
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, նաև կայացել են հանրային լսումներ, երկրորդ ընթերցման է ներկայացվել արդեն լրամշակված նախագիծը:
Նախարարը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք իրականացվել են օրենսդրական փաթեթում, մասնավորապես, խմբագրվել են ինստիտուցիոնալ կամ ծրագրային հավատարմագրման հասկացությունները, որոնք նաև հնարավորություն կտան ամբողջությամբ հստակեցնելու հավատարմագրման քաղաքականությունը՝ հաշվի առնելով, որ այն նաև պետք է համադրելի լինի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը: Պատասխանելով հանձնաժողովի անդամներին հարցերին՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է, մասնավորապես, դպրոցների ապաքաղաքականացման և քաղաքական զսպվածության հարցի կարգավորմանը:
ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ ստացած տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 տոկոսն է կարծում, որ գործնական հմտությունները համապատասխանում են հետագա աշխատանքի պահանջներին, մինչդեռ կրթության ռազմավարությունում թիրախ է սահմանվել շրջանավարտների 90 տոկոսի զբաղվածության ապահովումը: Կառավարությունում համոզված են՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագծով իրավիճակն էապես կփոխվի, կձևավորվի աշխատաշուկայի և տնտեսության կարիքներին բավարարող որակյալ կրթություն, կբարելավվի կապը գործատուների և կրթության միջև, ինչպես նաև կբարձրանա շրջանավարտների զբաղվածությունը: Օրենսդրական փաթեթը, որը երկրորդ ընթերցմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց հանձնաժողովին, արդեն փոփոխված և լրամշակված տարբերակն էր։

«Կարևոր խմբագրական և բովանդակային փոփոխություններ են կատարվել , ու ֆինանսավորման ձևերի տարատեսակ միջոցների փոխարեն կրթաթոշակի նոր սահմանում է տրվել, որով ուսանողական նպաստի, ինչպես նաև ուսման վարձի փոխհատուցման և զեղչի տրամաբանությունն ամբողջությամբ դրվել է կրթաթոշակի նոր խմբագրված տրամաբանության մեջ»
Նախարարն ընդգծեց, որ թիրախային աշխատանք է տարվել նաև ներառականության համատեքստում՝ մասնագիտական կրթության առանձնահատկությունները հաշվի առնելով, և այդ ձևակերպումները նույնպես տեղ են գտել լրամշակված փաթեթում:
Ըստ նախարարի՝ որպես նախնական մասնագիտական կրթության որակավորման տարբերակ ներդրվել է «կրտսեր մասնագետը։ Դրանք այն մասնագետներն են, որոնք իրենց բնույթով արհեստավոր չեն դիտվում , օրինակ՝ պարեկը, բուժակը և այլն։ Հստակեցվել են մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները: Դրանք խմբավորվել են ըստ առաջնահերթությունների, իսկ ձևակերպումների համար հիմք է ընդունվել կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ Նախարարը վստահ է՝ օրենսդրական փոփոխությունը կօգնի վերացնել անհավասարությունները կրթության ոլորտում և ապահովել հավասար հասանելիություն մասնագիտական կրթության և ուսուցման բոլոր մակարդակներում, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար․
«ՄԿՈՒ-ն պետք է միտված լինի ոչ միայն անձի ներկայի, այլև ապագայի կարիքները սպասարկելուն։ ՄԿՈՒ կրթական ծրագրի իրականացման իրավունքի լիցենզավորման նախատեսված պահանջներում կատարվել են որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ մասնավոր ոլորտի առաջարկով հիմնական աշխատանքային պայմանագրով աշխատող մանկավարժական աշխատողների ընդհանուր թիվը նվազեցվել է առնվազն 30%-ի՝ նախկին 50-ի փոխարեն։ Սա հնարավորություն կտա մասնավոր ոլորտից ավելի մեծ թվով աշխատակազմ ներգրավել դասավանդման գործընթացում, որը հատկապես գործնական հմտությունների համար էական ազդեցություն կարող է ունենալ»։
Հստակեցվել են նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցման և հատկապես դուալ կրթության կարգավորումները: Հատկապես ուշադրություն է դարձվել առողջապահության, աշխատանքի անվտանգության հետ կապված դրույթներին։
«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 16-18 տարեկան անձանց առողջության, անվտանգության համապատասխան պայմանների և անհատական պաշտպանության միջոցների սահմանմանը, որպեսզի աշխատանքի վրա հիմնված ուսուցման շրջանակում չունենանք վտանգման որևէ ռիսկ: Օրենքի ընդունումից հետո մի շարք վտանգավոր համարվող մասնագիտությունների ցանկում կարվեն համապատասխան փոփոխություններ և կսահմանվեն մուտքային տարիքային համարժեք շեմեր»։
Վերանայվել են տնօրենի լիազորությունների, նշանակման, դադարեցման, հավաստագրի տրամադրման և կասեցման հիմքերն ու ժամկետները։ Ընդգծվել է շրջանակում տնօրենի պաշտոնավարման ընթացքում նրա քաղաքական զսպվածության պահանջը։
«Տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։ Այսպիսով՝ ամբողջացնում ենք այն երաշխիքները, որոնք պետք է օգնեն նաև համապատասխան հետևանքներ սահմանելով՝ համակարգը զերծ պահել նմանատիպ վարքից»։
Պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին՝ ԿԳՄՍ նախարարն անդրադարձավ, մասնավորապես, դպրոցների ապաքաղաքականացման և քաղաքական զսպվածության հարցի կարգավորմանը: Ըստ նրա՝ կառավարության պահանջը հստակ է ՝ տնօրենի պաշտոնի համար չի կարող դիմել մարդ, որը հանդիսանում է որևէ քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ահազանգերը անարձագանք չեն մնա, վստահեցրեց Ժաննա Անդրեասյանը։ Նախագծով նախատեսում է նաև համապատասխան պատժամիջոցի առկայության հնարավորություն՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատումը։




