
Քաղաքական բոլոր ակցիաների ժամանակ հասարակության ուշադրությունը բաժանվում է երկու հավասար մասի՝ քաղաքական ակցիայի մասնակիցներ և այդ ակցիային արձագանքող ոստիկաններ։ Վերջին օրերին ոստիկանական գործողությունները կրկին ուշադրության կենտրոնում են․ մի կողմից՝ նրանց գործողությունների կոշտության կամ անհամաչափության, մյուս կողմից՝ նրանց դեմ իրականացվող սադրանքների համատեքստում։ Ինչպե՞ս է իրեն դրսևորում ոստիկանությունը, որի բարեփոխված լինելու մասին քննարկումները վերջին շրջանում հատկապես ակտուալ են։
«Տղերք, ոչ ոք չի վախենում ձեզնից»։
Ցուցարարների խումբն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բարձրախոսով խոսում է` դեմ-դիմաց կանգնած ոստիկանների խումբը առաջնորդողի հետ․
«Հանդարտվե՛ք, խաղա՛ղ հետ գնացեք էս ժողովրդին էլ մի՛ փորձեք ահաբեկել։ Էս տղաներին բերել եք ահասարսուռ տեսարան ստեղծելո՞ւ, դուք ահասարասուռ տեսարան ստեղծելու համա՞ր եք»։

Ոստիկանների խումբը առաջնորդողի թիկունքում բազմաթիվ կարմիր բերետների տեսարանն է։ Քանի՞ ոստիկան է, օրինակ, երեկ ուղեկցել ցուցարարներին՝ ՆԳՆ-ից պարզել չհաջողվեց։ Բայց պարզեցինք՝ այդ ոստիկանները, հենց երեկ 156 քաղաքացու են բերման ենթարկել- ազատ արձակել։
Տեսախցիկները միշտ չէ, որ ֆիքսում են դրան նախորդած զարգացումները, սակայն այն, ինչ տեսնում ենք, օրինաչափ ու իրավաչափ չէ՝ կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը․
«Առկա են և՛ ոչ իրավաչափ, և՛ անհամաչափ ուժի կիրառման փաստեր, այդ թվում ոչ միայն ցույցի մասնակից քաղաքացիների, այլև լրագրողների նկատմամբ։ Եթե կա ցույցի մասնակցի կամ լրագրողի կողմից գործողություն, որն ակնհայտորեն խոչընդոտում է ոստիկանության աշխատանքը, ապա դրա համար կան համապատասխան մոտեցումներ, այն է՝ միայն ա՛յդ մարդկանց կարելի է բերման ենթարկել, բայց առանձին անձանց նկատմամբ նման գործողություններ իրականացումը նույնպես չպետք է հանգեցնի մյուսների խաղաղ հավաքի ազատության իրավունքի սահմանափակմանը»,- ասում է Արթուր Սաքունցը։
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ կարծում է, որ ոստիկանների գործողությունների որակը պատ է, որ կանգնում է հասարակության ու իշխանության մեջտեղում։ Ընդ որում՝ որքան շատ են ոստիկանները, այնքան հաստ է այդ պատը․
«Իհարկե, կարող ենք դիտարկել այն, որ ոստիկանական այդ բազմությամբ քաղաքական ղեկավարությունը փորձում է իրավիճակի կառավարելիությունը առավելագույնս բարձր աստիճանի պահել, դա կարող է ունենալ նաև հակառակ էֆեկտ՝ հասարակության մեջ ավելի խորացնել անվստահությունը կառավարող համակարգի հանդեպ։ Եթե արանքում մեծ ներկայությամբ մտնում է ոստիկանությունը, ես չեմ կարծում, որ դա բարերար ազդեցություն է թողնում այդ երկխոսության ու հետագա մթնոլորտի վրա»։
Արթուր Սաքունցը մեծաքանակ ոստիկանների առկայությունը «Աչքը տեսածից է վախենում» տրամաբանության շրջանակում բնական, բայց չափազանցված է համարում․
«Հաշվի առնելով, օրինակ, նույն 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերվա այն իրադարձությունները, որ ուղղակի հարձակման ենթարկվեցին ԱԺ-ն, Կառավարությունը, այդ ժամանակ գոնե կադրերից երևում էր, որ ոստիկանական ուժեր ընդհանրապես չկային, թե՛ ազգային ժողովը, թե՛ կառավարության շենքը թողնված էր ինքնահոսի։ Բողոքի ցույցերին աջակցող քաղաքական ուժերի պահվածքը բավական վստահելի չեն։ Եվ էս առումներով գուցե շատ են վախեցած, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է հսկողությունից դուրս գալ։ Բայց, այնուամենյանիվ, պնդեմ, որ ոստիկանության ուժերի մեծ թիվը այն դեպքերում, երբ բողոքի ցույցի մասնակիցների թիվը անհամեմատ քիչ է, հանդիսանում է ուժի անհամաչափ կիրառման փաստ»։

Հակոբ Բադալյանն ասում է՝ ոստիկանների գործողությունները նկատելի կոշտ են։ Հայտնի չէ, թե ինչ կշիռ կկազմեն նման գործողությունները՝ շարժման ողջ ընթացքը դիտարկելու դեպքում․ ոստիկանների բռնի գործողությունների և նրանց նկատմամբ կիրառված սադրանքների մասին փաստող բոլոր դրվագները չեն, որ արձանագրված են հոլովակներում, բոլոր հոլովակները չեն, որ մշտադիտարկված են։ Սակայն հասարակությունը բարեփոխված ոստիկանությունից բարեփոխված վարքագիծ է ակնկալում․ Արթուր Սաքունց․
«Ես մի՛շտ վերապահում եմ ունեցել, որ ոստիկականան համակարգում հատվածային մոտեցումը չի հանգեցնելու ոստիկանության համակարգի բարեփոխմանը։ Կարմիր բերետավորների կամ տարբեր գույնի բերետավերների կոմղից է բիրտ ուժը կիրառվում և դրանք ոստիկանության այն ծառայություններն են, որոնց ընդհանրապես բարեփոխում ասվածը չի էլ դիպել։ Ուզում եմ ասել, որ չենք կարող խոսել ոստիկանական համակարգի բարեփոխման մասին, կարող ենք խոսել ընդամենը նրա մի կառույցի ներդրման մասին։ Խոսել բարեփոխման մասին ու էն տեսակետից մոտենալ, որ բարեփոխումը արդյուքն չի տվել, չի համապատսախանում իրականությանը, որովհետև, ի վերջո, ոստիկանական համակարգի բարեփոխում չի արվել»։
Արթուր Սաքունցի խոսքով՝ ոստիկանությունը հավաքներ կազմակերպող քաղաքացիների հետ վարվելու ձևը չի սովորել, նրանք գործում են «ինչպես միշտ» սկզբունքով, և դժվարեցնելու են իրենք իրենց ու ողջ հասարակության կյանքը, բացասաբար են ազդելու պետության իմիջի վրա և բացասական երանգ են տալու անգամ օրինաչափ գործողություններին, քանի դեռ վարքագիծ, մոտեցում ու մտածողություն չեն փոխել։
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի




