ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Սերենադ խատուտիկով» կամ չորս ու կես ժամ հնչող դասական երաժշտության «ճաշկերույթ»

Մանսուրյանական այս հնչյունները լսում ենք առաջին անգամ։ Թեև կոմպոզիտորն այս մեղեդին դեռ 4 տասնամյակ առաջ է գրել, բայց խոստովանում է՝ մոռացել էր դրա մասին։ Ջութակի վաստակավոր պրոֆեսոր Մովսես Պողոսյանի, կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի ձեռամբ այս ու այլ մեղեդիներ նոր շունչ են ստացել ու զետեղվել նույն ձայներիզի մեջ։ Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարևորում է ինչպես արդեն հայտնի կոմպոզիտորների, այնպես էլ ժամանակաից նոր ստեղծագործողների երաժշտության տարածումը։

«Իմ գործերից մի քանիսը ևս կան այստեղ, մասնավորաբար, այն գործերը, որոնք հայ պոեզիայի հետ են միաձուլված, ես կարևորում եմ իմ աշխատանքի մեջ հայ դասական պոեզիա-հայ երաժշտություն կապը, և սա նկատի է առնված այս CD-ների մեջ, նաև մի գործ, որ տարիներ առաջ ես գրել եմ, բայց շատ վաղուց և ես մոռացել էի, առհասարակ մոռացված մի գործ էր, որ Մովսեսը հայտնաբերեց, այսինքն՝ վերածնունդ ապրեց»։

Ձայներիզում զետեղված են Մանսուրյանի «Տատանումներ» և «Կապույտ լճի վրա» ստեղծագործությունները։ Առաջինը գրել է, երբ տատանվում ու փլուզվում էր Խորհրդային Միությունը, երկրորդը բանաստեղծ Եղիշե Չարենցի համանուն ստեղծագործության մեղեդին է։

«Serenade with a Dandelion»՝ «Սերենադ խատուտիկով» խորագրով նախաձեռնողները ներկայացրին հայ կամերային երաժշտության նոր ձայներիզները, որտեղ հնչում են Կոմիտասից ու Ռոմանոս Մելիքյանից մինչև Վաչե Շարաֆյանի, Մարտին Ուլիխանյանի ու Արթուր Ավանեսովի ստեղծագործությունները։ Վերջինը նաև մասնակցել է մեղեդիների հավաքագրմանն ու մշակմանը․

«Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը, որը ունի Հայ երաժշտության ամբիոն, մի էսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ արդեն որերորդ տարին է ձայնագրել հայկական կամերային երաժշտություն, ընդ որում ՝ տարբեր շրջանների, նորագույն և պատմական ստեղծագործություններ, այս չորս CD-ների հավաքածուն «Modulation necklace» նախագծի հերթական շարունակությունն է, առաջին նախնական բացող CD-ին ձայնագրվեց դեռ կորոնավիրուսից առաջ, ենթադրվում էր, որ հաջորդ տարի շարունակաբար պետք է նոր դեսկեր ձայնագրված լինեին, բայց, իհարկե, հասկանալի պատճառներով ընդհատվեց այս գործընթացը, և ահա անցյալ տարի մայիսին ամբողջացավ այս չորս CD-ների ձայնագրությունը»։

Մովսես Պողոսյանը

Ձայներիզն արդեն հասանելի է առցանց հարթակներում։ Մովսես Պողոսյանն ասում է՝ առաջին ձայներիզը ներառում էր հինգ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Այժմ չորս ձայներիզներով ներկայացված են 12 կոմպոզիտորների գործեր, որոնք հնչում են 4 ու կես ժամ․

«Փորձում ենք մեծ, կարելի է ասել, «երաժշտական ճաշկերույթ» ստեղծել։ Այն ճաշերը, որ բոլորը սիրում են և բոլորը գիտեն, կան, բայց նորություններ էլ բերենք, որը գիտենք , որ բարձր որակի է։ Ունենք Կոմիտաս և Ռոմանոս Մելիքյան, հայտնի անուններ, բայց ունենք նոր գրված գործեր, ոմանք որոշ պատվերներ են՝ Կալիֆոռնիայի համալսարանից»։

Նախագծի հեղինակներն ասում են, որ այս գործը շարունակելու են ևս 2-3 տարի։ Լույս կտեսնեն ևս չորս ձայներիզներ, որոնցից մեկն ամբողջությամբ նվիրված կլինի Կոմիտասի սան, փարիզաբնակ կոմպոզիտոր Գոհարիկ Ղազարոսյանին, որի մասին շատ քիչ բան գիտի հայ ունկնդրողը, մյուսը ՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանին։ Կծնվեն նաև նոր ստեղծագործություններ՝ Կալիֆոռնիայի համալսարանի Հայ երաժշտության ամբիոնի պատվերով։

Back to top button