ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երիտասարդ հուդայածառեր՝ ծեր թեղիների փոխարեն․ Թումանյանից բացի ևս 6 փողոցում շուրջ 1000 ծառ կփոխարինվի

Մայրաքաղաքի կենտրոնում արդեն երեք օր ծառեր են հատվում։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները հեռացնում են ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող ծառերը ու դրանց փոխարեն տնկում նորերը։ Քննադատություններին ու մեղադրանքներին ի պատասխան կառույցից արձագանքում են՝ հեռացվում ու փոխարինվում են բացառապես կենսունակությունը կորցրած ու հիվանդ ծառերը։

Քաղաքապետարանը նախատեսում է այս գործընթացն իրականացնել ևս մի քանի կենտրոնական փողոցներում։ Ընդհանուր առմամբ այս տարի մայրաքաղաքում կփոխարինվի կամ կտնկվի շուրջ 2000 ծառ։

Մայրաքաղաքի Թումանյան փողոցում  հատվելու է շուրջ 150 ծառ և տնկվելու է շուրջ 200-ը: Արդեն 3-րդ օրն է Երևանի կենտրոնում ծառեր են փոխարինվում. քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թեղիների փոխարեն Թումանյանի երկայնքով հուդայածառեր է տնկում: ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հեռացվող ծառերը կենսունակությունը կորցրած, հիվանդ ծառեր են։

«Դրանք այն ծառերն են, որոնցից բնակչությունը հաճախ բողոքում է, որ շիրա է թափվում, ժողովրդական լեզվով ասած՝ որդ ու բլոճ է թափվում, այսինքն՝ վնասատուներով պատված և կենսունակությունը կորցրած ծառերն են փոխվում։ Եղած ծառերը նորմալ նորմալ ստվեր էլ չեն ապահովում, ծակծկված, դեղնավուն տերևներ են, որոնք նորմալ ֆոտոսինթեզ էլ չեն իրականացնում»,-ասում է Բեգոյանը:

Երևանը հիմնականում կանաչապատվել է նախորդ դարի կեսերին, հենց այդ ժամանակ են մայրաքաղաք բերվել այսօր հատվող թեղիները։ Այս ծառերն արդեն ավելի քան 70 տարեկան են։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի կարծիքով՝ դրանք պատուհաս են դարձել Երևանի համար, դատարկ փտած բներ ունեն, հաճախ գրանցվում են նաև տապալման դեպքեր։

«Մենք էլ ենք ուզում եվրոպական քաղաքների նման ունենանք առողջ, կանաչ ֆոնդ, գեղեցիկ, միևնույն ծառատեսակներով, միանման սաղարթ ձևավորող ծառերով ձևավորված փողոցներ, ու հիմա անցել ենք այդ գործընթացին։ Որպեսզի չմանիպուլացնեն, շեշտեմ, որ խնդիրը միայն փողոցների գեղեցկությունը չէ, նաև բնակիչների անվտանգության խնդիր կա: 2023թ 200 տապալված ծառ ենք ունեցել, 20-30 մեքեաներ են վնասվել»,-մանրամասնում է ՀՈԱԿ-ի տնօրենը:

Թումանյան փողոցում տնկվում են մոտ 10 տարեկան հուդայածառեր։ Բեգոյանն ընդգծում է՝ դրանք արդեն պատրաստի ծառեր են և հենց այս տարի իրենց կանաչով աչքի կընկնեն։

«Այն հանված ծառերի սաղարթն այնքան վատն է որ այս նոր տնկված ծառերն ավելի մեծ օգուտ են տալու, քան հները»:

Հուդայածառերը շատ գեղեցիկ, բայց անհարմար ծառեր են Երևանի կենտրոնի համար՝ ասում է դենդրոլոգ Մեխակ Սայադյանը, պնդում՝ խոսքը պուրակային դեկորատիվ ծառերի մասին է, որոնք ստվեր չեն ստեղծում։  

«Դրանք շատ գեղեցիկ ծառեր են, ծաղկում են անմիջապես բնափայտի վրա, ծաղկելուց հետո են տերևակալում, բայց դրանք սաղարթ չունեն, կանաչ զանգված չեն ապահովում, չմեծացող ծառ է, շատ դանդաղ է աճում, տարիների ընթացքում բնի տրամագիծը հազիվ մի քանի սանտիմետրի հասնի, բայց շատ հարմարվող ծառեր են ցանկացած հողի հարմարվում են»,-մանրամասնում է մասնագետը։

Դենդրոլոգը Երևանի ծառերի մասսայական փոխարինման հետ համաձայն չէ, շեշտում է՝ գործընթացը պետք է փուլ առ փուլ արվեր, չի կարելի միանգամից հրաժարվել կանաչ ֆոնդն ապահովող ծառերից։ Եթե եղած ծառերը ժամանակին ինչպես հարկն է խնամվեին, այսօր մի քանի տասնյակ տարեկան ծառերը փոքր տնկիներով փոխարինելու կարիք չէր լինի՝ ասում է Սայադյանը։

«Երևանը շատ խիստ կլիմա ունի, հատկապես ամառվա շոգը։ Այստեղ դիմանում է սոսին, թեղին, կաղնին, հացին, դաշտային թխկին։ Սակուրան և մյուս դեկորատիվ ծառերը շատ նուրբ բույսեր են։ Բացի այդ, բացի ծառերից նաև թփեր պետք է տնկվեն։ Բայց ախր ես ինչ խորհուրդ էլ տամ, միևնույն է, իրենք չեն ընդունելու»։

Երևանի քաղաքապետարանը որոշումները կայացնում է մասնագետներից կազմված գիտական խորհրդի հետ համատեղ՝ վստահեցնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ Թե հեռացման ենթակա ծառերը, թե փոխարինվող ծառերը ընտրում են մասնագետները։ Այս տարի կփոխարինվեն մայրաքաղաքի 7 տարբեր փողոցների ծառերը։

«Բագրատունյաց փողոցում ծառերը սաֆորա տեսակի ծառերով են փոխարինվելու, Թումանյանում՝ հուդայածառերով, Ալեք Մանուկյանում՝ ալբիցիաներով և օճառածառերով, Սայաթ Նովայում՝ գնդաձև սոսիներով, Ուլնեցի փողոցում՝ դիակասերով և Մելիք Ադամյան փողոցում՝ գնդաձև կատալպաներով, այնտեղ ընտրել ենք միջին սաղարթ ձևավորող ծառ, որ կառավարության շենքը չփակվի»,-ասում է Բեգոյանը:

Քաղաքապետարանը մայրաքաղաքի ծառերը փոխարինելու գործընթացը սկսել է նախորդ տարի։ 2023-ին Երևանում 1000 ծառ է փոխարինվել կամ լրացվել, այս տարի նախատեսված է կրկնապատկել այս թիվը․շուրջ 1000 ծառ կփոխարինվի, ևս 1000-ը կլրացվի։

Back to top button