակը, այսինքն այն, ինչ ցանկանում ենք որպես վերջնարդյունք տեսնել։ Այդ տարբերակը ներկայացվել է նաև ԿԳՄՍ նախարարությանը, այնտեղ ևս հավանության է արժանացել, ունեցել ենք նաև քննարկումներ, հանդիպումներ հենց նմանատիպ աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ և նենց մասնագետների կողմից էլ հավանության է արժանացրել ու հենց այս էսքիզի շուրջ էլ մրցույթը կհայտարարենք»,-մանրամասնում է Հովհաննիսյանը։

Մեկ շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է առանց համապատասխան թույլտվության տեղադրված ավելի քան 410 գովազդ և ևս 16 մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակ։ Քաղաքապետը հիշեցնում է՝ դեռ նախորդ տարի գարնան է մեկնարկել գերծընթացը, որի նպատակը մայրաքաղաքում տեսողական աղմուկը վերացնելն է։ Սրա հաջորդ փուլն օդում կախված հոսանքալարերից ազատվելն է։

Back to top button