ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողվի «հայկական» 20 րոպեն․ Կատակներ և ակնկալիքներ ԵՄ–ից

Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում քննարկումների առանձին հատված է այս տարի նվիրվել ՀՀ–ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունից։ Թեև թեման ժողովրդավարությունն էր, Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լայն շրջանակի՝ պատերազմից մինչև խաղաղության բանակցություններ։ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը 7 տարի առաջ ստեղծել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղարը։ Գագաթնաժողովի նպատակն է՝ հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ ժողովրդավարություն և ազատություններ հաստատելու համար։ Բացի գագաթնաժողովի օրակարգից, Դանիայի Թագավորությունում վարչապետ Փաշինյանն ունեցել է նաև առաձին հանդիպումներ։

Նիկոլ Փաշինյանը լավատեսական կատակով ավարտեց Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում Հայաստանին առնչվող քննարկումը։

Վարչապետն ասում է՝ կուզենար այս տարի Հայաստանը դառնար ԵՄ անդամ։ Այսպիսի կեսկատակ պատասխան տվեց, երբ քննարկման վարողը հետաքրքրվեց՝ եթե երազանք պահելու հնարավորություն ունենար, ո՞ր տարվա համար կուզեր, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնար։

Գագաթնաժողովին Հայաստանին հատկացվեց մոտ 20 րոպե ժամանակ։ «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը վարչապետ Փաշինյանը հանդես եկավ ելույթով, ինչից հետո պատասխանեց 4 հարցի, որ նախապատրաստել էր «Պոլիտիկո» ամսագրի խմբագիր Գորդոն Ռեպինսկին։ Հարցերը վերաբերում էին անվտանգային խնդիրներին, Հայաստան–Ռուսաստան հարաբերություններին, Հայաստանում կոռուպցիայի կանխարգելմանը և ԵՄ անդամակցելու՝ Հայաստանի վարչապետի երազանքին։

Հատկացված ժամանակում Փաշինյանը խոսեց տարբեր թեմաների մասին՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններից և դրա հիմքում ընկած փաստաթղթերից, սահմանազատման աշխատանքներից և խորհրդային տարիներին գոյություն ունեցող սահմանների վերարտադության աշխատանքներից, 2018–ի հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումից, Հայաստանի կառավարության կողմից ժողովրդավարությունը որպես ռազմավարություն որդեգրելուց։

Հայաստանի վարչապետի հիմնական ասելիքը, սակայն, հստակ է․ ժողովրդավարական բարեփոխումների հետ մեկտեղ Հայաստանը դիմակայել է արտաքին անվտանգության մարտահրավերներին: Սա ասելով, Փաշինյանը թվարկել է 44–օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածքներ 2021-2022 թվականներին և Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 200 քառակուսի կիլոմետրի օկուպացիան՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անտարբերության և անգործության պայմաններում։ Ըստ Հայաստանի վարչապետի՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի հարկադիր տեղահանումը Հայաստանի քաղաքացիների մոտ կասկածի տակ է դրել՝ արդյո՞ք ժողովրդավարությունը ճիշտ ընտրություն է, թե՞ գուցե ժողովրդավարությունը նշանակում է ավելի քիչ անվտանգություն։ Որպես պատասխան, Հայաստանի վարչապետը ակնկալում է, որ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր արդյունավետությունը անվտանգության, տնտեսական և հումանիտար մարտահրավերներին դիմակայելու հարցում: 

 Փաշինյանն ասում է, որ հույս ունի տեսնել՝ համաշխարհային ժողովրդավարությունը կանգնած է Հայաստանի կողքին՝ լուծելու բոլոր մարտահրավերները: Հուսով է, որ Հայաստանը կներառվի Եվրոպական խաղաղության մեխանիզմում, նաև՝ եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրերում, և որ այս առումով Երևանն ապավինում է ԵՄ անդամ երկրների աջակցությանը:

Այս հայտարարությունը ուշագրավ է մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցոծ զարգացումների տեսանկյունից։ Այդ ժամանակ տեղեկություն էր շրջանառվում, որ Բրյուսելում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստանին 10 միլիոն եվրո տրամադրելու մասին։

Գումարը պետք է հատկացվեր 2021 թվականին ստեղծված ԵՄ Խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է նպաստել աշխարհում խաղաղությանը, կանխել հակամարտությունները և կարիքավոր երկրներին մատակարարել ոչ մահաբեր զինատեսակներ։ Ապրիլի վերջին արդեն հայտնի դարձավ, որ Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում։ Այս հարցի հանգուցալուծումը դեռ հայտնի չէ։

Ադրբեջանի հետ տարբեր հարթակներում տարվող բանակցությունների, մասնավորապես, Պրահայից սկսված պայմանավորվածությունների մասին Փաշինյանը հայտարարեց

«Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն»։

Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի մասնակիցների ցանկը բավականին տպավորիչ է․ Կոսովոյի նախագահը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին ղեկավարը։ Աշխատանքների ընթացքում առանձին քննարկումներ նվիրվել են նաև Չինաստանի և Իրանի ժողովրդավարական խնդիրներին։

Գագաթնաժողովից դուրս Հայաստանի վարչապետը առանձին հանդիպումներ է ունեցել Դանիայի վարչապետի, խորհրդարանի խոսնակի և գագաթնաժողովի հիմնադիր, «Ռասմուսեն գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր, ՆԱՏՕ–ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Տարածաշրջանային զարգացումների, հաղորդուղիների ապաշրջափակման, անվտանգային մարտահրավերների, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ Ռասմուսենն ընդգծել է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը:

Կարդացեք նաև

Back to top button