ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարումը կդառնա Արցախի օկուպացիայի վերջին շտրիխը․ փորձագետ

Ադրբեջանի նախագահը ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Մալթայի արտգործնախարար Իեն Բորջին փոխանցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին իր վերապահումները և ուղիղ ձևակերպել պահանջը՝ կառույցը սպառել է իր մանդատն ու պետք է լուծարվի։ Ալիևը կարծում է, որ հայկական կողմն այդ հարցում ընդդիմանալու պատճառներ չունի։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնապես այս պնդմանը չի արձագանքել, սակայն փորձագետները համոզված են՝ կառույցը թեև դե ֆակտո չի գործում, բայց դրա՝ դե յուրե լուծարումը կդառնա Արցախի օկուպացիայի վերջին շտրիխը։ Իեն Բորջը Բաքու է մեկնել Երևանից։

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարում է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված գործընթացին, թեև բանակցային վերջին մանրամասներին չի տիրապետում։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հարցում շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Պետքարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ գործընթացում: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ թարմացումներ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»։

Գրեթե նույն տրամաբանության շրջանակում  է հայ-ադրբեջնական բանակցությունների մասին խոսում  տարածաշրջանային այցով Երևան ժամանած ու այստեղից Բաքու մեկնած ԵԱՀԿ գործող նախագահը։ Մալթայի արտգործնախարար Իեն Բորջը նշել էր, որ ԵԱՀԿ–ն պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին կայուն խաղաղության հասնելու հարցում, սակայն գիտի նաև, որ կողմերը նախընտրում են հարցերը երկկողմ ձևաչափով կարգավորել։

«Մենք կաջակցենք Հայաստանին ու Ադրբեջանին, որ կարողանանք համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրին հասնել։ Մենք տեղյակ ենք, որ երկու երկրներն էլ նախընտրում են հարցերը երկկողմանի հարթությունով լուծել, մենք աջակցում ենք դրան, որպես ԵԱՀԿ։ Մալթան ընկեր է երկու երկրներին, թե Հայաստանին և թե Ադրբեջանին»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը հստակեցնում է, որ սա այն է, ինչին ձգտում էր ադրբեջանական կողմը՝ երկկողմ, առանց միջնորդների բանակցությունների։

«Այն պահանջները, որ Ադրբեջանը կներկայացնի՝ Հայաստանը ստիպված կկատարի՝ առանց այս կամ այն միջնորդի վրա հույսը դնելով։ Այդպիսին էր Ադրբեջանի մարտավարությունը, որին նրանք աստիճանաբար եկան և հանգեցին մի հանգրվանի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը մնացին բանակցային սեղանի շուրջ միայնակ։ Ի դեպ, սա Ադրբեջանի համար այն միակ լուծումն էր, որ առանց հավելյալ երաշխիքների կարող է ստանալ ցանկացած պահանջի բավարարում, որը կներկայացնի Հայաստանի նկատմամբ»։

Չորս օր առաջ Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայացավ առանց միջնորդների։ Ղազախստանը հարթակ էր տրամադրել բանակցությունների համար՝ առանց միջնորդական հավակնությունների։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, սակայն, այլ տեսակետ ունի։ Կարծում է, որ որքան էլ հայտարարվի, թե Երևանն ու Բաքուն առանց միջնորդների որոշ հարցերում համաձայնություններ են ձեռք բերում, պետք չէ անտեսել այդ համաձայնությունների չերևացող կողմը։ Ըստ նրա՝ դրանց հիմքում միջնորդների հետ համաձայնեցված մոտեցումներն են։

«Որքան էլ խոսվում է առանց միջնորդների հանդիպման մասին, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ եթե նույնիսկ Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ բան են պայմանավորվում և իրականացնում, օրինակ, Տավուշում սահմանազատումը, մինչև այդ գերիների փոխանակումը տարեվերջին, միևնույն է, միջնորդների ներկայությունը նկատելի է։ Այնպես չէ, որ պետք է սեղանի շուրջ նստած լինեն այլ ուժեր, որ միջնորդությունը՝ որպես այդպիսին, համարվի կայացած։ Բոլորը խոսում են այն մասին, որ և Ադրբեջանը, և Հայաստանը ուղիղ շփումների միջոցով համաձայնությունների են հասնում, բայց այդ շփումների հիմքում այն պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել միջնորդների միջոցով, և միջնորդները վերահսկում են դրանցից  չշեղվելու գործընթացը»։

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ առանց միջնորդների բանակցելը նշանակում է բանակցել առանց երաշխիքների։

«Ֆունդամենտալ խնդիրն այն է, որ այս պայմանավորվածություններն Ադրբեջանի համար մեծ հաշվով արժեք չունեն, եթե ցանկացած պահի որոշի դրանք չեղյալ հայտարարել։  Այսինքն՝ չկա միջազգային մեխանիզմ, որով կառավարելի կլինի Ադրբեջանի վարքագիծը։ Այս մտահոգությունը  տեսնում ենք նաև Հայաստանի իշխանությունների խոսույթում, որ չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանի վարքագիծը կփոխվի դրական իմաստով»։

Բանակցությունները երկկողմ հարթություն տեղափոխելու ուղղությամբ ջանքեր գործադրող Ալիևը Երևանից Բաքու ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջին ասել է նաև, թե եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող բոլոր ինստիտուտները լուծարելու ժամանակը։ Ալիևի ձևակերպմամբ՝  հայկական կողմը որևէ պատճառ չունի դրան չհամաձայնելու։ Նույն պնդումը ԵԱՀԿ-ի գործող նախագահին փոխանցել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ «Մենք կարծում ենք, որ կարիք չկա պահպանելու այն ինստիտուտները, որոնց մանդատները սպառվել են»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Հայաստանի ԱԳՆ–ն այս պնդմանը պաշտոնապես դեռ չի արձագանքել, բայց փորձագետները համոզված են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մի քանի տասնամյակ միջնորդական առաքելություն իրականացրած կառույցը չպետք է լուծարվի։

«Իրականում, սա վերջին գործիքն է և վերջին հարթակն է, որում ինչ–որ ժամանակ հնարավոր կլինի քննարկել Արցախի հետագա ճակատագիրը։ Սա Ալիևի ու Բաքվի դաշնակիցների կողմից  ռազմավարական քայլ է, որով Արցախի հետ դիսկուրսի բոլոր հնարավոր հարթակները փորձում են  փակել, վերացնել, քանի որ վերջին հարթակը, որտեղ խնդրի շուրջ բանակցություններ են տարվել, և այն ունեցել է չափազանց բարձր լեգիտիմություն, դա հենց ՄԽ–ն էր»։

ԵԱՀԿ ՄԽ լուծարումը, «Ռադիոլուրի» զրուցակցի կարծիքով,  կդառնա Արցախի օկուպացիայի վերջին շտրիխը, որը պետք է թույլ չտալ։

Կարդացեք նաև

Back to top button