
Մայրաքաղաքի փողոցներում ծավալվող ակցիաներն այսօր նաև Երևանի քաղաքապետարան են հասել։ Ավագանու հերթական նիստի օրակարգը սպառելուց հետո, ավագանու ընդդիմադիր անդամները քաղաքական ակցիայով մոտեցել են ամբիոնին և հայտարարել, որ աջակցում են Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Ելույթից հետո ընդդիմադիրները դուրս են եկել դահլիճից, իսկ ավագանու իշխանական անդամները գրեթե մեկ ժամ առանց ընդդիմախոսների են բանավիճել։
Երևանի ավագանին հերթական նիստի օրակարգը սպառելուց հետո անցնում է օրվա քաղաքական թեմային։ Ավագանու ընդդիմադիր անդամները քաղաքային իշխանության գլխավոր ամբիոնից «Դեմ ենք միակողմանի զիջումներին» պաստառներով են հայտարարում, որ աջակցում են Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
« «Մայր Հայաստանը»՝ որպես մայրաքաղաքի ավագանիում ներկայացված և ժողովրդից առաջնային մանդատ ստացած ուժ, կոչ է անում Երևանի, ինչպես նաև Հայաստանի բոլոր քաղաքների ու գյուղերի ավագանու ընդդիմադիր ու իշխանական անդամներին՝ հստակ դիրքորոշում հայտնել Տավուշում և ընդհանրապես Հայաստանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Դեմ ենք սահմանազատման ու սահմանագծման անվան տակ և ուժի սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին»,– ասում է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Ընդդիմադիրները ելույթից հետո հեռանում են նիստերի դահլիճից։ Ավագանու իշխանական անդամները կիսադատարկ դահլիճում ու միայն համակիրների ներկայությամբ են հակադարձում դահլիճը լքած ընդդիմադիրներին։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է արտահերթ ելույթով հույս հայտնում, որ ընդդիմադիր գործընկերները գոնե ուղիղ հեռարձակմամբ կլսեն իրենց հակադարձումները։
«Հարգելի գործընկերներ, ձեր վերջին ու բոլոր շարժումների առաջին խնդիրը բովանդակության բացակայությունն է։ Դուք չունեք դիրքորոշում, դուք ունեք լոզունգներ, կենացներ, ականջահաճո հայտարարություններ։ Եթե դուք ուզում եք իշխանություն ստանձնեք, պատկերացնենք հրաշքով ստանձնեցիք, ու բանակցություններում ձեզ հարցնում են՝ ո՞րն է ձեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, նայելու եք մարդկանց դեմքին ու ասեք․ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»»։

Գրիգորյանից հետո քաղաքապետի մյուս տեղակալն է «Մայր Հայաստան» խմբակցության գործընկերներին մեղադրում կեղծիքի վրա հիմնվելու մեջ։ Փողոցում ձախողած շարժումը փորձում եք տեղափոխել ու հաջողել ավագանու նիստերի դահլիճում՝ պնդում է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
«Իհարկե, հասկանալի է ընդդիմադիր գործիչների վարքագիծը․ երբ մարդ հաջողություն չի ունենում, անընդհատ փորձում է ամեն ինչ օգտագործել, որպեսզի փորձեն ինչ որ չափով ուշադրություն գեներացնեն իրենց վրա։ Ժողովուրդ ջան, ձեր վարքագծով ոչ մեկ չի միանալու ձեզ, պայքարի միանում են միայն այն դեպքում, երբ մարդը հասկանում է այդ խնդրի բովանդակությունը, հասկանում է ամբողջությամբ՝ ինչի մասին է այդ պայքարը և հավատում է այդ պայքարի ղեկավարությանը՝ հարթակին կանգնած մարդկանցից սկսած»,– ասում է Փամբուխչյանը։
Բագրատ Սրբազանը եկեղեցու արդար ու ազնիվ սպասավոր է, իսկ Հայ առաքելական եկեղեցին գործում է պետականության ու ժողովրդի շահերից՝ պնդում է մայրաքաղաքի ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթաց»–ի անդամ Արամ Թորոսյանը։ Ըստ նրա՝ այն ինչ կատարվում է փողոցում, իշխանության նկատմամբ եղած դժգոհության արդյունք է։

« «Քաղաքացիական պայմանագրի» և իշխանության երկրորդ էշելոնի պաշտոնյաները խաբել են ժողովրդին, ու մայիսի 9-ի հանրահավաքը հենց ձեր դեմ էր․ մարդիկ, որ նաև մեր մասնակցությամբ են 2018–ին եկել են իշխանության, գեներացրել են զանգվածային, բազմահազարանոց օբյեկտիվ դժգոհություն, և երբ 2021-ին ասում էիք՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա», չասեցիք՝ այդ ինչ ապագա է, որ մի օր ձեռքս կտրեմ՝ հողը չեմ տա, հետո մյուս օրը կտա՞մ»։
Ավագանու «Հանրապետություն» խմբակցությունում դեմ են քաղաքային ամբիոնը քաղաքական բանավեճերին ծառայեցնելուն, բայց նաև քաղաքական դիրքորոշում են հայտնում՝ կանգնած են ու կանգնելու են պետության ու պետականության կողքին։ Արդեն վերջում նիստերի գրեթե դատարկ դահլիճում Երևանի ավագանու անդամների ուշադրությունը նորից քաղաքային խնդիրների վրա «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանն է հրավիրում։
«Կարծես շփոթվել եք, կարծում եք՝ Ազգային ժողովում եք․․․ Այս ի՞նչ թեմաներից եք խոսում․․․ սա քաղաքապետարանն է․․․ պետք է քաղաքային հարցերի մասին խոսենք»,– եզրափակում է Զարոկյանը։




