ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Գոյ»ամարտ ազգային ակադեմիական թատրոնում

«Գոյ» թատրոնի մուտքը մարտի 24-ից փակ է թատերախմբի համար։ Դերասան Գուրգեն Սարգսյանը կիրակի օրը հերթական փորձին գնալիս տեսել է, որ դուռը փակ է և ծանուցում կա՝ աշխատակիցները կարող են շենք մտնել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտքով։ Մեկ շաբաթ անց դերասանները որոշել են հետևել ծանուցմանն ու աշխատանքի գնալ, բայց լրագրողների ուղեկցությամբ։ Նախորդիվ թատերախմբի անդամներից մի քանիսը փորձել են մտնել թատրոն, սակայն նրանցից անցաթուղթ ու տվյալներ են պահանջել՝ ասում է դերասան Սամվել Թոփալյանը։

«Գրել են՝ հարգելի աշխատակիցներ․ եթե հարգանքը սկզբից լիներ, բանը էստեղ չէր հասնի, մարդկային հարաբերություն հենց սկզբից չի եղել։ Ու մենք աշխատակիցները չենք «Գոյ» թատրոնի, դերասաններ ենք, և եթե աշխատակիցներ եք գրում, ինչի ենք մոտենում մուտքին և արդեն չկա անցաթղթերը, եթե դուռը փակում եք մեր առջև, ինչի՞ նախապես անցաթղթերը չեք ապահովում»։ 

Կառավարության որոշմամբ՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Գոյ» թատրոնի վերամիավորման ակտը ստորագրվել է անցած տարվա վերջին։ Մինչ այդ  «Գոյը» մեկ տարի պայքարում էր այդ որոշման դեմ, ամռանը վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել թատրոնը լուծարելու որոշումը։ Թատրոնի աշխատակիցների ու ԿԳՄՍՆ-ի քննարկումները, ըստ դերասանների, կեղծ են եղել․ ոչ թե իսկապես բանակցել են, այլ բանակցության իմիտացիա են ստեղծել՝ ժամանակն իրենց օգտին օգտագործելով։

Թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյան․ «Մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին։ Մեզ առաջարկում են անկախ միավոր դառնալ, բայց ոչինչ չեն անում, մի ամիս բանակացել ենք արդեն փոխնախարարի հետ, և վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ պետռեգիստր են դիմել, միևնույն ժամանակ պայմանավորվել ենք, որ ոչ մի մամուլի ասուլիս, ոչ մի դատական հայց չի արվում։ Այսինքն, ամեն ինչ թողնում ենք այնպես, ոնց որ կա։ Պարզվեց, որ իրենք տակից դիմել են պետռեգիստր ու արդեն «Գոյ» թատրոնի գործունեությունը որպես ՊՈԱԿ դադարեցված էր»։

Թեև երկու թատրոնների միավորումը փաստաթղթերով արդեն իրականություն է, դերասանները միաբերան են՝ «Գոյի» անձնակազմը ոչ մի դեպքում չի լինի Սունդուկյանի անվան թատրոնի կազմում՝ հայտարարեց թատրոնի բեմադրիչ Արթուր Սահակյանը․

«Թատրոնի աշխատանքները ձախողված են մեկ այլ թատրոնի պատճառով, տնօրինության ստեղծած խմբի մասին չեմ ասում, բայց իրենք իրենց պահում են Շոտլանդիայի թատրոններից մեկի պես, որը որ խաղաղ իր գործունեությունն  է անում՝ առանց  հասկանալու, որ իրենց կոլեգաները արժանանում են ապօրինությունների։ Հիմա էստեղ փակ ա դուռը, գնում ենք մտնենք էն կողմից, ոչ մի բան չենք ստորագրելու, քանի որ ստորագրելը նշանակում ա՝ մտնել իրենց կազմի մեջ, մի բան, որ բնությունում չի կարող էդպիսի բան լինել» ։

 «Գոյ»-ը որպես ՊՈԱԿ, լուծարվել է, բայց դերասանները պնդում են՝ իրենց աշխատանքային պայմանագրերի համաձայն՝ աշխատելու ժամանակ դեռ ունեն։ Երբ լրանա պայմանագրի ժամկետը,  կմտածեն՝ ուզո՞ւմ են թարմացնել այն ու դառնալ Մայր թատրոնի դերասան, թե՞ ոչ։ Մինչ այդ՝ փորձում են  մտնել իրենց աշխատավայր։ Շենքում նրանց դիմավորում է Ազգային ակադեմիական  թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսեսյանը․ 

«Կառավարության  որոշմամբ՝ մեր ու ձերը ընդամենը բոլորիս թատրոնն է։ Առանձին չի, դրա մասին հրապարակայնորեն  ասել ենք, Սունդուկյան թատրոնում մուտքը կարտըչկաներով է, քարտով»։

«Գոյիի» դերասաններն արձագանքում են՝ եթե երկու թատրոնների միջև եղել է գույքային ու կադրային ընդունում-հանձնում, և իրենք համարվում են Մայր թատրոնի աշխատակից, ապա ինչո՞ւ նրանց անցագրերը դեռ պատրաստ չեն։ Հրաչ Ներսեսյանը լրագրողներին ու դերասաններին հրավիրում է ներս, բայց ոչ «Գոյ» թատրոնի տարածք, քանի որ «այդ տարածքը վեճի առարկա» է։ Գոյեցիները տեղի են տալիս՝ ի՞նչ կա ներսում, որ չեն ուզում տեսնել։ Որոշվում է՝ ներս կմտնեն երկու աշխատակից ու մի քանի լրագրող, Ներսեսյանի ձևակերպմամբ՝ իրենց հոգու հանգստության համար։ Բեմադրիչ Սարգիս Արզումանյանը արդեն «Գոյի» բեմից ասում է․ 

«Էս ամեն ինչը շատ ծանր է։ Կարծում եմ, որ մի օր էն մարդիկ, ովքեր մնացել են դրսում, գալու են, բարձրանալու են էս բեմ, ու էստեղ լինելու ա հանդիսատեսը։ Կխնդրեմ նաև պտտվենք ու ֆիքսեք, թե ինչ վիճակում է թատրոնը մնացել, ու էսպես, ինչպես վերջին շրջանում են ասում՝ օկուպացվել, էսօր «Գոյ» թատրոնը օկուպացված է, գտնվում ենք օկուպացված տարածքում, վիճելի ա էս տարածքը, ավելի քան վստահ եմ, որ սա տարածքի կռիվ է, «Սունդուկյանը» ասում է՝ իրենն է, «Գոյը» ասում է՝ իրենն է, պետությունը՝ իրենն է, վերջը ո՞ւմն է։ Ինձ թվում է՝ ոչ մեկինը, հանդիատեսինն է»։ 

«Գոյի» տնօրենն այժմ Կարեն Սիմոննյանն է։ Դերասանների խոսքով՝ տնօրեն նշանակվելուց հետո չեն տեսել այդ մարդուն, չգիտեն՝ ով է։ Նախարար Ժաննա Անդրեասյանը տարեվերջին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնել էր՝ տնօրենի նախկին պաշտոնակատարը՝  Սարգիս Չոլոյանը պաշտոնազրկվել էր, քանի որ չէր կատարել  կառավարության պահանջը՝ ստորագրել «Գոյի»  և  Սունդուկյանի անվան թատրոնի միավորման փաստաթուղթը:

Back to top button