ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Բրյուսելի շուրջ կրքերը չեն հանդարտվում․ ի՞նչ է սպասվում ապրիլի 5-ին

Բրյուսելում վաղը սպասվող ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպումն ու դրա հնարավոր արդյունքներն արդեն մեկ շաբաթ Մոսկվայի, Բաքվի ու Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում են։ Ռուսական ու ադրբեջանական կողմերը մտահոգված են, հանդիպման մեջ ավելի շատ ռիսկեր ու մարտահրավերներ են տեսնում, քան հնարավորություններ։

Մտահոգություններին ի պատասխան՝ Բրյուսելն ու Վաշինգտոնն արդեն մի քանի անգամ պարզաբանել են՝ եռակողմ հանդիպման առանցքում Հայաստան-ԵՄ, Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն են ու տնտեսական երկկողմ գործակցությունը։ Այս հավաստիացումը մեկ անգամ ևս հնչել է նախօրեին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցի ընթացքում։

Հայ փորձագետները նկատել են, որ ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպումից առաջ ԱՄՆ պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցի մասին Վաշինգտոնի ու Բաքվի  հաղորդագրություններն էականորեն տարբեր շեշտադրումներ ունեն։  

Ամերիկյան հաղորդագրությունն ավելի հակիրճ է։  Ըստ դրա՝ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման կարևորությունը, որը տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացման համար արդարացում չկա, և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները»։

Ադրբեջանական հաղորդագրությունն, ըստ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի, հեռախոսազրույցի փոքր-ինչ այլ բովանդակություն է փոխանցում՝ այլ շեշտադրումներով։

Նշվում է, թե Ալիևը Բլինքենին ասել է, որ իր տեղեկություններով  եռակողմ հանդիպման նախապատրաստման գործընթացում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Հայաստանին ռազմական օգնության տրամադրումն է,  համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև  Ադրբեջանին սահմանակից հատվածներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը և Հայաստանին զինումը, այդ թվում  Ֆրանսիայի կողմից, ինչը  հանգեցնում է զենքի մրցավազքի և տարածաշրջանում սադրանքների։

Ըստ Հայրապետյանի՝ ադրբեջանական այս քարոզչությունը թեև կեղծ է, բայց Բաքուն այն դարձրել է օրակարգային։ Նման թեզերով, ըստ ադրբեջանագետի, Ալիևը Արևմուտքին դրդում է ավելի չափավոր և զուսպ լինել Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հարցում։

Ալիևը, ըստ Բաքվի հաղորդագրության,  մտավախություն է հայտնել, թե ապրիլի 5-ը չի հանգեցնի խաղաղության և համագործակցության Հարավային Կովկասում, այլ կբերի  բաժանարար գծերի առաջացման ու լարվածության։ Հայրապետյանն այս առումով արձանագրում է․

«Փաստացի, Ադրբեջանն այնքան հեռուն է գնացել, որ փորձել է հասնել հանդիպման չեղարկմանը, սա կոչվում է ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, որն ուղեկցվում է գետնի վրա տեղեկատվական ու ռազմական ճնշման մեծացմամբ։  Կարճ ասած՝ Ադրբեջանը ուզում է մեն մենակ մնալ Հայաստանի հետ, առանց միջնորդի, առանց բանակցային տրամաբանության և առանց քարտեզի»։

Ալիևը Բլինքենին ասել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ Բեռլինում ԱԳ նախարարների կողմից անցկացված քննարկումները շահավետ են գործընթացն առաջ մղելու համար և որ անհրաժեշտ է արագացնել բանակցությունները։ Նա վստահեցրել է Ադրբեջանի հավատարմությունը 2022 թվականին Պրահայի հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմաթիի հռչակագրին։ Բրյուսելյան հանդիպումից առաջ Ալիևի կողմից  Պրահայի հայտարարությանն ու Ալմա-Աթայի հռչակագրին հավատարիմ լինելու մասին  ձևակերպմանն անդրադարձել է  փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Նման գնահատական տալու համար՝ հավատարի՞մ են, թե՞ ոչ, Ադրբեջանը պետք է համաձայնի, որ պայմանավորվածությունները, մասնավորապես որ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա և դա արձանագրվի թղթի վրա»։

Անհամաձայնություններ սահմանազատման հարցում կան՝ ասել է փոխնախարարը՝ հստակեցնելով նաև, որ եթե պայմանավորվածություններ լինեն, դրանք կհրապարակվեն։

Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը ֆինանսական սպասելիքներ ունի բրյուսելյան հանդիպումից։ Մասնավորապես, խոսվում է հնարավոր 1 մլդ եվրոյի հատկացման մասին։ Այս առումով Վահան Կոստանյանը հստակեցնում  է՝ հանդիպմանը բացառապես տնտեսական բնույթի հարցեր են շոշափելու։

Հանդիպումից առաջ կոշտանում են նաև Մոսկվայից հնչող  հայտարարությունները։ ՌԴ–ն ուղիղ մեղադրում է Հայաստանին Արևմուտքի գործիքը դառնալու և Մոսկվայի հետ հարաբերությունները միտումնավոր լարելու մեջ։ Սրան ի պատասխան փոխարտգործնախարարը նշում է․

«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մեր պետական շահերը համընկնում են։  Ոչ մեկի գործիքը չենք պատրաստվում լինել։ Գուցե մեր ինքնիշխան արտաքին քաղաքականությունը նյարդայնացում է առաջացնում տարբեր մայրաքաղաքներում, դրան որևէ կերպ չեմ կարող արձագանքել միայն կարող եմ առողջություն մաղթել»։

Ռուսաստանից մեղադրանքներին Հանրային հեռուստաընկերության եթերում արձագանքել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյեն։ Դիվանագետի ձևակերպմամբ՝ Հայաստանի դաշնակից  Ռուսաստանը օգնության չհասավ Երևանին, երբ ՀՀ տարածքը երկու անգամ հարձակման ենթարկվեց 2021 և 2022 թվականներին ՀԱՊԿ-ի անդամ պետություն չհանդիսացող երկրի կողմից:

«2023-ին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանը, որը հրադադարի երաշխավորն էր 2020-ից ի վեր, որն ուներ խաղաղապահ զորքեր տեղում ԼՂ-ում , չմիջամտեց: Այսպիսով, եթե ինչ-որ մեկը չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, Ռուսաստանն է, վերջին տարիներին Ռուսաստանն է»։

Բրյուսելում կայանալիք եռակողմ՝ Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպմանն անդրադառնալով՝ Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ կարծում է հանդիպմանն անվտանգային հարցեր չեն քննարկվելու։

Իսկ պաշտպանության ոլորտում, ըստ դեսպանի, Փարիզն աջակցում է Հայաստանին՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։

Back to top button