ԿարևորՀասարակություն

Միսաք Մանուշյանի հիշատակը ոգեկոչող միջոցառում՝ Փարիզի Օկտավ Գրեարի անվան քոլեջում

Մարտի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ներկա է եղել Փարիզի 8-րդ թաղամասի՝ Օկտավ Գրեարի անվան քոլեջում անցկացված միջոցառմանը՝ նվիրված Միսաք Մանուշյանի հիշատակին։

Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու կապակցությամբ կազմակերպված այս միջոցառման ընթացքում քոլեջի սաները մեծ հուզմունքով են ներկայացրել Միսաք Մանուշյանի կյանքն ու գործունեությունը՝ հանդես գալով իրենց իսկ պատրաստած ելույթներով, ընթերցեցին նրա վերջին նամակն՝ ուղղված կնոջը՝ Մելինեին, կատարել են Լուի Արագոնի և Լեո Ֆերրեի «Կարմիր Պաստառ», Շառլ Ազնավուրի «Նրանք ընկան», ինչպես նաև «Պարտիզանների երգը» ստեղծագործությունները։

Միջոցառման սրահում ցուցադրվել են Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների կյանքին ու գործունեությանը նվիրված 30-ից ավելի ցուցապաստառներ, որոնց թվում նաև պաստառ՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը։ Պաստառները պատրաստվել են Դիմադրության շարժման ազգային թանգարանի կողմից՝ ֆրանսիական դպրոցներում շրջիկ ցուցադրության ձևաչափով Դիմադրության շարժման պատմությունը ներկայացնելու համար։

Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել դպրոցի տնօրեն Ալեքսանդր Կարոնին, ուսուցիչներին և աշակերտներին անչափ հուզիչ միջոցառման և գեղեցիկ կատարումների համար։

Դեսպանն ընդգծել է, որ հանուն Ֆրանսիայի ազատագրության մղած իր անձնուրաց պայքարի ու բացառիկ սխրանքի, մարդկային բարձր հատկանիշների և համամարդկային արժեքներին իր անսահման նվիրվածության շնորհիվ՝ Միսաք Մանուշյանը դարձել է նաև հայ-ֆրանսիական անխախտ բարեկամության և երկու ժողովուրդների զինակցության պայքարի կարևոր խորհրդանիշ, և հուզմունքով արձանագրել, որ ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի զավակը շարունակում է մեծապես ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։

Back to top button