ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ԵՊՀ՝ մամուլի փաստերը ստուգելու, Ժուռնալիստների միություն՝ լրագրողներին շնորհակալություն հայտնելու․ օր 5-րդ

Երևանում Խաղաղ անհնազանդությունների 5-րդ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը սկսում է Մայր բուհ այցելությամբ։ Երեկ երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում մամուլից մի տեքստ է կարդացել, ըստ որի՝  ԵՊՀ ղեկավարությունը ուսանողներին զգուշացնում է բացակայությունների պատճառով կրթական ծրագրից դուրս մնալու վտանգի մասին։ Անձամբ չի տեսել ու լսել այդ բովանդակության մասին, դրա համար եկել է առաջին ձեռքից պարզելու՝ երեկոյան ընթերցած բովանդակությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Եթե ռեկտորատից ոչ մի ներկայացուցիչ չիջնի ներքև, կհամարեն, որ նախօրեի տեղեկությունը ճիշտ էր․

«Երեկ իմացանք, որ ռեկտորի տեղակալ Էլինա Ասրիյանը երեկ ինչ-որ դասախոսների է հավաքել, ինչ-որ բաներ ասել, ես արձանագրումներն  եմ ասում, ականատես չեմ եղել։ Ասելով, որ կապ չունի, նույնիսկ հազար ուսանող լինի, կհեռացնենք, նշանակեք բացականեր, կհեռացնենք, ես անկեղծորեն չեմ հավատում, որ այդպիսի բան ասել են, հիմա հրավիրում եմ ներքև»։

Արքեպիսկոպոսի միտքն ավարտելու պահին ԵՊՀ ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը կանգնած էր Գալսանյանի ու լրագրողների դիմաց․

«Ես շատ ուրախացվա, որ այստեղ եք, եկա դիմավորելու և հայտարարում եմ՝ երեկ որևէ հանդիպում որևէ դեկանի հետ տեղի չի ունեցել, այստեղ կան դեկաններ, որոնք կարող են դա հաստատել, հետևապես, որևէ նման հայտարարություն չի կարող լինել, ԵՊՀ-ն ուսանողակենտրոն կառույց է և այստեղ յուրաքանչյուր ուսանողի իրավունքը պաշտպանված է» ։

Ասրիյանն անկեղծորեն զարմացած է, որ չճշտված բովանդակությունը կարդացել է Բագրատ Սրբազանը, որովհետև ի՞նչ և ո՞վ է ասում հարցերի պատասխանների վերաբերյալ այլ պատկերացումներ ուներ, Սրբազանն ասում է՝ ոչ թե իր, այլ մամուլի խոսքերն էին,  եկել էր ճշմարտության հետևից, և եթե որևէ կերպ իր խոսքը նեղացրել է Ասրիյանին, ներողություն է խնդրում, ապա գնում Ժուռնալիստների միություն՝ հանդիպելու մամուլի ներկայացուցիչների հետ։

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը բակում դիմավորում է շարժման մասնակիցներին։ Գործընկերներին, Սրբազանին ու շարժման այլ ներկայացուցիչներին  հրավիրում ներս։ Սեյրանյանը նկատում է՝ նախորդ օրերին լրագրողների մասնակցությամբ մի քանի միջադեպեր են եղել, նախօրեին նրանցից մեկը կորցրել էր գիտակցությունը, հայտնվել հիվանդանոցում, այսօր էլ մեկ ուրիշին նախատեսված վայրով փողոցն անցնելիս  ոստիկանական մեքենան է հրել։ Չնայած ու այս ամենով հանդերձ՝ լրագրողերը շարունակում են օպերատիվ, պրոֆեսիոնալ ու հավաստի լուսաբանումը, ինչի համար Սրբազանը շնորհակալություն է հայտնում։

«Այս ամբողջ ընթացքում մնացել են իրենց բարձրության վրա, մի քիչ շատ են նեղացնում ինձ, նեղացնել ասելով՝ շատ հետաքրքրասեր են և փորձում են ժամանակից առաջ ընկնել։ բայց այդուհանդերձ իրենք ճանապարհը ճիշտ լուսաբանալեու ուղու վրա են»։

Օգտագործելով առիթը՝ լրագրողները հետաքրքրվում են՝ Սրբազանը պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից։ Այն սոսկ փաստաթուղթ  կամ անցաթուղթ է, ուրիշ ոչ մի արժեք չունի՝ ի պատասխան հայտարարում է Բագրատ Սրբազանը։

«Ամեն վայրկյան այն, ինչ կպահանջվի իմ սեփական երկրի ՝ ՀՀ-ին, Արցախի համար, ու կծառայի այդ նպատակին ես ոչ միայն  հրաժարվելու եմ պատրաստ, այլև ինքս ինձ հանձնելու այն նպատակին, որն այսօր անում եմ փողոցում»։

Հանդիպման ավարտից հետո երթի մասնակիցները մետրոյով Գ․ Նժդեհի անվան հրապարակ շարժվեցին։ Ճանապարհին ոմանք ողջունեցին, միացան երթին, ոմանք էլ հրաժարվեցին Սրբազանի հետ ձեռքսեղմումից։ Այսքանով արքեպիսկոպոսն ավարտեց օրվա քայլերթը։ Հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչների, անհատների հետ  հանդիպումներ ունի, դրանք կարևոր են շարժման հետագա ընթացքի, անելիքների հստակեցման համար։ Պահպանելով ավանդույթը՝ պայմանավորվեցին հանդիպել երեկոյան ժամը 19։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելու անցնող օրը և խոսելու առաջիկա անելիքներից։

Կարդացեք նաև

Back to top button