ԿարևորՀասարակությունՄշակույթՌեպորտաժներ

Պատմական ու մշակութային ճշմարտությունը կխոսի․ Հայաստանի ազգային արխիվը 100 տարեկան է

Պատմության խոսուն վկաները շուտով կխոսեն ճշմարտության լեզվով։ Ազգային արխիվը 100 տարում դարձել է 4 ու կես միլիոն փաստթղթերի, վկայությունների պահոցը։ Ամենայն ճշմարտությունն ապացուցելու համար դրանք ցանկացած պահի ցուցադրվելու, ուսումնասիրվելու և վկայակոչվելու են։  «Արխիվներ՝  մարդկության հիշողությունը» միջազգային գիտաժողովի ընթացքում մի այդպիսի իրադարձության պայմանավորվածություն արդեն ունենք,  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ քննարկվել են Արցախի մշակութային ու ոչ մշակութային  ժառանգությունը, արխիվները  ներկայացնելու տարբերակները՝ ասում է Ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը․

«Մենք ներկայացնելու ենք ծրագիր՝ Արցախի արխիվների հետ կապված, որպեսզի կարողանանք պատմամշակութային արժեքներին ուղղված  միջոցառում իրականացնել։ Արցախի մասով, իհարկե,  փաստաթղթային մասով ոչ մի արխիվ չի տեղափոխվել Հայաստան, միայն Քաշաթաղի արխիվն է, որ տեղափոխվել է Հայաստան, դա մինչև 44-օրյա պատերազմն է եղել, այժմ գտնվում է Ազգային արխիվում,  մնացած մասով Ստեփանակերտի արխիվից դեռ ոչ մի փաստաթուղթ չի տեղափոխվել»։ 

Ազգային արխիվի 100-ամյակի կապակցությամբ  20 երկրների արխիվների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, hայաստանյան գիտական հաստատությունների ղեկավարներ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ երկու օր կներկայացնեն իրենց գիտական զեկույցները, կքննարկեն արխիվագիտության արդի հարցեր։ Հայաստանի ու Արցախի ամենաարդի հարցի՝ պատմամշակութային բռնազավթված կառույցների՝ Ադրբեջանի կողմից աղճատվելու դեմ պայքարի հնարավորությունը, փաստորեն, արխիվի մեծ պահուստներում է թաքնված.

«Մենք մեր պահուստներում ունենք բավականին հին փաստաթղթեր, և մենք պատրաստվում ենք, որպեսզի ցուցադրություններ կազմակերպենքք, Արցախին և մեր պատմությանը վերաբերելի ցուցադրություններ, որոնցով մենք կփաստենք  իրականությունը՝ ինչը որից հետո է»։

 Ստեփանյանաը հավաստիացնում է՝ կոնկրետ ու գործնական քայլերը հաջորդելու են իրար։ Մինչ այդ՝ «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը իր զեկույցով ներկայացնում է 19-20-րդ դարերի Արցախի մշակութային ու պատմական վիճակագրությունը․

«200-ից ավելի եկեղեցիներ  են գործել, 20-ից ավելի վանքեր, սպասավորել են 200-ից ավել հոգևորականներ, եղել են տասնյակներով ծխական դպրոցներ,  բնակավայրերի թիվը անցել է 200-ից, տարբեր փաստաղթեր վկայում են, որ ժամանակ է եղել, որ Արցախում ապրել են 199 հազար հայեր, այդ թվում՝ կա տեղեկություն պահպանված, որ միայն Շուշի քաղաքում ապրել են 20 հազար հայեր, ահա նման փաստաթղթերը, որոնք խիստ վավերական են և հավաստի տեղեկություններ են պարունակում, շրջանցել ուղղակի անհնար է»։ 

2020-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հատուկ որոշումներով ամրագրել է՝ որևէ ժողովրդի կամ կրոնի պատմամշակութային կոթողներն այդ երկրի իշխանությունը պետք է վերցնի պաշտպանության տակ, սակայն Ադրբեջանը վերջին տարիներին ճիշտ հակառակն է անում՝ ասում է Պողոսյանը։ Արդյունքում՝ հայկական հետքը ավերվում կամ վերագրվում է երրորդ՝ աղվանական կողմին․

«Իրենք որդեգրել են այլ քաղաքականություն, ինչը հնարավոր է հիմնահատակ ոչնչացնում, հավասարեցնում է հողին, իսկ ինչը որ չափազանց հայտնի է և միջազգային հնչեղություն ունեցող պատմամշակութային հուշակոթող է, այն չեն վերացնում, այն վերանորոգումների անվան ներքո ձևափոխում են և վերագրում երրորդ կողմին՝ այսինքն հակված են ավելի շատ աղվանականացնելու, իսկ ներկա փաստաթղթերը գալիս են ապացուցելու, որ Արցախի թեմում բոլոր ժամանակներում եղած և գործող հայ եկեղեցու նվիրապետական կողմը, տվյալ դեպքում՝ Արցախի թեմը եղել է ուղիղ և սերտ կապի մեջ Սբ․ Էջմիածնի հետ, և կառավարվել ու հսկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության կողմից»։ 

Գիտաժողովի արդյունքում նաև մշակվել են առաջարկություններ՝ արխիվային ոլորտում մշակութային քաղաքականության թարմացման համար։ 

Back to top button