ԿարևորՔաղաքական

Ժողովրդի համար իրավիճակը «թուր-թվանքային» է, իշխանության համար՝ վճռված․ փորձագետ

Խաղաղության այն գործընթացը, որ այսօր ընթանում է, լեգիտիմ չէ, քանի որ պարունակում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտումներ, ասում են փորձագետներն, անդրադառնալով ադրբեջանական կողմի սպառնալիքներին, որոնք դատապարտել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Եվրոպացի դիվանագետին ի պատասխան, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Տավուշի գյուղերը տարածքային վեճի առարկա չեն։

Հայկական կողմի մտահոգիչ խոսույթն է պատճառը ադրբեջանական դիրքերի ամրապնդման, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արա Պողոսյանը, պարզաբանելով  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ձևակերպումներին Բաքվի արձագանքը։

«Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են», X-ում գրել է եվրոպացի դիվանագետը։

Կլաարը հատկապես շեշտել է․ «Սահմանազատման գործում իրական բանակցություններ են հարկավոր, և տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և համաձայնեցված գործընթացի շրջանակներում»։

Սրան ի պատասխան, Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հաջիզադեն այսպես է արձագանքել՝ «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։

Քաղաքագետ Արա Պողոսյան․ «Ադրբեջանական կողմի դիրքերը նաև ամրապնդվեցին այն իմաստով, որ ՀՀ վարչապետը անառարկելիորեն պնդեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը չի զիջվելու, իսկ այն ինչ ՀՀ տարածքից դուրս է, ՀՀ չէ, նկատի ունենալով այս չորս գյուղերը, որոնց մասին խոսվում է հիմա։ Հետևաբար, ադրբեջանական կողմը իր հերթին պնդում է, որ «նշված գյուղերը տարածքային վեճի առարկա չեն կարող լինել», քանի որ ՀՀ իշխանությունները արդեն դրանք ճանաչել  են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»։

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում անդրադառնալով ադրբեջանական կողմի այդ ձևակերպմանը, պարզաբանում է, որ նման հայտարարություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ընդունի և հիմնվի Խորհրդային Միության քարտեզի վրա․ «Բայց քանի որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են, հետևաբար տարածքային վեճի առարկա չեն»։

Եվ սա այն դեպքում, երբ դեռ որոշված էլ չէ, թե որ քարտեզներով է սահմանազատում արվելու՝ Մարուքյանին լրացնում է Արա Պողոսյանը, հարցնելով՝ արդյո՞ք այն քարտեզները, որ դրվելու են  սեղանին, նախատեսում են Տավուշի այդ գյուղերը Ադրբեջանի կազմում։

«Քանի որ չկա կոնկրետ քարտեզ, որով հռչակված է, որ պետք է արվի սահմանազատում, բնականաբար թյուրիմացություն է միանգամից հռչակել, որ այս կամ այն տարածքը պատկանում է Ադրբեջանին»։

Բանն այն է, որ ադրբեջանական կողմի պահանջած 4 գյուղերն, ըստ վարչապետի, Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի տարածք չեն համարվում։

Իսկ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի  հայտարարությունը նաև վերաբերում էր ադրբեջանական կողմից պատերազմական սպառնալիքների վտանգավորությանը, ինչը քաղաքագետի համոզմամբ չպետք է անտեսվի միջազգային հանության կողմից, քանի որ դրանք մի կողմից սադրում, մյուս կողմից՝ տագնապ են հարուցում պատերազմի անխուսափելիության հարցում․

«Տրամաբանական է, որ Տոյվո Կլաարը, ԵՄ և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է սրան ուշադրություն դարձնեին, հատկապես ՀՀ վարաչապետի այն հայտարարության ֆոնին, որ եթե գյուղերը չհանձնենք Ադրբեջանը մինչև շաբաթվա վերջ կռվով է այդ գյուղերը վերցնելու։ Այս խոսույթը ևս մտահոգիչ է, քանի որ ցանկացած խաղաղության գործընթաց իր մեջ պետք է բացառի ուժի կիրառումը, կամ ուժի կիրառման սպառնալիքը»։

Սա ըստ Արա Պողոսյանի, նշանակում է, որ խաղաղության այն գործընթացը, որ այսօր ընթանում է՝ լեգիտիմ չէ, քանի որ պարունակում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտումներ, որոնցից հատկապես քաղաքագետը առանձնացնում է ուժի կիրառման բացառման սկզբունքը։

Տավուշի գյուղերը ադրբեջանական համարելու գործընթացը դարձրել է անդառնալի, համոզված է փորձագետը։

«Այս փուլում պատերազմի հավանականությունը շատ բարձր չեմ գնահատում, հաշվի առնելով, որ նաև Արևմուտքում այս պահին կա շահագրգռվածություն, որպեսզի ռազմական բախումներ չլինեն»։

Սա սակայն չի նշանակում, որ լոկալ բախումները բացառվում են։ Ադրբեջանական կողմը կարող է լոկալ բախումների միջոցով հայկական կողմին նահանջ պարտադրել, քանի որ, ըստ փորձագետի՝ «ժողովրդի համար իրավիճակը թուր-թվանքային է, իշխանության համար՝ վճռված»։

Հունական «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության, խաղաղության, Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրներին, խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հյուսիս-հարավ, և արևելք-արևմուտք թևերի մասին, նշել է, որ պաշտպանական ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ, այլ նպատակ ունի զարգացնելու  Հայաստանի պաշտպանական կարողությունները, որպեսզի ապահովվի երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունն և սահմանների ամրությունը։

Back to top button